ԿարևորՔաղաքական

Խորհրդարանական փոքրամասնությունն առաջարկում է բաց քննարկում սկսել արտագաղթի հիմնահարցի շուրջ (լրացված)

լրացվել է ժամը 18։26- ին

Լուսինե Վասիլյան
«Ռադիոլուր»

Գրանցված 127 պատգամավոր, հարյուրից ավելի օրակարգային հարց. 5-րդ գումարման խորհրդարանն այսօր սկսել է 6-րդ նստաշրջանի աշխատանքը: Պատգամավորները հաստատել են մեծ ու փոքր օրակարգերը: Սեպտեմբերի 8-11-ի քառօրյայի օրակարգում 125 օրինագիծ է և 25 միջազգային պայմանագիր: Իսկ առաջին հարցը, որի մասին խոսվել է առաջին նիստի ընթացքում, կրկին վերաբերել է հայ-թուրքական արձանագրություններին: Չխախտելով ձևավորված ավանդույթը՝  «Ժառանգություն» խմբակցության ներկայացուցիչ Զարուհի Փոստանջյանը ԱԺ նախագահից հերթական անգամ հետաքրքվել է, թե երբ են փաստաթղթերը հանվելու ԱԺ մեծ օրակարգից: Գալուստ Սահակյանը հարցը հռետորական է համարել՝ հիշեցնելով, որ բազմիցս տրվել է նույն պարզաբանումը ՝ խնդիրը հանրապետության նախագահի իրավասության շրջանակում է: Քառօրյայի մեկնարկին խորհրդարանական մեծամասնությանը նաև նոր առաջարկ է ուղղվել: Ոչ իշխանական ուժերն առաջարկել են քննարկում նախաձեռնել արտագաղթի հիմնահարցի շուրջ: 

Տասներկու կետերի հարցը դեռ չլուծած՝ ոչ իշխանական քառյակը նոր հարց է առաջադրում: Խորհրդարանական փոքրամասնությունը մեծամասնությանն առաջարկում է բաց քննարկում սկսել արտագաղթի հիմնահարցի շուրջ: ՀԱԿ-ն ամռան ամիսներին ուսումնասիրություն է արել, նյութեր նախապատրաստել և համոզված է, որ մտահոգվելու առիթ կա: Մտահոգությունը կիսում են նաև ոչ իշխանական մյուս ուժերը։ «Արտագաղթի հարցը խիստ ակտուալ է, հրատապ, ու սա միայն ընդդիմության կամ իշխանության խնդիրը չէ»,- ասում է ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը։

Նստաշրջանի առաջին քառօրյաի մեկնարկին ԱԺ նախագահին դիմելով ՝ նա առաջարկեց որևէ ձևաչափով՝ լսումների կամ մեկ այլ, արտագաղթի թեմային անդրադառնալու հնարավորություն ստեղծել։ «մեն ինչ կարելի է քննարկել, բայց էլ ինչ պետք է քննարկեք, եթե արդեն գնահատականներ եք տալիս: Հարցը հանձնաժողովների իրավասության շրջանակում է, լիազորուրթյունն իրենցն է: Հարցը նախապատրաստեք, կնայենք»,- ասաց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը։

Գարնանային նստաշրջանի ավարտին, հիշեցնեմ, քառյակը 12 կետից կազմված փաստաթուղթ ստորագրեց՝ պահանջների կատարման վերջնաժամկետ սահմանելով սեպտեմբերի 30-ը: Արտագաղթի թեման 12 կետերի մեջ ընդգրկված չէր: ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը չի կարծում, թե նոր ՝ 13-րդ հարցի առաջադրմամբ քառյակը շեղվում է իր իսկ կողմից ձևավորված օարակարգից։ «Նախ, կարծում եմ, որ դրանք փոխկապակցված թեմաներ են, այնպես չէ, որ այստեղ շեղում կա: Սա եղել է ՀԱԿ-ի առաջարկը, որ լսումներ կազմակերպվեն։ Դրան դեմ չենք ու չենք կարծում, թե այս հարցը 12 կետերի հետ կապ չունի»։

Իսկ 12 կետերի մասին վերջնական որոշում քառյակն առայժմ չունի: Ըստ ամենայնի՝ 4 ուժերը կսպասեն մինչև առաջադրված ժամկետի ավարտը և դրանից հետո կներկայացնեն իրենց քայլերն ու որոշումը: Բայց մինչ այդ՝ քառյակի նիստ հրավիրելու հնարավորությունը չի բացառվում։

Ի տարբերություն քառյակի՝ խորհրդարանական մեծամասնության համար առաջնայինը նիստ հրավիրել-չհրավիրելու հարցը չէ: Նախօրեին ՀՀԿ խորհուրդը նիստ արդեն հրավիրել է. հանրապետության նախագահը հանձնարարականներ է ուղղել կառավարությանն ու խորհրդարանական մեծամասնությանը: Սերժ Սարգսյանը, հիշեցնեմ, ելույթում կանգ էր առել բացակայությունների խնդրի վրա՝ նիստերից բացակայող պատգամավորներին համեմատելով խրամատը լքող զինվորի հետ:

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն այսօր լրագրողներին վստահեցրեց. խորհրդարանական մեծամասնությունը նախագահի հանձնարարականը կատարելու է. «Բնականաբար՝ այդ հանձնարարականները քննարկվեցին և ընդունվեցին: Կարծում եմ՝ որևէ զարմանալի բան չկա, ընդհակառակը՝ խրախոսելի է, որ հանրապետության նախագահի ուշադրության կենտրոնում այդ հարցերն են։ Խորհրդարանական մեծամասնությունը դրանից դասեր է քաղելու և հաշվի է առնելու»։

Ինչնէ՝ ըստ Շարմազանովի՝ ՀՀԿ-ն դրսևորել է հենց առաջին նիստի ժամանակ գրեթե 100 տոկոսանոց ներկայոսւթյուն ապահովելով: Աշնանային նստաշրջանի առաջին նիստը մեկնարկեց 127 պատգամավորի ներկայությամբ: Քառօրյայի հաստատված օրակարգում 125 օրենսդրական փաթեթ է և 23 միջազգային պայմանագիր։

 

Ցուցադրել ավելի
Back to top button