Հասարակություն

Հայաստանի եզդիական համայնքը կարող է ընդունել Իրաքից 2000 եզդի փախստականների

Արտակ Բարսեղյան
«Ռադիոլուր»

Հյուսիսային Իրաքում գտնվող եզդիների ճակատագիրը մնում է մտահոգիչ: Հազարավոր մարդիկ հայտնվել են իսլամիստ ահաբեկիչների գերության մեջ ստրկական պայմաններում: Իրենց հայրենակիցների ներկա դրությանը այսօր անդրադարձել են Աշխարհի եզդիների միության նախագահ Ազիզ Թամոյանը և ՀՀ նախագահի աշխատակազմին կից ազգային փոքրամասնությունների ազգա- մշակութային կազմակերպությունների համակարգող խորհրդի եզդի ազգաբնակչության ներկայացուցիչ Սիաբանդ Բաքոյանը։

Իրաքի հյուսիսում դարեր շարունակ ապրող եզդիները հայտնվել են իրական ցեղասպանության վտանգի տակ: Իր ազգակիցների ճակատագիրը մտահոգում է Աշխարհի եզդիների միության նախագահ Ազիզ Թամոյանին։ Մոսուլ քաղաքում շուրջ 2300 ազգությամբ եզդի կին հայտնվել է արմատական իսլամ դավանող ահաբեկիչների ստրկական գերության ներքո: Մնացած բնակավայրերում եզդիների անվտագությունը նույնպես ապահով չէ:

Չնայած ինքնապաշտպական ուժերի առկայությանը, եզդիները ամեն օր ապրում են ահ ու սարասափի մեջ: Փախստականների մի մասը փրկություն է գտել պատերազմող Սիրիայում, իսկ Թուրքիան փակել է իր սահմանը Իրաքի հետ: Ազիզ Թամոյանն իր շնորհակալությունը հայտնեց ՀՀ իշխանություններին ցուցաբերվող աջակցության և միջազգային ասպարեզում առկա իրավիճակը բարձրաձայնելու համար: Հայաստանի ավելի քան 35 հազարանոց եզդիական համայնքը կարող է ընդունել շուրջ 2000 փախստականների Իրաքից, ասում է։

Ըստ ՀՀ նախագահի աշխատակազմին կից ազգային փոքրամասնությունների ազգա- մշակութային կազմակերպությունների համակարգող խորհրդի եզդի ազգաբնակչության ներկայացուցիչ Սիաբանդ Բաքոյանի՝ Իրաքի հյուսիսում և Հայաստանում բնակվող եզդիները թեպետ բարեկամ-հարազատ չեն, այնուամենայնիվ որպես մի ազգի ներկայացուցիչ ամուր կապեր են հաստատել:

Ցուցադրել ավելի
Back to top button