Հասարակություն

Գյումրիի անօթեւան ընտանիքներին բնակարան ձեռք բերելու համար հեռուստամարաթոն կկազմակերպվի

Աննա Նազարյան
«Ռադիոլուր»

Երկար դադարից հետո Սփյուռքը վերջապես որոշել է բնակապահովման ծրագրեր իրականացնել Գյումրիում անօթևան մնացած ընտանիքների համար: Սեպտեմբերի 7-ին հեռուստամարաթոն կանցկացվի, որից ստացված հասույթը կտրամադրվի բնակարաններ գնելուն: «Շիրակ կենտրոն» ՀԿ նախագահ Վահան Թումասյանն այսօր լրագորղներին մանրամասնել է ծրագիրն ու խոսել անօթևանների ցուցակից դուրս մնացած ընտանաիքների մասին:

88- ի աղետալի երկրաշարժից անցել է 26 տարի, բայց Գյումրիում դեռևս վագոն-տնակներում սոցիալական ծանր պայմաններում գոյատևող մարդիկ կան։ Կառավարության որոշմամբ՝ 2012 թվականից կասեցվել է Գյումրիում բնակարանաշինությունը, գործադիրը նախըտրել է բնակարանաշինության փոխարեն բնակարանների գնման վկայականներ տրամադրել ընտանիքներին ու համարել է հարցը լուծված, սակայն ինչպես ցույց է տվել փորձը, մոտեցումը ավելի է բարդացրել անօթևանների վիճակը, ասում է Շիրակ կենտրոնի նախագահ Վահան Թումասյանը։

Այսօր անմխիթար պայմաններում` վագոն-տնակներում, ապրող 3300 ընտանիք դուրս է եկել անօթևանների ցուցակից ու կորցրել երբևէ տուն ունենալու հնարավորությունը: Սակայն ծրագիրը շարունակվում է ցուցակում ընդգրկված 432 շահառուի հետ: Հաշվի առնելով դառը փորձը՝ Շիրակ կենտրոնը քաղաքաշինության նախարարին առաջարկել է սերտիֆիկատ տրամադրելու փոխարեն անօթևաններին բնակարաններ առաջարկել, առաջարկը, սակայն, կարծես, հավանության չի արժանացել, քանի որ պատրաստի բնակարանով ապահովելն ավելի թանկ արժե, քան՝ սերտիֆիկատ առաջարկելը։ Ծախսատար լինելու պատճառով էր հենց դադարեցվել բնակարանաշինության ծրագիրը։

Ու այսքանից հետո Սփյուռքն առաջին անգամ որոշել է աջակցել Գյումրիի անօթևաններին: Սեպտեմբերին 7-ին հեռուստամարաթոն կկազմակերպվի Լոս Անջելեսում, որից ստացված հանգանակության չափով գումար կհատկացնի նաև «Հայաստան» համահայկական հիմնադրամը և տնակներում բնակվող անօթևանների ցուցակում չընդգրկված ընտանիքների համար այդ գումարով բնակարաններ ձեռք կբերվեն եւ կհատկացվեն։

Համանման ծրագիր իրականացվում է նաև Գերմանիայի և Կանադայի հայկական համայնների կողմից: Ինչպես տեղեկացրեց Շիրակ կենտրոնի նախագահը,  3 օրից մեկնարկող հեռուստամարաթոնից ստացված գումարով մինչև այս ամսվա վերջ մոտավորապես 20 բանկարան կգնվի Գյումրիի անօթևանների համար։

 

Ցուցադրել ավելի
Back to top button