Ովքեր են թաքնված «Իսլամիստ ծայրահեղականների» անվան տակ


Լենա Բադեյան
«Ռադիոլուր»
Իրաքի հյուսիսում եզդիների հետապնդումների հետեւանքով զոհվածների ընդհանուր թիվը դեռ հստակ ասել որեւէ մեկը չի կարող, բայց որոշ հաշվարկների արդյունքում նշվում է 20 հազար թիվը: Փախստական եզդիների ճամբարից, որը տեղակայված է Թուրքիայում նոր են վերադարձել երկու ՀԿ ներկայացուցիչներ, որոնք Հայաստանում հանգանակված գումարը տարել էին փոխանցելու եզդի փախստականներին: Սա ի դեպ` կառավարության հատկացրած օգնությունը չէ: Եզդիները նշում են, որ կառավարությունների հատկացրած օգնությունները, որոնք փոխանցվում են, երբեք չեն հասնում եզդիներին:
Մոտավորապես 11 հազար դոլար է հավաքվել Հայաստանում կազմակերպված հանգանակության ժամանակ, որը պետք է օգներ Իրաքի եզդի փախստականներին: Իրաքին սահմանամերձ թուրքական 5 քաղաքում ապաստան են ստացել 22 հազարից ավելի եզդի փախստականներ: Հայաստանում հավաքված գումարը բավարարել է նրանցից միայն 150 հոգու առաջնային խնդիրները հոգալու համար: Թե ինչի վրա է ծախսվել հավաքված գումարը ներկայացնում է «Սինջար» եզդիների միավորում ՀԿ ղեկավար Բորիս Մուրազին:
«Փախստականների հիմնական խնդիրը կացարած ունենալն է, որով իրենք ապահոված չեն, քանում են այգիներում, որոնք վերածվել են ճամբարների: 10 նախկին եզդիաբնակ գյուղեր վերաբնակեցվել են, բայց էլի հազարավոր մարդիկ շարունակում են ապրել այգիներում: Հավաքված գումարը տեղափոխեցինք Թուրքիա, այնտեղ երբ հասկացանք, որ սնունդի խնդիր չունեն, ավելի նպատակահարմար է իրենց կացարանով ապահովել, մենք գնեցինք 25 ջերմամեկուսիչ երկաթյա կոնստրուկցիա եւ վրաններ եւ եթե անգամ ձմռանը իրենք անցկացնեն Թուրքիայում հնարավոր կլինի պաշտպանել իրենց»:
Կառավարությունների օգնությունները, որ ուղղվում են Իրաքի եզդիներին, ապրզվում է, հասցեատերերին չեն հասնում:
«Օգնությունը օրինակ` Գերմանիայի Դաշնությունը 25 միլիոն եվրո էր ուղարկել, բայց այդ գումարը գնաց քրդական կառավարությանը եւ այդ գումարից ոչ մի մասնիկ չի հատկացվել եզդի փախստականներին: Իրաքում գտնվող մոտ 300 հազար փախստականները այլ շրջաններում ապրող սնունդ, հագուստ եւ ժամանակավոր կացարան են ստանում եզդի մեծահարուստների գումարներով: Այսինքն, այդ օգնությունները իրականում տեղ չեն հասնում: Հայաստանի իշխանությունների կողմից մենք տեսանք, որ 100 հազարի դոլարի փոխանցում եղավ, բայց դրա ճակատագիրը կրկին անհայտ է` դա կրկին կգնա քրդական կառավարությանը, թե ոչ: Եթե գնա այնտեղ, ապա այդ 100 հազար դոլարն էլ ենք կորցրել»:
Եզդիական կազմակերպությունների ներկայացուցիչներն այսօր դժվարանում են հստակ թիվ ասել, թե որքան եզդի է զոհվել վերջին շրջանում Իրաքում կազմակերպված հալածանքների արդյունքում: Նշում են մոտավորապես թիվ` 20 հազար: Այս ամենում եզդիներին հիմնականում հիասթափեցնում է միջազգային հանրության արձանաքը: Եզդիների ազգային կոմիտե ՀԿ փոխնախագահ Սաշիկ Սուլթանյանը նշում է` կատարվածը Ցեղասպանություն ձեւակերպման մեջ է մտնում թեկուզ զուտ միայն այն բանի համար, որ Շանգալ եզդիաբնակ շրջանը, որտեղ բնակվում էր 600 հազարից ավելի եզդի այսօր ամբողջովին դատարկված է: Բորիս Մուրազին եւ Սաշիկ Սուլթանյանն իրար լրացնելով ասում են.
«Կարծում եմ ոչ թե կարելի է ասել, այլ ցեղասպանություն են վերապրել: Կար, որ ընտանիքի 40 անդամներից միայն 2 են ողջ մնացել եւ անցել Թուրքիա:
— Այս պահին նույնիսկ ընտանիքի անդամները չգիտեն, թե մյուս իրենց երեխաները, իրենց կանայք որտեղ են, արդյոք մահացած են, թե ողջ են: Խոսելով փախստականների հետ, ովքեր եղել էին լեռներում սովի եւ ծարավի պայմաններում, նրանք նշում էին, որ միջազգային օգնություն չի եղել: Այսինքն` եղել է շատ քիչ եւ ներկայացված է ուռճացված: Այս պարագայում կարող ենք նշել, որ միջազգային հանրությունը ուղղակի խոսում է, բայց որեւէ կոնկրետ քայլեր չի անում»:
Թուրք-իրաքյան սահմանից վերադարձած եզդի գործիչներն այսօր ահազանգեցին նոր երեւույթի մասին, որ մեծ տարածում է գտել «իսլամիստ ծայրահեղականների» մոտ: Եզդիների հաշվին նրանք հիմնել են նոր բիզնես` մեկ անձի համար 700 դոլար վարձի դիմաց համաձայնում են Իրաքից Թուրքիա տեղափոխել կոնկրետ եզդիների` ում համար, որ կատարվել է վճարում: Ի դեպ` եզդիները կոնկրետ ազգի չեն մեղադրում իրենց հալածելու համար, բացահայտում են, թե ովքեր են թաքնված «իսլամիստ ծայրահեղականներ» անվան տակ, ասում է Սաշիկ Սուլթանյանը. «Այստեղ ընդգրկված են որ միայն արաբներ, ընդգրկված են նաեւ քրդեր, ադրբեջանցիներ, դաղստանցիներ: Այսինքն` իսլամական գաղափարախոսության հիմքի վրա է կատարվում եւ շատ մեծ են կովկասյան տարածաշրջանից գնացածների թիվը այդտեղ: Նաեւ խոսվում է եվրոպական երկրներից գնացածների մասին, այսինքն` ազգությունը այստեղ երկրորդական է: Նրանք պետք է լինեն ծայրահեղական սունի-մուսուլման եւ ընդունեն սունիական սկզբնական իսլամական գաղափարախոսությունը»:
Թեեւ հազարավոր եզդիներ այսօր ժամանակավոր ապաստան են գտել տարբեր պետություններում, բայց ապագայում խնդրի լուծումը տեսնում են միմիայն իրենց վերադարձի մեջ` այլապես եզդի ազգը կորցնելու է իր ինքնությունը: