ԿարևորՔաղաքական

Օրենքների մեծ մասն ԱԺ- ն ընդունել է արտահերթ ռեժիմով

Լենա Բադեյան
«Ռադիոլուր»

«Մանդատ» ՀԿ- ն, խորհրդարանի աշնանային նստաշրջանի մեկնարկից առաջ, այսօր հրապարակել է 5- րդ գումարման ԱԺ 5- րդ նստաշրջանի գործունեության ուսումնասիրության եզրակացությունը, որը բավականին ուշագրավ փաստեր է արձանագրել ԱԺ «կյանքից»։ Օրինակ` անցած նստաշրջանի ընթացքում խորհրդարանն ընդունել է 143 օրենք, որից միայն 7 է եղել պատգամավորների նախաձեռնությունը, մնացածի հեղինակը եղել է կառավարությունը: Այդ հարաբերակցությունը նույնիսկ միջազգային չափանիշներով ընդունելի չէ:

Անցած նստաշրջանի ընթացքում Հայաստանի խորհրդարանը արձանագրել է մի քանի ռեկորդ, որոնցից մեկն օինակ` արտահերթ նիստերի քանակն է ու դրանց ընթացքում ընդունված օրենքների կարեւորությունը: Parliamentmonitoring ծրագրի առանձնացրած այս կետերը կարեւորում է նաեւ ԱԺ պատգամավոր, ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը։ «Օրենքների մեծ մասը` 77-ը (ընդունվել է. խմբ) հրատապ, «շըփ-թըփ» ռեժիմով, որպեսզի պատգամավորները չհասցնեին կարդալ, չհասցնեին գնահատական տալ, չհասցնեին մեկնաբանություններ տալ: Իսկ նրանցից 30- ը ուղղակի խայտառակություն է, որոնք մեծ օրենքներ են հիմնականում: Երեք ընթերցումներն անցել են նույնիսկ մեկ օրում, մեկ ժամում, մի քանի օրում: Այսինքն` այդ օրենքները բացարձակ փորձագիտական, մասնագիտական, իրավական վերլուծության խորհրդարանի կողմից չեն ենթարկվել»։

Այսպես է պատահել նաեւ վիճահարույց «Կենսաթոշակների մասին» օրենքի պարտադիր կուտակային բաղադիչի ընդունման դեպքում: Ըստ Արամ Մանուկյանի` «Մանդատ» ՀԿ արձանագրած թվերը պարզապես վիճակագրություն չէ, դրանց տակ կա նաեւ բովանդակություն, որը ձեւակերպում է մեկ նախադասությամբ՝ «օրենսդիրը գործադիրի կրունկի տակ է»: Սրան էլ եթե ավելացնենք փաստը, որ խորհրդարանում անցած նստաշրջանի ընթացքում ընդունված 143 օրենքից միայն 7-ի դեպքում են հեղինակները պատգամավորները, մնացած նախագծերը ներկայացրել է կառավարությունը, եզրակացությունը, ըստ parliamentmonitoring ծրագրի ղեկավար Լուսինե Վասիլյանի ստացվում է հետեւյալը. «Իրականում զեկույցում շատ թվեր կան եւ շատ տարբեր վերլուծություններ կան: Մենք ամբողջի մասին չենք կարող խոսել։ Յոթ օրենքները, որ ընդունվել են, դրանցից բոլորի հեղինակը Հանրապետական կուսակցությունն է կամ գոնե համահեղինակ է Հանրապետականը: Մենք հիշում ենք ԱԺ փոխնախագահի հայտարարությունը մեկ այլ առիթով արված, որ բոլոր ճանապարհները դեպի նախագահական նստավայր պետք է անցնեն Մելիք- Ադամյանով: Սրա մեկ այլ դրսեւորումը կա խորհրդարանում` օրենք ընդունելու, անցկացնելու բոլոր ճանապարհներն անցնում են Հանրապետական խմբակցությունով: Հակառակ դեպքում՝ կամ օրենքը մերժվում է նիստերի ընթացքում` լավագույն դեպքում, կամ օրակարգ ընդհանրապես չի ընդգրկվում»։

«Մանդատ» ՀԿ անդամներն արդեն զգացել են, որ իրենց կողմից կատարվող հասարակական վերահսկողությունը որոշ չափով զգոն է պահում նաեւ հենց պատգամավորներին: Նրանցից ոմանք, օրինակ` շատ ուշադիր հետեւում են իրենց ելույթների հրապարակմանն ու հաշվարկին, ու չնայած դրան 36 պատգամավոր ընդհանրապես ելույթ չի ունեցել, հարց չի տվել, հայտարարություն չի արել: Մի խոսքով՝ նրանք աշխատավարձ են ստանում լռելու համար:

Իրականացված ուսումնասիրության արդյունքում կարելի է նույնիսկ կազմել խորհրդարանի «ամենա-ամենաների» ցուցակը: Այդպես օրինակ` ամենաակտիվ պատգամավորը դաշնակցությունից Արծվիկ Մինասյանն է, ամենաակտիվ խմբակցությունը ՀԱԿ-ն է, ամենաշատ բացակայող պատգամավորը ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանն է, ամենաշատ կողմ քվեարկած պատգամնավորները հանրապետականներն են, դե իսկ ամենաշատ դեմ քվեարկած պատգամավորն էլ անցած նստաշրջանում Նիկոլ Փաշինյանն է:

Դաշնակցական պատգամավոր Արծվիկ Մինասյանը` կատարված աշխատանքի եզրակացությանը ծանոթանալուց հետո հույս հայտնեց, որ հետագայում parliamentmonitoring- ն արդեն կուսումնասիրի պատգամավորների ակտիվության արդյունավետությունը: Արդեն նկատելի է, որ պատգամավորներից շատերը ելույթներ են ունենում կամ հարց են հնչեցնում պարզապես իրենց անունը հնչեցնելու համար: Պատգամավոր Արամ Մանուկյանն էլ հավելում է, որ այս վերահսկողական աշխատանքն ու համապատասխան կայքը լավագույն տարբերակն է հանրությանը իրազեկ պահելու ու նաեւ որոշ ընտրողներին հարց ուղղելու. «Գո՞հ եք ձեր պատգամավորից»։

Ցուցադրել ավելի
Back to top button