Հասարակություն

Համերգ-հանդիպման ողջ հասույթը կտրամադրվի «Հայ մայրեր» հիմնադրամի 150 շահառու փոքրիկներին

Ալիսա Գևորգյան
«Ռադիոլուր»

Երևանի «Ջամբո» էկզոտիկ պուրակ-ռեստորանում սեպտեմբերի 8-ին տեղի կունենա համերգ-հանդիպում ՝ մշակույթի ու քաղաքական գործիչների մասնակցությամբ: Կկազմակերպվի հանգնակություն, որի ողջ հասույթը կտրամադրվի «Հայ մայրեր» հիմնադրամի 150 շահառու փոքրիկներին: Միջոցառմանը ներկա կլինի նաև հանրապետության առաջին տիկին Ռիտա Սարգսյանը:

Առաջիկա երկուշաբթի օրը «Ջամբո» համալիրում կայանալիք միջոցառման նախաձեռնողը «Հայ մայրեր» հիմնադրամն է, որի նախագահ Նարինե Մանուկյանը մանկական ուղեղային կաթվածով հիվանդ երեխայի մայր է: «Մեր քաղաքում մոտ 61 հազար նման խնդիրներ ունեցող երեխաներ կան, որոնք օգնության կարիք ունեն: Մեզնից յուրաքանչյուրը պիտի հասկանա, որ իր լուման ներդնելով կարող ենք ունենալ ավելի բարի հասարակաություն»,-ասում է հիմնադրամի նախագահը:

Բարեգործական համերգ-հանդիպման կազմակերպման գաղափարի հեղինակը կոմպոզիտոր Արմեն Մարտիրոսյանն է, ով գաղափարի շուրջ համախմբել է մշակույթի բազմաթիվ գործիչների: «Համերգին տոմսեր չեն վաճառվի: Երգիչները հանդես կգան անվճար». Ըստ Մարտիրոսյանի միջոցառման գլխավոր ուղերձը բարոյականն է, խնդրի վրա մեր հասարակության ավելի մեծ ուշադրության սևեռումը:

«Մարդ ամեն բան կարող է սովորել և առաջին հերթին մարդուն պետք է սովորեցնել բարության»,-ասում է «Ջամբո» համալիրի տնօրեն Արտյոմ Վարդանյանը, ով, ինչպես ասում է, տարիներ առաջ նախաձեռնելով «Ջամբո» էկզոպարկի կառուցումը մեկ նպատակ ուներ՝ որպեսզի հայ երեխան զարգանա, առավել տեղեկացված լինի: «Բացի նրանից թե ում մեքենան ինչ համարներ ունի, երեխան պետք է իմանա, թե այս կամ այն երկրի մայրաքաղաքը որն է: Այդ ամենն իհարկե շատ կարևոր է, բայց ժանակի ընթացքում հասկացա, որ առաջնահերթ լուծման կարիք ունեցող խնդիրներ կան և դա հիվանդ երեխաների օգնության խնդիրն է»,-ասում է համալիրի տնօրենը:

Ցուցադրել ավելի
Back to top button