Քաղաքական

Էրդողան-Դավուդօղլու զույգից որեւէ լավ բան սպասել պետք չէ. թուրքագետ

Կարեն Ղազարյան
«Ռադիոլուր»

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ Թուրքիայում ձեւավորվեց 62-րդ կառավարությունը: Ինչ կարելի է սպասել Էրդողան-Դավուդօղլու զույգի կառավարությունից: Այս հարցի շուրջ թուրքագետների գնահատականներն է փորձել ի մի բերել մեր գործընկեր:

Թուրքագետ Արտակ Շաքարյանը համոզված է, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ Էրդողան-Դավուդօղլու զույգից որեւէ լավ բան սպասել պետք չէ: Թուրքագետ Հակոբ Չաքրյանը նույն հարցին անդրադառնալով նույնպես համոզմունք հայտնեց, որ Հայոց ցեղասպանության հարցով Թուրքիայի ժխտողական քաղաքականության մեջ որեւէ փոփոխություն ակնկալելն իմաստ չունի:

«Քանի որ Թուրքիան դեռ մտադրություն չունի ժխտողականությունից հրաժարվելու, հետեւաբար` Թուրքիայի նախագահները Հայաստան ապրիլի 24-ին չեն գա»:

Արտակ Շաքարյանի գնահատմամբ` իրականում Թուրքիայում որեւէ բան չի փոխվել, նրան ընդամենը առիթ է պետք` ոչ մահմեդական բնակչության հանդեպ բռնաճնշումներ սկսելու համար: «Այսինքն` այն քաղաքական գիծը, որ տարվում էր, այն շարունակվելու է, այն պահպանվելու է, եթե դրա վրա չազդեն արտաքին ուժերը: Այսինքն` եթե Սիրիայում, Իրաքում, Ռուսաստանի ճակատում էական փոփոխություններ տեղի չունենան»:

Մեկ այլ թուրքագետի` Ռուբեն Մելքոնյանի կարծիքով` Էրդողանի նախագահության շրջանում հայ-թուրքական հարաբերություններում պետք է պատրաստ լինել առավել կոշտ, ագրեսիվ ու անհանդուրժողական քաղաքականության:

Թուրքագետ Արտակ Շաքարյանը համոզմունք հայտնեց, որ հայ-թուրքական հարաբերությունների այն երեք նախապայմանը, որ հորինվել էին դեռեւս Էրդողանից առաջ, պահպանվելու են: «Հրաժարում Հայոց ցեղասպանության պահանջատիրությունից, Թուրքիայի սահմանների պաշտոնապես ճանաչում, այսինքն` հրաժարում Արեւմտյան Հայաստանից եւ Լեռնային Ղարաբաղի հարցում միակողմանի զիջումներ հօգուտ Ադրբեջանի»:

Վերլուծաբանը հիշեցրեց, որ դեռ 90-ականներին, երբ Ահմեդ Դավուդօղլուն դեռեւս պարզապես շարքային դասախոս էր, այդ երկրի արտգործնախարար կամ վարչապետ դառնալու հույսեր չուներ, գրել էր Թուրքիայի ռազմավարական զարգացման մասին մի հաստափոր գիրք, որտեղ Ադրբեջանին վերաբերող հատվածում ընդգծված շեշտադրել էր, թե «հայկական ուժերի կողմից Քելբաջարի գրավումը հետսառպատերազմյան ժամանակաշրջանում Թուրքիայի ամենամեծ ռազմավարական կորուստն էր»:

«Այսինքն` ինքը հայ-ադրբեջանական պայքարում հայկական ուժերի հաղթանակը դիտարկում է որպես Թուրքիայի պարտություն: Այս մտածելակերպով ինքը շարունակում եւ ասում է, որ քանի դեռ Ադրբեջանը հզոր է, այդքան ժամանակ Թուրքիան ազդեցություն ունի Հարավային Կովկասում: Այսինքն, հստակորեն Դավուդօղլուի մոտ էլ բան չի փոխվել եւ ակնհայտ է, որ թուրք-ադրբեջանական ընկերությունը, բարեկամությունը, ռազմավարական դաշինքն ավելի երկարաժամկետ պլաններ ունի եւ այն ներքաղաքական վայրիվերումներից, նույնիսկ` կառավարությունների փոփոխություններից կախված չէ»:

Բանախոսի գնահատմամբ` հենց այս ամենի մասին են վկայում նաեւ Ադրբեջան կատարած նախագահական առաջին այցի ժամանակ ապագա ծրագրերի վերաբերյալ Էրդողանի արած հայտարարությունները:

 

 

 

 

 

 

 

Ցուցադրել ավելի
Back to top button