Տնտեսական

Թեթեւ արդյունաբերողները կառավարությունից ոչ թե հայտարարություններ, այլ գործեր են ակնկալում

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

Խնդիրներ՝ ներքին շուկայում, անորոշություն՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելիս: Հայաստանի ՀՀ թեթև արդյունաբերության գործատուների միության նախագահ Հովսեփ Պողոսյանին անհանգստացնող շատ հարցեր կան. տեղական շուկան հեղեղված է ստվերային տարբերակով ներկրված թուրքական ու չինական արտադրանքով, տարածքները՝ նույնպես զբաղված են, հարկերն ու վարկերի տոկոսադրույքները՝ բարձր: «15-30 հազար աշխատատեղ ստեղծելու հնարավորություն կա, իսկ պետության՝ արտագաղթի դեմ պայքարելու միակ միջոցը աշխատատեղեր ստեղծելն է»,- «Ռադիոլուրի» հետ զրույցում կարծիք է հայտնել Հովսեփ Պողոսյանը: Առայժմ, սակայն, նման տրամադրություններ նրանք չեն տեսնում։

Չինաստան և Թուրքիա. չնայած պատկան մարմնիների ջանքերին, հայկական շուկայում գերիշխող է հենց այս երկրների արտադրանքը : Անհերքելի է նաև, որ վերջին տարիներին հայ սպառողի վերաբերմունքը տեղական արտադրանքի նկատմամբ, փոխվել է: Սա նկատել է նաև ՀՀ թեթև արդյունաբերության գործատուների միության նախագահ Հովսեփ Պողոսյանը, ում հետ զրուցեցինք թեթև արդյունաբերական արտադրանքի, դրա ծավալների, առկա խնդիրների ու մարտահրավերների մասին:

«Թեթև արդյունաբերություն Հայաստանում կա», — ասում է Պողոսյանն ու մատնանշում «Պատրաստված է Հայաստանում» ցուցափեղկերով երկու խանութները մայրաքաղաքում, որտեղ բացառապես տեղական արտադրանք է ներկայացված: «Ուզում ենք, սակայն, որ ներքին շուկայում ավելի ներկայացված լինենք, ուզում ենք, որ մեր հնարավորությունները մեծացված լինեն, որպեսզի կարողանանք արտահանման հետ կապված հարցերը լուծենք», թվարկում է զրուցակիցս՝ միաժամանակ նկատեով, որ երկրար տարիներ մեր երկրում հատկապես տեղական թեթև արտադրությունը անտեսված էր, պարզապես գոյատևում էր:

Ներկրողներն էլ օգտվելով առիթից ՝ դաշտը լցրել են Թուրքիայից ու Չինաստանից բերված արտադրանքով: 2011-ից Հայաստանը սկսեց հատուկ ուշադրություն դարձնել տեղական արտադրանքին, և հենց այստեղ է, որ թեթև արդյունաբերողները բախվում են խնդրի հետ, անհավասար պայմաններում են հայտնվել։ «Տեսանք, որ հագուստի ու կոշիկի ոլորտում խանութները բաժանված են, տարածքները բաժանված են, մենք պետք է մտնենք և մեզ համար արևի տակ տեղ գտնենք։ Դա արդեն բարդ էր»,- ասում է Հովսեփ Պողոսյանը։

Ստեղծված իրավիճակը զրուցակիցս անկատար օրենսդրական դաշտով է բացատրում, ներկրողները գտել են տարբեր ձևեր, գիտեն, թե ինչպես շրջանցեն օրենսդրությունը, որպեսզի հայ սպառողին ավելի մատչելի ապրանք հասցնեն։ «Եթե օրենքով աշխատեին, մեր արտադրանքը պետք է որ ավելի էժան լիներ»։

«Հայկական շուկայում տեղական արտադրանքի վաճառքը մոտ ութ տոկոս է կազմում, ներմուծողները շուկայի 92 տոկոսը գրավել են, առանց պետության աջակցության մենք չենք կարող։ Մի խանութ ենք բացել, փորձում ենք ինչ- որ բան անել, նոր խանութներ բացելու հետ կապված խնդիրներ կան, արտադրողներն էլ շրջանառու միջոցների հետ կապված խնդիրներ ունեն»,- խոչընդոտների ցանկն է ներկայացնում Թեթև արդյունաբերողների գործատուների միության նախագահը։

«Եվ վարկերը, և տոկոսները շատ տխուր պայմաններով են այսօր մեզ տրվում: Կա տարբերակ, պետությունն ասում է , որ ՓՄՁ ԶԱԿ-ի միջոցով վարկեր վերցնենք: Ասում են 12 տոկոս է, մենք երեք տոկոսը սուբսիդավորում ենք, դառնում է 9 տոկոս: Բայց երբ մենք 9 տոկոսը հաշվում ենք, կարծես թե ընդհանուր շուկայականից ցածր է, բայց դա էլ է մեզ համար բարձր: Մենք այսօր 3-4 տոկոսով կկարողանանք շունչ քաշել և ավելի բարձր արտադրողականությամբ աշխատել»,- խոչընդոտները շարունակում է թվարկել զրուցակիցս։

Հայաստանի թեթև արդյունաբերողները 15-30 հազար աշխատատեղ ստեղծելու հնարավորություն ունեն, միայն աշխատատեղեր բացելով է հնարավոր արտագաղթը կանգնեցնել, կարծում է նա։ Առայժմ, սակայն, նման տրամադրությունների չի տեսնում։ «Առայժմ դեռ վերջնական եզրակացության չենք եկել, դեռ ընդհանուր տրամադրություններն այնպիսին չեն, որպեսզի մենք ասենք, որ ամեն ինչ լավ է, և մենք գնում ենք աշխատատեղեր ստեղծելու: Քանի որ և բյուրոկրատական քաշքշուկները կան, և չինովնիկների անհասկացողությունը կա այս բոլոր հարցերում, և կադրերի պատրաստման հարցում կան խնդիրներ, քանի որ արհեստագործական հաստատությունները անհասկանալի մասնագետներ են պատրաստում»։

Գործարարները կառավարությանն առաջարկ ունեն՝ հինգ տարով թեթև արդյունաբերողներին ազատել հարկերից, միայն այսպես նրանք կկարողանան ոտքի կանգնել։ Զրուցակիցս վստահեցնում է, որ հայկական արտադրանքը մրցունակ կլինի նաև ռուսական շուկայում և ոչ միայն, պարզապես նրան անորոշությունն է անհանգստացնում։ Ոչ մի հարց կոնկրետ պատասխան չունի: Ստվերային եղանակով ռուսական շուկան էլ է հեղեղված թուրքական արտադրանքով:

«Մենք Հայաստանում չենք կարողանում մեր ներկրողների դեմ պայքարել, ուր մնաց ՌԴ-ում կարողանանք մեր ապրանքի համար համապատասխան սեգմենտ ստեղծենք,թեև մերը և որակով, և գնով, և օրինական դաշտում աշխատելով շատ ավելի մատչելի է: Որակ-գին փոխհարաբերություններում մենք ավելի լավ դիքրերում ենք գտնվում»։

ՀՀ թեթև արդյունաբերության գործատուների միության նախագահը հորդորում է տեսական կոչերից գործնականի անցնել ու ամեն ինչ կարգավորել ոչ թե հայտարարություններով , այլ՝ կոնկերտ քայլերով:

Ցուցադրել ավելի
Back to top button