Մշակույթ

«Հայաստանը խաղաղության խաչմերուկում» փառատոնը կհյուրընկալի լեհական խմբերի

Աիդա Ավետիսյան
«Ռադիոլուր»

Մշակույթի նախարարության աջակցությամբ «Տոնացույց» ժողովրդական թատրոնը սեպտեմբերի 11- 15-ը կանցկացնի «Հայաստանը խաղաղության խաչմերուկում» երրորդ միջազգային ազգագրական փառատոնը, որին այս տարի արտերկրից կմասնակցի լեհական պարի երկու խումբ: Նման փառատոնը հնարավորություն է ընձեռում երիտասարդներին ճանաչել մեկմեկու մշակույթը, գտնել ընդհանրություններն ու տարբերությունները: Ծրագրի շրջանակներում՝ լեհ հյուրերի համար կկազմակերպվեն էքսկուրսիաներ Հայաստանի տեսարժան վայրեր: 

Լեհական «Վիելկեպոլո» և «Զամատուլի» խմբերը Հայաստանը խաղաղության խաչմերուկումե երրորդ միջազգային փառատոնի շրջանակներում կլինեն մեր երկրում: Քաղաքային |Վիելկեպոլոյի» և գյուղական «Զամատուլիի» ընտրությունը հատուկ է կատարվել, ասում է «Տոնացույց» ժողովրդական թատրոնի գեղարվեստական ղեկավար Հասմիկ Բաղրամյանը։

Ովքեր ցանկանում են ծանոթանալ լեհերի իրական ոգուն, Լեհաստան այցի ժամանակ պետք է գնան Զամատուլի, նշում է Հասմիկ Բաղրամյանը և ընդգծում. այստեղ նույնիսկ կենցաղը պահպանված է այնպես, ինչպես եղել է հնում: Փառատոնի կազմակերպիչների նպատակն է լեհական ավանդույթները տարածելու և պահպանելու փորձը հասանելի դարձնել նաեւ Հայաստանում։

Ժողովրդական մշակույթը ներկայացնող ազգագրական պարերի փառատոնը, մշակույթի նախարարության մշակութային ժառանգության վարչության պետի տեղակալ Երանուհի Մարգարյանի խոսքով, կխթանի երգի ու պարի խմբերի զարգացմանը նամանավանդ համայնքներում, քանի որ ազգային մշակույթը կենդանի է հիմնականում գյուղական միջավայրում: Մշակութային երկխոսությունը հայկական երգն ու պարը աշխարհին ճանաչելի դարձնելու լավագույն հնարավորություններից է։ Իսկ այս փառատոնի միջոցով, ըստ նախարարության ներկայացուցչի, ուշադրության կենտրոնում են լինում ազգային մշակույթը պահպանողները։ «Ցանկություն ունեցանք մեր կատարողական արվեստը հենց համայնքերում էլ պահպանել և խրարխուսել կրողներին` ցույց տալ, որ նրանց կրած, պահպանած ժառանգությունն այսօր էլ հետաքրքիր է, կարևոր է։ Ուրբանիզացիոն գործընթացներին դիմակայել յուրովի ձեւ է»,- ասում է Երանուհի Մարգարյանը։

Այս տարի փառատոնը կլինի նորություններով լի: Բացման արարողությունը տեղի կունենա Բյուրականում, որտեղից հայկական և լեհական խմբերը տարազներով, պարկապզուկներով ու զուռնա դհոլով երթ կանցկացնեն, իսկ Բյուրականի Հովհաննես Թումանյանի անվան դպրոցի աշակերտները կներկայացնեն գյուղական մթերքներն ու ավանդական կերակուրները: Միջոցառումը շարունակություն կունենա Աշտարակում, այնուհետև Երևանում, իսկ փակման արարողությունը տեղի կունենա Ուջանում։

 

Ցուցադրել ավելի
Back to top button