ԿարևորՔաղաքական

ՆԱՏՕ- ի գագաթաժողով. քաղաքագետները տարբեր ազդակներ են տեսնում

Աիդա Ավետիսյան
«Ռադիոլուր»

Սեպտեմբերի 4- 5-ին Ուելսում կայացած ՆԱՏՕ-ի գագաթաժողովի արդյունքներով ընդունված հռչակագրում դաշինքն արձանագրում է, որ հավատարիմ է մնում Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի և Մոլդովայի տարածքային ամբողջականությանը, անկախությանը և ինքնիշխանությանն աջակցելուն: Քաղաքագետ Երվանդ Բոզոյանը հռչակագիրը համարել է միակողմանի, քանի որ այնտեղ խոսվում է տարածքային ամբողջականության պահպանման մասին, սակայն ոչ մի խոսք չկա ազգերի ինքնորոշման վերաբերյալ: «Միջազգային անվտանգության հարցերի ինստիտուտ» հասարակական կազմակերպության նախագահ Ստեփան Սաֆարյանն էլ նշում է, որ Բաքուն ՆԱՏՕ-ի գագաթաժողովից վերադարձել է ձեռնունայն, քանի որ Ադրբեջանի համար ԵԱՀԿ-ն այն կառույցն է, որը չի լուծում իր պետության խնդիրը, իսկ ՆԱՏՕ-ի գագաթաժողովում հայտարարվել է, որ Մինսկի խումբը միակ լեգիտիմ ձևաչափն է և այդտեղ պետք է լուծվի խնդիրը: 

ՆԱՏՕ-ի այս տարվա գագաթաժողովին Հայաստանի նախագահի մակարդակով մասնակցությունը Միջազգային անվտանգության հարցերի ինստիտուտի նախագահ Ստեփան Սաֆարյանը համարում է ճիշտ քայլ: Նման որոշման պատճառը նա համարում է տարածաշրջանում ստեղծված իրավիճակը: Գագաթաժողովը Հայաստանի համար կարևոր է քաղաքական դիրքորոշման առումով, ասում է Սաֆարյանը և նշում, որ այս տարվա գագաթաժողովը Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ տարբերվում է նախորդներից:

Եթե նախկինում գագաթաժողովները բավարավում էին տարածքային ամբողջականության սկզբունքը ճանաչելով, ապա այժմ հակամարտությունների կարգավորման համար պարտադիր են դարձել Հելսինկյան եզրափակիչ ակտն ու ՄԱԿ-ի կանոնադրության սկզբունքները։

ՆԱՏՕ-ն, առաջին անգամ թվարկելով Հելսինկյան եզրափակիչ ակտն ու ՄԱԿ-ի կանոնադրության բոլոր սկզբունքները, հակամարտությունների կարգավորման համար դրել է այդ հենքը, ընդ որում՝ դա դրել է բոլոր հակամարտությունների համար. ոչ միայն ղարաբաղյան, այլև հարավկովկասյան հակամարտությունների պարագայում ևս: Եվ կարևոր է, որ ՆԱՏՕ-ն Ադրբեջանին ուղարկում է Մինսկի ձևաչափ և պահանջում խնդիրը լուծել խաղաղ ճանապարհով, բանակցությունների միջոցով:

Ադրբեջանը ՆԱՏՕ-ի գագաթաժողովից, ըստ Ստեփան Սաֆարյանի, վերադարձել է ձեռնունայն: Ադրբեջանին զայրացնում է Մինսկի խումբը, որն իր ձեւաչափով չի լուծում խնդիրը, և միառժամանակ Սաֆարյանը հիշատակում է Թուրքիայի նախկին վարչապետ, ներկա նախագահ Ռեջեփ Թաիպ Էրդողանի այն հայտարարությունը՝ թե գոյություն ունի միայն ԵԱՀԿ –ի անունը: Իսկ ՆԱՏՕ-ն էլ մատնանշեց, որ Մինսկի խումբը միակ լեգիտիմ ձևաչափն է և այդտեղ պետք է լուծվի խնդիրը:

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հայտարարել էր, որ Ադրբեջանը պարտավոր է նախ կանոնավոր հանդիպումների միջոցով վերականգնել վստահության մթնոլորտը, այնուհետև սեփական հանրությանը նախապատրաստել խաղաղության գործընթացին: Նա պարտավոր է ձեռնարկել այլ քայլեր կողմերի միջև վստահության ամրապնդման առումով: Ալիևին և Սարգսյանին Քերին կոչ է արել հարգել հրադադարի պայմանագիրը: Սա նաև Ուելսյան հռչակագրում ամրագրված դրույթ է և նոր պահանջ երկու երկրների նախագահներին՝ ցուցաբերել քաղաքական հզոր կամք հակամարտության կարգավորմանը հասնելու համար:

ՆԱՏՕ-ի գագաթաժողովն այս խնդիրների լուծմանը չի պատրաստվում ներգրավվել, նշում է Ստեփան Սաֆարյանը և հիշում 2008 թվականի ռուս-վրացական պատերազմը, երբ այդ հարցում դաշինքը նույնպես լվացել էր ձեռքերը:

Իսկ քաղաքագետ Երվանդ Բոզոյանը կարծում է, որ ՆԱՏՕ-ի գագաթաժողովի շրջանակներում կայացած եռակող հանդիպումը ոչ այնքան Հայաստանի և Ադրբեջանի շահերից էր բխում, որքան Պուտինի քայլերին հավասարակշռելու փորձ էր: Օգոստոսին Հայաստանն ու Ադրբեջանը կանգնած էին պատերազմի նախաշեմին և հանրությունը քննարկում էր՝ արդյո՞ք կվերսկսվի պատերազմը, թե՞ ոչ: Այդ ընթացքում Սոչիում նախապատրաստվող Սարգսյան-Պուտին-Ալիև եռակողմ հանդիպմանը, ի տարբերություն Սարգսյան-Ալիև-Քերի հանդիպման, հասարակությունը սպասումների մեջ էր:

Սոչիում տեղի ունեցած հանդիպումը արմատապես փոխեց իրավիճակը, իսկ ՆԱՏՕ-ի գագաթաժողովի հանդիպումը արևմտյան երկրները կազմակերպեցին, որպեսզի Ռուսաստանը չհավաքի բոլոր դափնիները և արդյունքում հանդիպումը, քաղաքագետ Երվանդ Բոզոյանի գնահատմամբ, արհեստական բնույթ է կրում:«Եռակողմ հանդիպումը մերժել չէին ուզում ոչ Հայասատանը, ոչ էլ Ադրբեջանը: Մերժել կնշանակեր մտնեին Արևմուտք — Ռուսաստան հակամարտության գոտի, որը ձեռք չէր տալիս ոչ Հայաստանին, ոչ էլ Ադրբեջանին»:

ՆԱՏՕ-ում ընդունված հռչակագիրը քաղաքագետի կարծիքով, կրում է միակողմանի բնույթ, քանի որ հայտարարության մեջ նշվում է տարածքային ամբողջականության պահպանման սկզբունքը, սակայն խոսք չկա ազգերի ինքնորոշման վերաբերյալ: ՆԱՏՕ- ն փորձեց շրջանցել ԼՂ խնդիրը, ինչն էլ, Բոզոյանի ձևակերպմամբ, չի նպաստում տարածաջրջանում հավասարակշռության պահպանմանը:

 

Back to top button