Քաղաքական

Հայաստանի անդամակցությունը ԵՏՄ- ին այլընտրանք չունի. իշխանությունն ու ընդդիմությունը համակարծիք են

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

ՀՀԿ խորհրդի ու գործադիր մարմնի նիստեր, Սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտություն, Սյունիքի նախկին  մարզպետի հնարավոր նշանակում,   Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցում. ՀՀԿ- ական պատգամավորներ  Սուքիաս Ավետիսյանն ու   Մանվել Բադեյանը, ՀԱԿ անդամ Գուրգեն Եղիազարյանն ու  ԲՀԿ- ական տնտեսագետ Վարդան  Բոստանջյանն այսօր այս թեմաների շուրջ են բանավիճել։ 

«Որևէ արտառոց բան տեղի չի ունեցել, խորհրդարանական յուրաքանչյուր նստաշրջանից առաջ հավաքվում և քննարկում ենք կարևորագույն հարցեր»,- երկու օր առաջ տեղի ունեցած ՀՀԿ գործադիր մարմնի ու դրան հաջորդած խորհրդի նիստերն այսպես է մեկնաբանում ՀՀԿ-ական պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը: Հիշեցնենք՝ սեպտեմբերի 6-ին կառավարության նիստերի դահլիճում տեղի ունեցավ ՀՀԿ-ի խորհրդի նիստը, որի ժամանակ հանրապետության նախագահը մի շարք շեշտադրումներ կատարեց պատգամավորների աշխատանքի , ներքին ու արտաքին քաղաքական զարգացումների, Սահմանադրական բարեփոխումների մասին։

ՀԱԿ անդամ Գուրգեն Եղիազարյանը փորձում է հասկանալ, թե Սահմանադրական բարեփոխումներով ինչն է բարեփոխվելու: Նրան պատասխանում է ՀՀԿ-ական պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը։ «Բարեփոխում ենք դատական համակարգը, բարեփոխում են, որ մարդակենտրոն Սահմանադրություն լինի»։

ՀԱԿ անդամի հարցը ՀՀԿ-ական պատգամավորին՝ մեր իրավունքները պաշտպանելու ձգտում ունե՞ք՝ 2008թ վերցրեցիք Երևանի կեսին դատեցիք, բա դրանք հիմա պատասխան չպիտի՞ տան, Ավետիսյանը հիշեցրեց, որ խոսքը բարեփոխումների մասին է։

Գուրգեն Եղիազարյանը նկատում է՝ կարող ենք ունենալ աշխարհի ամենալավ օրենքները, սակայն խնդիրը դրանց կիրառելու մեջ է: Գուրգեն Եղիազարյանի խոսքով՝ «բարեփոխումներ անելուց առաջ եկեք նայենք, թե մենք ինչ վիճակում ենք, պե՞տք է արդյոք այս վիճակը, այս հայաթափումը: Մի փոսի մեջ ենք հայտնվել, որտեղ մարդիկ երկրից փախչելով իրենց կաշին են փրկում»,- ասում է։ Սուքիաս Ավետիսյանի դիտարկմամբ էլ՝ «ուզում ենք փոսից դուրս գալ»։

Տնտեսագետ Վարդան Բոստանջյանը նույնպես կարծում է, որ Սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտություն այս պահին չկա։ Նրան էլ հակադարձում է ՀՀԿ-ական մեկ այլ պատգամավոր՝ Մանվել Բադեյանը. «Դեռ նախագիծն էլ չկա, որ դնենք քվերակենք։ Ասենք սա լավ է, սա՝ վատ: Ուղղություններն է տված, այդ թվում նաև ընդդիմությանը՝ ասում ենք տղերք, դուք էլ բերեք ձեր առաջարկները, երկրում նոր Սահմանադրության անհրաժեշտություն է ծագել; Այս երկրում մի բան սխալ է, ուզում ենք փոխել: Դուք էլ առաջարկեք»։ Վարդան Բոստանջյանն էլ հակադարձում է. «Ես ասում եմ, իշխեք, ինչքան որ ուզում եք, բայց մեզ պահեք , երկիրը պահեք։ Խոսքը դրա մասին է։ Սահմանադրության վրա մի հուզվեք, քիչ հանգստացեք, շատ աշխատեք»։

«Սահմանադրական փոփոխությունը մեզ և ձեզ պահելու կարևոր քյալերից մեկն է»,- պատասխանում է Մանվել Բադեյանը։ Նա հայտարարեց, որ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի՝ մարզպետի պաշտոնում կրկին վերադառնալու մասին լուրերը առայժմ ասեկոսեներ են, սակայն, նրա խոսքից պարզ դարձավ, որ ընդհանուր առմամբ, դեմ չեն, որ Խաչատրյանը վերադառնա: Հիշեցնենք, որ 2013թ հունիսի 2- ին Խաչատրյանի տան մոտ կրակոցներ էին հնչել, Գորիսի քաղաքապետ թեկնածու Ավետիք Բուդաղյանը մահացել էր, ևս երկու հոգի հրազենային վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդնոց: Վիրավորներից մեկը, ի դեպ, սպանվածի եղբայրն էր: Աղմկահարույց դեպքից հետո Սուրիկ Խաչատրյանը հրաժարական տվեց։ Կառավարության վերջին նիստի ժամանակ Խաչատրայանին փոխարինած Վահե Հակոբյանը ազատվեց մարզպետի պաշտոնից ու նշանակավեց ՀՀ կառավարությանն առընթեր ջրային պետական կոմիտեի նախագահ: Դրանից հետո կրկին ակտիվացան Սուրիկ Խաչատրյանի՝ հնարավոր վերադարձի մասին լուրերը։

Բանավիճող չորս գործիչներից երկուսի՝ ՀՀԿ- ական պատգամավորների հետ Գուրգեն Եղիազարյանն ու Վարդան Բոստանջյանը միայն մի հարցում էին համակարծիք՝ Հայաստանի որոշումն անդամակցել Եվրասիական տնտեսական միությանը ճիշտ էր, այլընտրանք չունեինք: Միայն թե դեռ պարզ չէ, արդյո՞ք հոկտեմբերի 10- ին Հայաստանը, ի վերջո, կստորագրի համաձայանգիրը, թե՝ ոչ: Մի բան հստակ է. եթե ստորագրի, ապա միայն լիիրավ ձայնի իրավունքով։ «Բանակցությունների ընթացքը ենթադրում է փոխադարձ համաձայնության հասնելու նպատակ։ Եթե դրան չեն հասնում, ապա հնարավոր է, որ չստորագրվի էլ»,- ասում է Մանվել Բադեյանը։

 

Ցուցադրել ավելի
Back to top button