Քաղաքական

Հայաստանը մասնակցել է Արեւելյան գործընկերության երկրների ոչ պաշտոնական հանդիպմանը

Սեպտեմբերի 5-ին Ստոկհոլմում ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը մասնակցեց Արևելյան Գործընկերության երկրների փոխարտգործնախարարների ոչ-պաշտոնական հանդիպմանը, որը նախաձեռնվել էր Շվեդիայի արտաքին գործերի նախարարության կողմից։ Հանդիպման նպատակն էր քննարկել Արևելյան Գործընկերության ծրագրի շրջանակներում երկկողմ և բազմակողմ համագործակցության հարցերը Ռիգայի գագաթաժողովին ընդառաջ։ Առանձնակի ուշադրություն դարձվեց ԱլԳ ձևաչափով ծրագրերի բազմազանեցման հնարավոր ուղղություններին։

Քննարկումներում փոխնախարար Նազարյանը կարևորեց Հայաստանի` ԵՄ հետ հնարավոր բոլոր ոլորտներում համագործակցության շարունակականությունը՝ ուղղված ժողովրդավարության, մարդու իրավունքների և օրենքի գերակայության ամրապնդմանը, արդյունավետ կառավարմանը, դատաիրավական համակարգի կատարելագործմանը, կոռուպցիայի դեմ պայքարին և այլն: Միևնույն ժամանակ ընդգծվեց, որ ներկա իրողությունների համատեքստում կարևոր է քայլեր ձեռնարկել տարբեր ինտեգրացիոն գործընթացների միջև համագործակցության կամուրջ ձևավորելու ուղղությամբ:

Ստոկհոլմ այցի շրջանակներում ՀՀ ԱԳ փոխնախարար Կարեն Նազարյանը առանձին հանդիպում ունեցավ Շվեդիայի ԱԳՆ պետքարտուղար Ֆրանկ Բելֆրագեի հետ, որին մասնակցեցին նաև Շվեդիայի ԱԳՆ քաղաքական հարցերով գլխավոր տնօրեն Թուրբյորն Սուլսթրյոմը և Շվեդիայում ՀՀ դեսպան Արտակ Ապիտոնյանը։

Հանդիպման ընթացքում քննարկվեցին հայ-շվեդական հարաբերությունների օրակարգային խնդիրները, ինչպես նաև մտքեր փոխանակվեցին տարածաշրջանային և միջազգային զարգացումների վերաբերյալ։

Ցուցադրել ավելի
Back to top button