Քաղաքական

Ինչո՞վ առանձնացավ նախորդ նստաշրջանը. երկուշաբթի կմեկնարկի ԱԺ աշնանային նստաշրջանը

Լենա Բադեյան
«Ռադիոլուր»

Ամառային արձակուրդից հետո հաջորդ շաբաթ մեկնարկում է ԱԺ աշնանային նստաշրջանը: Խորհրդարանական ընդդիմությունն արդեն լրջորեն պատրաստվել է աշխատանքներին` պատրաստելով մի շարք նոր օրինագծեր, որոնց մի մասը նպատակ ունեն մեծացնել ընդդիմության դերակատարությունը եւ վերահսկողական հնարավորությունները: Այլ հարց, թե դրանք հետագայում կընդունվե՞ն, թե՞ ոչ: Նախագծերից մեկը, օրինակ, վերաբերում է աշխատանքային գրաֆիկին: Այսօր խորհրդարանը երկու շաբաթ հանգստանում է 3-րդ շաբաթը գումարում է քառօրյա նիստ: Ընդդիմադիրներն առաջարկելու են, որ հանգիստը տեւի մեկ շաբաթ, աշխատանքային շաբաթներն ավելանան, բայց աշխատանքը լինի եռօրյա: Հիմնավորում են, թե այս ձեւով աշխատանքը կլինի ավելի դինամիկ եւ արդյունավետ: Խնդիրն այն է, որ ներկայումս գործող ձեւի պատճառով անցած նստաշրջանի քննարկումից դուրս էր մնացել 160 օրենքի նախագիծ։

ԱԺ անցած նստաշրջանը յուրահատուկ էր նրանով, որ Հանրապետական խմբակցությունը մնաց միայնակ` այդպես նաեւ ստանձնելով պատասխանատվությունը: Այսպիսով` այսօր խորհրդարանում ներկայացված է 6 խմբակցություն, որոնցից մեկն իշխանական է, մնացածը` քիչ թե շատ ընդդիմադիր: Անցած նստաշրջանից հետո ընդդիմադի խմբակցությունների անդամները ոգեւորված էին` կարողացել են հասնել նրան, որ հարցեի ընդունման ժամանակ դժվար իրավիճակի մեջ են դնում 70 հոգանոց Հանրապետական խմբակցությանը: «Թերեւս առաջին նստաշրջանն էր, որտեղ քաղաքացիության նախաձեռնության եւ պառլամենտական համագործակցությունը տվեց րայդունք: Ես ՍԴ բողոքի եւ ստացված արդյունքի մասին եմ ասում: Հարկավոր է, որպեսզի սա զարգացվի եւ քաղաքական ուժերը կարողանան ակտիվ համագործակցության եզրեր պահել»,- ասում է դաշնակցական Արծվիկ Մինասյանը։

Ընդդիմադիրներն առաջիկայում շարունակելու են պահանջել վերահսկողական լծակներ: Համենայնդեպս` «Ժառանգություն» խմբակցությունը պատրաստում է «Խորհրդարանական ընդդիմության մասին» նախագիծ, ասում է խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը։

Ընդամենը 2.5 տարի խորհրդարանում աշխատող անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը ներսից ծանոթանալով ԱԺ աշխատանքին այսօր փաստում է՝ օրենսդիրը իշխանություններից ամենահարմարվողը եւ ունեցած ռեսուրսներից ամենաաղքատն է։

Քաղաքական ուժերի մի մասը կարծում է, որ խորհրդարանն ավելի կշահի, եթե վերանա մեծամասնական ընտրակարգը, այսինքն` փողով, ծանոթով կամ այլ լծակով ընտրվող անհատների փոխարեն պատգամավոր դառնան միայն կուսակցական ցուցակով: Դաշնակցությունը այս գաղափարախոսության կողմնակիցն է եւ այօրվա խորհրդարանի որակից ելնելով որեւէ դրական աշխատանք չի ակնկալում: «Ակնհայտ է,. որ Հայաստանի ներկա պառլամենտը չի կարող ապահովել պառլամենտարիզմի բացարձակ դրսեւորումները: Սկսած իր ֆունկցիաներից` ներկայացուցչական, օրենսդիր, վերահսկողական՝ ավարտված ընդունված փաստաթղթերի որակական համապատասխանությամբ»,- ասում է Արծվիկ Մինասյանը։

Իր գործընկերոջ հետ համամիտ չէ պատգամավոր Էդմոն Մարուքյանը։ «Եթե մածամասնականը վերացնի եւ այդ 41 մանդատը ավելացվի համամասնականի վրա, հնարավոր է ավելի վատ իրավիճակ ստեղծվի: Այդ նույն մարդիկ կրկին կընտրվեն` փողով, այլ լծակներով եւ կապը կկորի մարզերի հետ»,- ասում է Մարուքյանը։

Ի դեպ` խորհրդարանական ընդդիմությունը պատրաստվում է պայքարել նաեւ չաշխատող պատգամավորների դեմ: Ըստ parliamentmonitoring- ի ցուցանիշերի՝ ՀՀԿ 70 պատգամավորներից 36- ի եւ ԲՀԿ 36 պատգամավորներից 23- ի ձայնը խորհրդարանում ընտրողներն ընդհանրապես չեն լսել եւ չեն լսում: Այդ պատճառով էլ «Ժառանգություն»խմբակցությունն առաջարկելու է մի նախագիծ, որ խորհրդարանի կայքում ուղիղ հեռարձակվի նաեւ մշտական հանձնաժողովների նիստերը, որ հետագայում չաշխատողներին չարդարացնեն, թե նրանք ակտիվ աշխատում են հանձնաժողովներում:

Ցուցադրել ավելի
Back to top button