ԿարևորՎերլուծական

2008- ի այս օրը մեկնարկեց ֆուտբոլային դիվանագիտությունը

Լուսինե Վասիլյան
«Ռադիոլուր»

2008թ. այս օրը՝ սեպտեմբերի 6-ին, Հայաստանի ու Թուրքիայի պատմության մեջ տեղի ունեցավ ունեցավ աննախադեպ իրադարձություն․ Հայաստան ժամանեց Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը: Այս այցելությամբ սկսվեց «ֆուտբոլային դիվանագիտություն» անունը ստացած գործընթացը: Վեց տարի անց հայ-թուրքական հարաբերությունները բոլորովին այլ կետում են և նոր զարգացումների ակնկալիքն արդեն կապվում է նոր հարվերի հետ (նախագահ Սարգսյանը նախագահ Էրդողանին հրավիրել է 2015- ի ապրիլի 24- ին այցելել Երեւան)։

Եթե փորձենք վերհիշել ժամանակագրությունը, ապա ֆուտբոլային դիվանագիտություն ստացած գործընթացի նախամեկնարը տրվեց 2008թ. հունիսի 25-ին. Մոսկվայում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, հանդիպելով Ռուսաստանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ, հայտարարեց հայ-թուրքական հարաբերությունները խթանելու ուղղությամբ քայլեր ձեռնարկելու մտադրության մասին և Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլին հրավիրեց Երևան`դիտելու Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային հանդիպումը։ Հենց այս հայտարարությունն էլ հիմք դրեց «ֆուտբոլային դիվանագիտություն» անունը ստացած գործընթացին։

2008թ. հուլիսի 24-ին ուղարկվեց պաշտոնական հրավերը, իսկ ահա սեպտեմբերի 6 – ին Գյուլը ժամանեց Հայաստան: Երևանի «Հրազդան» մարզադաշտում կայացած խաղում Հայաստանի հավաքականը թեև պարտվեց 2։0 հաշվով, բայց գործընթացը շարունակվեց: 2009թ. ապրիլի 22-ին հայտարարվեց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման «ճանապարհային քարտեզի» մասին, իսկ 2009թ. օգոստոսի 31 –ին Հայաստանը և Թուրքիան նախաստորագրեցին, ապա նաև ստորագրեցին «Դիվանագիտական հարաբերությունների հաստատման» և «Երկկողմ հարաբերություների զարգացման մասին» արձանագրությունները:

2010թ. փետրվարին արձանագրություններն ուղարկվեցին Ազգային ժողով: Այդ ընթացքում թուրքական կողմից ավելի ու ավելի հաճախ սկսեցին հնչել հայտարարություններ , որոնք որպես նախապայման արձանագրությունների վավերացումը կապում էին Լեռնային Ղարաբաղի խնդրի հետ։

2010թ. ապրիլի 22-ին Հայաստանը որոշեց առկախել արձանագրությունների վավերացման գործընթացը: Դրանից մեկ տարի անց հայ-թուրքական արձանագրությունները դուրս եկան նաև Թուրքիայի խորհրդարանի օրակարգից՝ առկախելով ողջ գործընթացը: Փորձագետների մի մասի գնահատմամբ ՝ ֆուտբոլային դիվանագիտությունը հայ-թուրքական հարաբերությունները տարավ փակուղի, մյուս հատվածի կարծիքով ՝ օգնեց բարենպաստ վիճակում հայտնվել Հայաստանին՝ ի ցույց դնելով հարաբերությունների կարգավորման հարցում մեր երկրի պատրաստակամությունն ու Թուրքիայի ՝ նախապայմաններով առաջնորդվելու մոտեցումը։

Այսօր արդեն հայ-թուրքական հարաբերությունները բոլորովին այլ կետում են. Թուրքիայի նորընտիր նախագահ Ռեջեփ Էրդողանը պաշտոնական հրավեր է ստացել Սերժ Սարգսյանից ՝ 2015 թվականի ապրիլի 24-ին ներկա գտնվելու Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին: Քաղաքական գործիչներից ոմանք գործընթացն արդեն «ֆուտբոլային դիվանագիտություն 2» են որակել, իսկ փորձագիտական կարծիքները կրկին կիսվում են։

Թուրքագետ Հակոբ Չաքրյանն, օրինակ, կարծում է, որ 91-ից հետո Թուրքիայի հայկական քաղաքականությունն ընդհանրապես չի փոխվել. փոխվել են նախագահներն ու կառավարությունները, բայց նախապայմաններն ու քաղաքականության բովանդակությունը մնացել է նույնը: Եվ սա պարբերաբար ուղեկցվել է հայ-թուրքական սահմանի բացման մտադրության մասին հայտարարություններով։

Իսկ տեղածարժի կամ առաջընթացի համար, ըստ Չաքրյանի, անհարժեշտ է, որ Թուրքիան վերանայի Հայաստանի նկատմամբ իր քաղաքականությունը։

Ցուցադրել ավելի
Back to top button