ԿարևորՔաղաքական

ԽՍՀՄ- ում Արցախն առաջինը բարձրացրեց ազատության դրոշը, ասում են լիտվացի պատգամավորները

Լուսինե Ավանեսյան
«Ռադիոլուր»- Ստեփանակերտ

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման տոնակատարությունների օրերին Արցախում էին Լիտվայի Հանրապետության Սեյմասի Արցախի հետ բարեկամության խմբի անդամները` խմբի նախագահ Դալիա Կուոդիտեի գլխավորությամբ: Լիտվացի խոհրդարանականները հանդիպումներ են ունեցել ԼՂՀ նախագահ, Արցախի Ազգային ժողովում իրենց գործընկերների, նաև՝ ԼՂՀ արտգործնարարի հետ:

Լիտվա- Արցախ բարեկամության խմբի լիտվացի անդամներն առաջին անգամ են Արցախում: Ստեփանակերտում խմբի արցախցի անդամների հետ նրանք համագործակցության հարցերն են քննարկել: Խմբի ղեկավար Դալիա Կուոդիտեի կարծիքով՝ այդ համագործակցությունը կարող է լինել տարբեր ոլորտներում: Արցախցի գործընկերներին հրավիրելով Լիտվա՝ նա կարծում է, որ տեղում նրանք կկարողանան ծանոթանալ լիտվացի պատգամավորների աշխատանքին առողջապահության, ազգային անվտանգության, մարդու իրավունքների և այլ ոլորտում, ու այդ փորձը գուցե թե օգտակար կլինի Արցախի համար։

Դալիա Կուոդիտեն լրագրողների հետ ճեպազրույցում ասել է, որ անհանգստացած չէ Արցախի հանդեպ իրենց վերաբերմունքի պատճառով Ադրբեջանի դիրքորոշումից։ Դա Բաքվի խնդիրն է։ Ինչ վերաբերում իրենց դիրքորոշմանը, ապա այն արտահայտվեց Խմբի ստեղծմամբ:

ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի հետ հանդիպմանը լիտվացի խորհրդարանականն ասել է, որ բարեկամության խմբի ստեղծման ժամանակ իրենք առաջնորդվել են այն գաղափարով, որ Արցախն առաջինն է նախկին Խորհրդային Միությունում բարձրացրել ազատության դրոշը և Արցախի ձայնը պետք է այժմ էլ լսելի լինի միջազգային հանրության կողմից։

Լրագրողների հետ ճեպազրույցում Դալիա Կուոդիտեն լրացրեց. «Մենք իրատես ենք, չենք կարծում, որ այս կամ այն քայլը կարող է Արցախի քաղաքական հարցերը լուծել, բայց խոսել, լսել միմյանց և այնպես անել, որ Արցախի ձայնը լսելի լինի Լիտվայում՝ շատ կարևոր է»։

Այդ հարցում Լիտվա- Արցախ բարեկամութայն խմբի ղեկավարը կարևորում է արցախցի գործընկերների այցը Լիտվա, ինչպես նաև ստեղծվող համագործակցութայն մասին տեղեկատվության տարածումը լիտվական մամուլում: Նրա կարծիքով՝ կարևոր է նաև համագործակցությունը ԵԽԽՎ-ի հայկական պատվիարկության հետ, այդ ատյանում տարբեր հարցերի քննարկման ժամանակ: Դրանցից նա առանձնացրեց մարդու իրավունքների և ազգերի ինքնորոշման իրավունքին առնչվող հարցերը։

«Ինձ թվում է՝ պարզապես ցինիկ է խոսել տարածքային ամբողջականության մասին՝ անտեսելով ինքնորոշման իրավունքը: Իհարկե՝ եթե խոսում ես Սահարայի մասին, որտեղ մարդիկ չկան, դա կարելի է ընդունել, բայց եթե այդ երկու սկզբունքները խաչաձևում են, կամ հակադրվում, դա ճիշտ չէ: Սրա մասին պետք է խոսենք, և սա կարևոր հարցն է»,- Ստեփանակերտում ասաց Դալիա։

Արցախի լիտվացի բարեկամի կարծիքով՝ բոլոր երկրները իրենց աշխարաքաղաքական նպատակներն ունեն, և դա պետք է հաշվի առնել, բայց և պետք է սեփական ճշմարտությունը ապացուցել, սեփական տեսակետը լսելի դարձնել. Լեռնային Ղարաբաղին ոչ ոք չի կորող դա արգելել։

Ցուցադրել ավելի
Back to top button