Հասարակություն

Հայաստանը 100.000 դոլարի օգնություն է փոխանցել Իրաքի եզդիներին

ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը` Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Բրեդլի Բուզետտոյի, Եզդիների ազգային միության նախագահ Ազիզ Թամոյանի, Հայաստանի եզդիների հոգևոր առաջնորդ շեյխ Բրո Հասանյանի ներկայությամբ, ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի (ՄԱԿԳՀ) հայաստանյան ներկայացուցիչ Քրիստոֆ Բիերվիթին նախօրեին հանձնել է ՄԱԿ-ի ՄԱԿԳՀ-ի ժնևյան կենտրոնակայանի հաշվեհամարին ՀՀ կառավարության կողմից Իրաքում ծայրահեղականների գործողությունների հետևանքով տուժած և իրենց բնակավայրերից տեղահանված եզդիներին օգնություն տրամադրելու նպատակով 100000 ԱՄՆ դոլարի փոխանցման մասին հայտագիրը։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Միջոցառմանը, դիմելով ներկաներին, արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ասել է. «Վերջին շաբաթների ընթացքում աշխարհի ուշադրության կենտրոնում են Իրաքում ծայրահեղականների կողմից կրոնական և ազգային փոքրամասնությունների դեմ իրականացվող զանգվածային ոճրագործությունները։ Բռնությունների հետևանքով բնակության մշտական վայրերից տեղահանվել են հազարավոր խաղաղ բնակիչներ` եզդիներ, քրիստոնյաներ, մահմեդականներ։ Բռնությունները բազմաթիվ զոհերի պատճառ են դարձել։ Հանրապետության Նախագահի հանձնարարությամբ` արտգործնախարարությունը համապատասխան քայլեր է ձեռնարկել. Հայաստանի ներկայացուցիչները միջազգային կազմակերպություններում բարձրաձայնել են խնդրի հրատապության և միջազգային հանրության կողմից անհապաղ քայլեր ձեռնարկելու անհրաժեշտության մասին։ Հայաստանը համահեղինակել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդում սեպտեմբերի 1-ին ընդունված համապատասխան բանաձևը։

Հայաստանի ժողովուրդը և իշխանությունները կիսում են եզդի համաքաղաքացիների անհանգստությունը և վրդովմունքը` տեղի ունեցող ողբերգական զարգացումների կապակցությամբ։ Ինչպես տեղյակ եք, Հայաստանի կառավարությունը որոշում է կայացրել` Իրաքում տեղահանված եզդիներին 100000 ԱՄՆ դոլարի չափով օժանդակություն ցուցաբերելու մասին, և այսօր ՄԱԿ-ի փախստականների գրասենյակի Հայաստանի ներկայացուցչին ենք հանձնում վերոհիշյալ գումարի փոխանցման մասին հայտագիրը»:

Եզդիների ազգային միության նախագահ Ազիզ Թամոյանը երախտագիտություն է հայտնել Հայաստանի իշխանություններին և ժողովրդին` եզդիների մտահոգությունները կիսելու, խնդիրը միջազգային ատյաններում բարձրացնելու և ծանր պահին եզդի ժողովրդի կողքին կանգնելու և օժանդակություն ցուցաբերելու համար։

Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Բրեդլի Բուզետտոն իր խոսքում ողջունել է Հայաստանի մարդասիրական քայլը և համերաշխությունը` ցեղասպանության սպառնալիքի առջև հայտնված Իրաքի փոքրամասնությունների հետ։ ՄԱԿ-ի մշտական համակարգողի խոսքերով, Հայաստանի մասնակցությունը ՄԱԿ-ի մարդասիրական գործունեությանն ի ցույց է դնում Հայաստանի կարևոր դերակատարությունը` որպես միջազգային հումանիտար հանրության անդամ։ Նա վստահեցրել է, որ ՄԱԿ-ը անում է հնարավորը` Իրաքում բռնություններից տուժածների հոգսը թեթևացնելու և նրանց օժանդակելու համար։

ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան ներկայացուցիչ Քրիստոֆ Բիերվիթը բարձր է գնահատել Իրաքի եզդիներին օժանդակելու Հայաստանի որոշումը, որը կարևոր ներդրում է` տեղահանվածներին օգնելու գործում։

Ցուցադրել ավելի
Back to top button