Հասարակություն

Ինչու է ռազմական ոստիկանությունը հսկում ՄՀՀ տարածքը

Լենա Բադեյան
«Ռադիոլուր»

Դեպքերի զարգացումն ընթանում է այնպես, որ Մարզահամերգային համալիրի հետ կապված բոլոր դրվագներն առանձին-առանձին հայտնվելու են Եվրոպական դատարանում: Այսօր այս մասին հայտնել են ՄՀՀ ներկայացուցիչներ` հասարակայնության հետ կապերի եւ լրատվության պատասխանատու Կորյուն Գրիգորյանը եւ փաստաբան Արմինե Հակոբյանը: Վերջինն այսօր նշել է մի շարք միջազգային նորմերի, օրենքների եւ պայմանագրերի խախտում, որ արդեն տեղի է ունեցել:

7 կրկնաճուրդից հետո Համալիրն այսօր ԴԱՀԿ-ից հանձնվել է Պաշտպանության նախարարությանը, որն էլ այս պահին գույքագրում է իրականացնում շենքում: Սա այն դեպքում, երբ տարբեր ատյանների դատարաններում տարբեր դրվագներով հայցեր են ներկայացված, դատական գործերն ավարտված չեն, սնանկության կառավարիչ նշանակված չէ եւ կան բազմաթիվ այլ խախտումներ եւս: Օրինակ` Համալիրի շենքում է մնացել թվով 12 անհատներին եւ կազմակերպխություններին պատկանող գույքը, որը չի վերադարձվում Համալիրի հետ որեւէ կապ չունեցող անձանց: Այս ահազանգն այսօր հնչեցրել են ՄՀՀ հասարակայնության հետ կապերի եւ լրատվության պատասխանատու Կորյուն Գրիգորյանը եւ փաստաբան Արմինե Հակոբյանը:

«Ամենաառաջին օրը, երբ իրենք ներս մտան ՄՀՀ վտարման գործողությունն անելու համար, այդ օրը մենք խոսում էինք միմիայն աշխատողների սեփականության մասին, որ թոթղել էին իրենց աշխատասենյակներում: Կա նաեւ այլ գույք: Օրինակ` «Գոլդեն Գլոուբը», որ տեղակայված է ՄՀՀ-ում, վարձակալությամբ էր գործում:
— 10-ից ավելի կազմակեիպություն դիմեցին ՄՀՀ-ին, ես ԴԱՀԿ-ին դիմում են ներկայացրել, որպեսզի այդ ընկերությունների եւ անհատների գույքը հանձնվի, բայց ներկայումս չի հանձնվել որեւէ գույք:

Այս առիթով Համալիրի ներկայացուցիչները դիմել են նաեւ Գլխավոր դատախազություն, բայց պատասխանը ստացել են ավելի ցածր օղակից, թե ներկայացված խնդրում հանցակազմ չկա: Ամեն դեպքում, Համալիրի ներկայացուցիչները համոզված են, որ տեղի է ունենում ինչ որ մութ գործարք:

«Հստակեցումներ չկա, առանց մեզ մտել են ու սկսել գույքագրում անել ԴԱՀԿ-ն նույն ձեւի փոխանցում են ՊՆ-ին: Այսինքն` մի վիճակ է, որտեղ մեզանից հեռու, առանց մեզ տեղի է ունենում գործընթաց, եմքն տեղյակ չենք ինչ է կատարվում: Շատ խորը հիմքեր ունենք, որ ալան-թալան էլ է կատարվում: ՊՆ-ն , երբ եկավ ՄՀՀ թվում է, թե կողմնացույցի բացակայության պատճառով Բաքուն ՄՀՀ-ի հետ են շփոթել: ՊՆ-ն ներքաշված է գործընթացի մեջ միայն մի նպատակով, որ պրոցեսը տեղի ունենա փակ դռների հետեւում: Այսինքն` դատական ամբողջ գործընթացը չլուսաբանվի, չմեկնաբանվեն եւ այլն, եւ այլն: Սա է ամբողջ խնդիրը»:

Ի դեպ` Համալիրին հարակից տարածքը այսօր փակ է նաեւ շարքային քաղաքացիների համար, ինչը օրենքի եւ պայմանագրի եւս մեկ խախտում է, ասում է փաստաբան Արմինե Հակոբյանը:

«Այդ տարածքում կա հատկադիր սերվիտուտի պայմանագիր, որտեղ ցանկացած անձ` մենք, դուք, քաղաքացիները կարող են ազատ մուտք գործել: Նույնիսկ այդ ճանապարհն է փակ, եթե դուք բարձրանաք, կտեսնեք, որ մեքենայով հնարավոր չէ բարձրանալ: Իսկ նախկինում այնտեղ եղել է ավտոկայանատեղի, որտեղ մարդիկ կանգնեցնում էին իրենց մեքենաները, հեծանիվ էին քշում, զբոսնում էին: Հիմա դրանից եւս հասարակությունը զրկված է»:

Որքան էլ զարմանալի է, ճանապարհը փակած է ռազմական ոստիկանության կողմից:

«Այդ կետը միշտ կա եւ ամեն անգամ, երբ մոտենաք եւ հարցնեք ինչ են անում, նրանք ամեն օր նույն պատասխանը կտան` կամ մեքենան են լվանում, կամ սարքում ենք: ՄՀՀ_ն «խադավիկների» կետ չունի, ավտոլվացման ծառայություններ չենք մատուցել երվեւիցե: Բայց ռազմական ոստիկանության մեքենան այնտեղ միշտ կանգնած է»:

Համալիրի անձնակազմի անունից դատարաններ ներկայացվող հայցերի քննությունը եւս ձգձգվում է, ինչը նաեւ միջազգային նորմերի խախտում է, ասում է փաստաբանը, իսկ Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրի հասարակայնության հետ պատասխանատուն էլ այս առիթով հիշեց Կարեն Դեմիրճյանի հայտնի հումորներից մեկը:

«Դիմում է Բրեժնեւին, թե Հայաստանին անհրաժեշտ է նավատորմ: Պատկերացնում եք Բրեժնեւի դեմքի արտահայտությունը, ասում է. «դուք ծով չունեք»: Դեմիրճյանն էլ պատասխանում է. «Ադրբեջանը մշակույթ չունի, բայց Մշակույթի նախարարություն ունի»: Նույն տրամաբանությամբ ուզում եմ հասկանալ. Մենք չունենք արդարություն, ունենք Արդարադատության նախարարություն: Սա իսկապես մեզ փակուղի է մտցնում եւ երեւի թե ամբողջ թափով այս գործերը հատ-հատ գնալու է Եվրադատարան»:

Ցուցադրել ավելի
Back to top button