Տնտեսական

Հայաստանը առաջիկա տարիներին 8-10 տոկոս տնտեսական աճ ապահովելու պոտենցիալ չունի.Վահագն Խաչատրյան

Կարեն Ղազարյան
«Ռադիոլուր»

Հայաստանի հաջողությունը պայմանավորված չէ որեւէ միության անդամակցելով կամ չանդամակցելով: Այս համոզմունքն է լրագրողների հետ այսօրվա հանդիպման ժամանակ հայտնել տնտեսագետ, ՀԱԿ անդամ Վահագն Խաչատրյանը: Ըստ նրա` քաղաքական ներկայիս համակարգն է իրեն սպառել, ուստի պետք է փոխել համակարգը: Ամբողջական հաջողություն հնարավոր չէ ակնկալել, եթե չենք կարողանում լուծել մեր ներքին խնդիրները` անդրադառնալով Մաքսային միությանն անդամակցելու Հայաստանի` մեկ տարի առաջ կայացրած որոշմանը, նշեց ՀԱԿ անդամ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանը: Նրա խոսքով` Հայաստանն իր առջեւ ռազմավարական խնդիրներ չի դրել եւ հենց այդ պատճառով էլ մեկ տարի առաջվա որոշումն անակնկալի բերեց բոլորին:

Ըստ ընդդիմադիր գործչի` տնտեսական հաշվարկները ցույց են տալիս, որ Հայաստանին թե Մաքսային միությանն անդամակցելու, թե Եվրոասոցացման դեպքում առաջիկա 15 տարիներին տնտեսական լուրջ հաջողություններ չեն սպասվում: Նրա փոխանցմամբ` հաշվարկները կատարել են նույն եվրոպական փորձագետները: Ին վերաբերում է Եվրասիական միության տնտեսագետների հաշվարկներին առ այն, որ Հայաստանը 17-18 թվականներին կունենա 8-10 տոկոս ՀՆԱ-ի աճ. Վահագն Խաչատրյանն այս հաշվարկները իրական չի համարում եւ կասկածում Եվրասիական միության հետ աշխատող տնտեսագիտական հաստատություններին:

«Հայաստանը այդպիսի տնտեսական աճ ապահովելու պոտենցիալ չունի: Այսօր մենք, շատ մեծ ցանկության դեպքում, եթե կարողանանք նույնիսկ 4-5 տոկոս տնտեսական աճ ապահովել առաջիկա տարիների ընթացքում /որը նորից ես բացառում եմ/, դա մեծ հաջողություն կլինի ՀՀ-ի համար»:

Ըստ Վահագն Խաչատրյանի` ԵՄ-ին անդամակցությունը Հայաստանին որեւէ առավելություն չի տալու, հակառակը` մեր կյանքը թանկանալու է, այսինքն, ընդդիմադիր գործչի ձեւակերպմամբ, միանշանակ տուժելու ենք: Բանախոսը շեշտեց, որ քաղաքական իշխանությունները պարտավոր են գնահատել բոլոր ռիսկերը, իսկ դա, ընդդիմադիր գործչի ձեւակերպմամբ, նշանակում է նաեւ հաշվի առնել, որ ներկայիս քաղաքական համակարգը կորցրել է իր դիմադրողականությունը` նաեւ տնտեսական առումով: Տնտեսագետի գնահատմամբ` Հայաստանի համար ամենաճիշտ որոշումը կլինի` ոչ Մաքսային միություն, ոչ Եվրոասոցացում տարբերակը: Այս դեպքում, ըստ նրա, հնարավոր կլինի համագործակցելով բոլորի հետ, կարողանալ երկրում ապահովել զարգացում: Դա էլ, ըստ ՀԱԿ անդամի, կարող է լինել, եթե համակարգը փոխվի:

Ցուցադրել ավելի
Back to top button