Տեսանկարահանող սարքերը փոխել են մարդկանց իրավագիտակցությունը


Ալիսա Գեւորգյան
«Ռադիոլուր»
Հանրապետության ոստիկանապետի հրահանգով՝ այսուհետ ամեն շաբաթ ԶԼՄ-ներրի ներկայացուցիչները կհանդիպեն ոստիկանության տարբեր պաշտոնյաների հետ՝ հանրությանը հուզող խնդիրները բարձրաձայնելու և դրանց վերաբերյալ ոլորտի պատասխանատուներից պարզաբանումներ ստանալու համար: Նման հանդիպում այսօր տեղի է ունեցել Ճանապարհային ոստիկանության ներկայացուցիչների հետ, ովքեր պարզաբանումներ են ներկայացրել տեսանկարահանող և լուսանկարահանող սարքերով հայտնաբերված իրավախախտումների մասին։
Ոստիկանության կողմից իրականացված մշտադիտարկման արդյունքներով զանգվածային լրատվամիջոցների ոլորտին առնչվող վերջին ամիսների հրապարակումների մեծ մասը վերաբերել են տեսանկարահանող և լուսանկարահանող սարքերով հայտնաբերված իրավախախտումներին, խախտումների արձանագրման կենտրոնի աշխատանքներին: Լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ Ճանապարհային ոստիկանության պատասխանատուների այսօրվա հանդիպումը պայմանավորված էր վերոնշյալով:
ՀՀ ՃՈ ծառայության վարչության պետի տեղակալ Արմեն Խաչատչյանը ներկայացրեց նախ վիճակագրությունը ճանապարհատրանսպորտային պատահարների վերաբերյալ։ «2014-ի սեպտեմբերի 3-ի դրությամբ՝ ՀՀ-ում հաշվառվել է զոհերով և վիրավորներով 2020 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետևանքով զոհվել է 192 մարդ, վիրավորվել 2913-ը: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պատահարների քանակն ավելացել է 221-ով, վիրավորներինը՝ 346-ով, իսկ զոհերի թիվը նվազել է 20-ով: Այստեղից հետևություն, որ ճանապարհային պատահարների հետևանքների ծանրության գործակիցը նվազել է»։
2012 թվականի հունվարից Հայաստանում սկսեցին կիրառվել տեսանկարահանող և լուսանկարահանող արագաչափ սարքերը: Դրանց արդյունավետության մասին խոսելիս՝ Արմեն Խաչատրյանը դարձյալ դիմում է վիճակագրությանը։ «2009 թ Երևան քաղաքում ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով զոհվել է 72 մարդ, 2010-ին՝ 81, 2011-ին ՝92 մարդ: Ակնհայտ է աճման դինամիկան: Արագաչափ սարքերը տեղադրելուց հետ 2012 թվականի Երևան քաղաքում ունեցանք 29 զոհ պակաս»։
Վերջին հինգ տարիների ընթացքում հանրապետությունում ավելացել է 132 հազար տրանսպորտային միջոց: Յուրաքանչյուր տարի դրանց թիվն ավելանում է մոտ 30 հազարով։ Ողջ աշխարհում այս թվերն աճման միտում ունեն, որով և պայմանավորված է ճանապարհատրանսպորտային պատահարների աճը: «Ոլորտի գերխնդիրն այդ պատահարների հետևանքների ծանրության գործակցի նվազեցումն է, ինչին և միտված են նպաստելու ոլորտում կիրառվող տեխնիկական սարքերը»,- ասում է Արմեն Խաչատրյանը:
Ոստիկանության պաշտոնյայի հավաստմամբ՝ տեսանկարահանող և լուսանկարահանող արագաչափ սարքերով երթևեկության վերահսկման գործընթացը էականորեն բարձրացրել է երթևեկության անվտանգության մակարդակը: Լրագրողների խնդրանքով ոլորտի պատասխանատուներն անդրադարձան վարորդների դժգոհություններին՝ մասնավորապես տուգանքների հետ կապված թյուրիմացությունների վերաբերյալ: Ըստ փոխոտիկանապետ Սամվել Հովհաննիսյանի՝ խնդիրները տեխնիկական են և առաջիկա տարիներին կստանան իրենց լուծումը:
Պաշտոնյայի հավաստմամբ՝ տեսանկարահանող սարքերի ներդրումից հետո քաղաքացիների իրավագիտակցությունը զգալիորեն բարձրացել է: «Քաղաքացին սկսել է կարդալ, ուսումնասդիրել իրավական դաշտը, որպեսզի կարողանա իրեն պաշտպանել»,- ասում է Սամվել Հովհաննիսյանը: Խնդիրներ և դժգոհություններ ունենալու դեպքում ոլորտի պատասխանատուները վարորդներին հորդորում են դիմել ՃՈ, նամակ ուղարկել ՀՀ ոստիկանության կամ ՃՈ կայքերի միջոցով: Վստահեցնում են՝ յուրաքանչյուր նամակի արձագանքում են։