Հասարակություն

Որսաշրջանը կմեկնարկի առանց գայլի որսի թույլատրելի քանակության

Աիդա Ավետիսյան
«Ռադիոլուր»

Սեպտեմբերի վերջին կմեկնարկի որսաշրջանը: Բնապահպանության նախարարությունն էլ վերջերս հրապարակել է որսի համար թույլատրելի կենդանատեսակների և դրանց հնարավոր որսի քվոտաները: Սակայն այդ ցուցակում գայլի, կաչաղակի և ագռավի թույատրելի քանակության մասին որևէ թիվ նշված չի եղել, ինչն էլ մտահոգել է «Թռչնասերների կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Սիլվա Ադամյանին: Ըստ նրա` նախ պետք է ուսումնասիրություններ կատարվեն թե Հայաստանում որ կենադանատեսակից ինչքան կա և նոր կազմվի ցուցակը:

Վերջին տասը տարիների ընթացքում Հայաստանում գայլերի քանակի հետ կապված չկա որևէ հետազոտություն, ասում է «Թռչնասերների կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Սիլվա Ադամյանը: Բնապահպանը մտահգոված է, որ գայլի որսի վերաբերյալ բնապահպանության նախարարությունն անտարբեր է և իրենց կազմած ցուցակում չկա այդ կենդանու որսի թույլատրելի  քանակությունը:

«Ինձ համար տարօրինակ է, որ մեր բնապահպանության նախարարության մասնագետները ուշադրություն չեն դարձնում այն փաստի որ վրա, որ գործ ունեն բնական շղթայի հետ: Պետք է ուսումնասիրությունն եր կատարվեն բնության մեջ, մշտադիտարկումներ արվեր թե որ մասում Հայաստանի ինչ քանակությամբ գայլեր կան»:

Բնապահպաններն այս հարցով շատ են դիմել բնապահպանության դեռ նախկին նախարարին, սակայն սայլը տեղից չի շարժվել: Սիլվա Ադամյանը պատրաստվում է մի խումբ գիտնականների հետ հանդիպել նորանշանակ նախարարի հետ և ներկայացնեն իրենց մտավախությունները ու պահանջեն նախարարությունից սատարել կենդանաբանության ինստիտուտին` ուսումնասիրություններ կատարելու համար: Այսօր չկան որևէ հիմնավորումներ, թե ինչու է գայլերի ոհմակը հարձակվում տնտեսությունների վրա և հոշոտում ընտանի կենդանիներին: Սրա պատճառը գայլերի պոպուլացիայի մեծացումը չէ, վստահեցնում է:
«Մեր մատավախությունն այն է, որ մենք ունենք ուղղակի կենսամիջավայրի կորուստ»:

«Թռչնասերների կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահը բերում է Անգլիայի օրինակը: Այնտեղ էլ են նույն կերպ վարվել գայլերի հանդեպ և այսօր նրանց բնությունը չունի այս կենդանատեսակից և փորձում են արհեստականորեն վերականգնել գայլերի պոպուլացիան: Հայաստանում կան հարյուրավոր կարմիրգրքային միջատներ, որոնք չկան աշխարհի ոչ մի այլ երկրում: Սակայն այսօր ի հայտ է եկել որսագողության մի նոր տեսակ` դա է միջատների և սողունների որսն ու դրանց արտահանումը եվրոպական երկրներ, տեղեկացնում է բնապահպանը և նշում, որ բիզնեսի այս տեսակը շատ եկամտաբեր է:

Այսօր, ըստ Սիլվա Ադամյանի, Հայաստանում որսագողության այս տեսակը շատ տարածված է: Բնապահպանը մարդկանց գիտի, ովքեր զբաղվել են այս գործով:

Ցուցադրել ավելի
Back to top button