Քաղաքական

Այսօր սահմանին զոհվում են երիտասարդներ, ովքեր ծնվել են հրադադարի պայմանագրի ստորագրումից հետո. Թոմաս դե Վաալ

Լենա Բադեյան
«Ռադիոլուր»

Այսօր Հայաստանում է գտնվում ԱՄՆ փորձագետ, «Կարնեգի» հիմնադրամի փորձագետ Թոմաս դե Վաալը: Տարիներ շարունակ նա զբաղվում է ղարաբաղյան հակամարտության ուսումնասիրությամբ, նույնիսկ գիրք է հրատարակել, որի ռուսերեն տարբերակի շնորհանդեսը նույնպես տեղի ունեցավ այսօր: ԱՄՆ փորձագետը այսօր հնչեցրել է մի քանի առաջարկ, որոնք համոզված է ՝պետք է կիրառվեն բանակցություններում հաջողության հասնելու համար: Համոզված է նաեւ, որ բանակցություններ որպես այդպիսին այս վերջին շրջանում տեղի չեն ունենում: «Մեդիա Կենտրոնում» կազմակերպված քննարկմանը ինտերնետային կապով միացել էր եւ մասնակցում էր նաեւ Պատերազմի եւ խաղաղության լուսաբանման իսնտիտուտի Ադրբեջանի գրասենյակի ղեկավար Շահին Ռզաեւը:

Այն, ինչ տեղի ունեցավ հուլիս-օգոստոս ամիսներին ղարաբաղա-ադրբեջանական եւ հայ-ադրբեջանական սահմաններում պարզապես ուժի ցուցադրում էր, բայց օրինակ 5 տարի հետո իրատեսական է, որ նմանատիպ ուժի ցուցադրությունները վերածվեն նոր ռազմական հակամարտության: Համենայնդեպս` Ադրբեջանի հասարակությունը` ելնելով ռազմատենչ քաղաքականությունից եւ քարոզչությունից, այդ  քայլին պատրաստ կլինի: Սա ղարաբաղյան հակամարտության ամենաանցանկալի զարգացումներից է, որը հնարավոր է համարում Ղարաբաղյան հակամարտության ուսումնասիրությամբ զբաղվող ԱՄՆ փորձագետ, «Կարնեգի» հիմնադրամի վերլուծաբան Թոմաս դե Վաալը: Սահմանային միջադեպերի հետ կապված նա սարսափելի է համարում, որ այսօր արդրեն զոհվում են այն երիտասարդներն, ովքեր ծնվել են հրադադարի պայմանագրի ստորագրումից հետո, բայց ամբողջ կյանքն ըստ էության ապրեցին պատերազմի մեջ:

Տարիներ շարունակ հետեւելով բանակցային գործընթացին Թոմաս դե Վաալը այսօր հայտարարում է` կողմերը վերջապես պետք է անցնեն ավելի լուրջ աշխատանքի: Այն, ինչ այսօր տեղի է ունենում բանակցությունների համար անհրաժեշտ բոլոր արտաքին դրսեւորումներն ունի, բայց բանակցություններ որպես այդպիսին չկան` ռազմավարական կարեւորագույն հարցերը այդ հանդիպումների ընթացքում չեն քննարկվում, հայտարարում է «Կարնեգի» հիմնադրամի վերլուծաբանը` նկատի ունենալով, օրինակ` փոխզիջում ասվածը: Դատելով այն բանից, թե ինչ են Ադրբեջանում պատկերացնում փոխզիջում ասելով, կարելի է պնդել, որ խնդրի լուծմանը ոչ մի քայլ չենք էլ մոտեցել:

Պաշտոնական Ադրբեջանի համար ամենամեծ փոխզիջման գաղափարն ընկած է Մադրիդյան սկզբունքների հիմքում, ասում է Պատերազմի եւ խաղաղության լուսաբանման իսնտիտուտի Ադրբեջանի գրասենյակի ղեկավար Շահին Ռզաեւը: Դե ֆակտո անկախ պետություն, բայց դե յուրե Ադրբեջանի կազմում` 10-15 տարի հետո միայն Հանրաքվեի միջոցով Ղարաբաղի կարգավիճակը որոշելու հեռանկարով սկզբունքներն ամեն դեպքում նույնպես ընդունելի չեն Ադրբեջանի համար, ասում է ադրբեջանցի վերլուծաբանը` համոզված, որ հերթական անգամ փաստաթղթի ստորագրումից հրաժարվելու որեւէ պատրվակ կգտնի ադրբեջանական կողմը, ինչպես օրինակ` դա եղավ Կազանում: Ադրբեջանին ամենեւին ձեռտու չէ հակամարտությունը լուծել այս պահին, ասում է Շահին Ռզաեւը:

«Պատկերացրեք, վաղը Ղարաբաղի հայերը պահանջելու են իրենց իրավունքների ապահովում, ժողովրդավարական ընտրություններ, իսկ դա գլխացավանք է: Իրականում, այս պահին ոչ միայն ԱՄՆ եւ Եվրամիության, այլեւ հենց Ադրբեջանի ու Հայաստանի համար ղարաբաղյան հակամարտության լուծումը առաջնային հարցը չէ: Այդ պատճառով էլ չի լուծվում, այսօր հայտարարեց Շահին Ռզաեւը: Ի դեպ, նա ունի եւս մեկ համոզմունք, թե ինչու հակամարտությունը չի լուծվում»:

Ասում է. «Հակամարտության անլուծելիությունը` երկու նախագահների միջանցնձյա հարաբերությունների հետեւանքն է` Ալիեւն ու Սարգսյանն իրար չեն սիրում: Ես համոզված եմ, եթե իշխանության լինեին Հեյդար Ալիեւն ու Լեւոն Տեր Պետրոսյանը, հավանաբար խաղաղ կարգավորման փաստաթուղթը արդեն ստորագրված կլիներ»:

Խոսելով առաջիկա անելիքների մասին Թոմաս դե Վաալը նշում է. «Վստահության աստիճանն այնքան ցածր է, որ անհրաժեշտ է ընդլայնել մասնակից փորձագետների շրջանակը: Այսօր բոլոր կողմերից 2-3 մարդ է լրջորեն զբաղվում այս հարցով: Դա շատ քիչ է, հարցերն այքան բազմազան են, որ անհրաժեշտ է ինչպես 90-ական թվականներին` տարբեր խմբերն առանձին-առանձին անդրադարռնան դրանց` դա փախստականների իրավունքի հարցերն են, դա Լաչինի հարցն է, ավտնագության հարցերն են, ի վերջո ամենակարեւոը` Ղարաբաղի կարգավիճակի հարցն է. կարելի շատ երկար շարունակել»:

Այս պատճառով էլ Թոմաս դե Վաալը ողջունում է շվեյցարական կողմի առաջարկը` բանակցությունների կառուցվածքը փոխելու եւ հանդիպումները նախագահների հարթությունից բացի այլ հարթություն տեղափոխելու եւ ինտենսիվ դարձնելու մասին: ԱՄՆ փարձագետ, «Կարնեգի» հիմնադրամի վերլուծաբանը դեռ հույսեր ունի ապագա հանդիպումներից: Հնարավոր է համարում առաջիկայում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ Սարսգյան-Այլեւ հանդիպումը, նաեւ հանդիպում կարող է կազմակերպվել նաեւ Նյու-Յորքում ՄԱԿ-ի շրջանակներում, հոկտեմբերին հավանական է համարում Փարիզում հանդիպման կազմակերպումը Ֆրանսուա Օլանդի հրավերով: Բայց այս ամենը ձեւական հանդիպումներ են, քանի դեռ մանր հարցերը լուծված չեն, ասում է ամերիկացի վերլուծաբանը: Ի դեպ` «Սեւ այգի. Հայաստանը եւ Ադրբեջանը պատերազմի եւ խաղաղության միջեւ» իր հայտնի գրքում Թոմաս դե Վաալը ներկայացնում է մի դրվագ բանակցություններից.

«2006-ին Ռամբույեյում ֆարնսիացիներն այնքան վստահ էին, որ բանակցային գործընթացում վերջապես տեղաշարժ կլինի, որ մի քանի արկղ շամպայն էին պատրաստել, դրել էին սառնարան եւ սպասում էին, որ նախագահները դուրս կգան եւ կհայտարարեն, որ համաձայնվել են … բայց, ցավոք, նման բան տեղի չունեցավ»:

Ամերիկացի փորձագետը եւս մեկ առաջարկ ունի. Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները պետք է ունենան Ղարաբաղի հարցով հատուկ խորհրդականներ, որոնք էլ սերտորեն կզբաղվեն խնդրով եւ նախագահներից ավելի հաճախ կհանդիպեն:

Ցուցադրել ավելի
Back to top button