Քաղաքական

Վերլուծաբան.«ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան փորձում է իր լոբբինգի միջոցով ապահովել Ադրբեջանի շահերի իրացումը ՆԱՏՕ-ի շրջանակներում»

Կարեն Ղազարյան
«Ռադիոլուր»

ՆԱՏՕ-ի գագաթաժողովը մեզ համար այս անգամ առանձնանում է նրանով, որ Հայաստանը դրան մասնակցում է նախագահի մակարդակով: Անդրադառնալով գագաթաժողովին` այսօր նկատել է «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ նախագահ, վերլուծաբան Կարեն Բեքարյանը: Նա հիշեցրել է, որ նախորդ երկու գագաթաժողովներին Հայաստանը նախագահի մակարդակով չի մասնակցել, իսկ պատճառների մասին այն ժամանակ բավականաչափ խոսվել է: Քաղաքագետն անդրադարձել է նաեւ գագաթաժողովում նախագահ Սերժ Սարգսյանի ելույթին:

Վերլուծաբան Կարեն Բեքարյանը հիշեցրեց, որ ՆԱՏՕ-ի նախորդ երկու գագաթաժողովներին Հայաստանը չմասնակցեց, քանի որ եզրափակիչ փաստաթղթում Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը թեկուզ անուղղակի առնչվող ձեւակերպումը Հայաստանի համար անընդունելի էր: Խոսքն այն մասին է, որ ՆԱՏՕ-ն իր եզրափակիչ փաստաթղթով ամրագրում էր սկզբունքներից միայն մեկի` տարածքային ամբողջականության սկզբունքի նկատմամբ կարեւորումը: Սա դիտվում էր որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի ներքո ընթացող բանակցությունների ձեւաչափի եւ բովանդակության որոշակի խախտում:

Ինչ վերաբերում է գագաթաժողովում Հայաստանի նախագահի ելույթին` վերլուծաբան Կարեն Բեքարյանը մի քանի էական հանգամանք առանձնացրեց: Մասնավորապես, որ շեշտադրվեց այն հանգամանքը, որ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան փորձում է իր լոբբինգի միջոցով ապահովել Ադրբեջանի շահերի իրացումը ՆԱՏՕ-ի շրջանակներում: Քաղաքագետը կարծում է, որ եթե այս անգամ նույնպես ՆԱՏՕ-ի փաստաթղթում տեղ գտնի նախորդ դոգմատիկ ձեւակերպումը, ապա այն կլինի նոր խրախուսանք Ադրբեջանին` իր պահվածքում դառնալու ավելի ցինիկ ու պրովոկացիոն: Այդ առումով, վերլուծաբանի գնահատմամբ, մեծ պատասխանատվություն եւ մեղավորություն է ընկնելու նման փաստաթուղթ ընդունողների վրա:

«Եթե փաստաթուղթը պիտի պարունակի այն նույն դոգմատիկ բնույթը, որը ունեցել է, այդ համատեքստում տեղի ունեցած հանդիպումն էլ կարժեզրկի, այդ հանդիպման ժամանակ Քերիի տված խոստումներն էլ»:

Վերլուծաբանը հույս ունի, սակայն վստահ չէ, որ Հայաստանի մոտեցումները կարձանագրվեն փաստաթղթում, քանի որ կա վտանգ այն առումով, որ շահերը սկսում են գերակայել արժեքներին:

Ցուցադրել ավելի
Back to top button