Քաղաքական

Իսլամական Խալիֆայությունը լրջորեն անհանգստացնում է Արեւմուտքին. արեւելագետ

Կարեն Ղազարյան
«Ռադիոլուր»

Մերձավոր Արեւելքում իրավիճակը շարունակում է մնալ լարված: Այստեղ ձեւավորված Իսլամական Խալիֆայությունն ինքնաբավ համակարգ է դառնում` լրջորեն անհանգստացնելով Արեւմուտքին: Այս կարծիքն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել է արեւելագետ Հայկ Քոչարյանը: Մեկ այլ արեւելագետ` Սարգիս Գեւորգյանը կարծում է, որ Իսլամական Խալիֆայությունից եկող սպառնալիքը բոլորի համար այլեւս ակնառու է, կարծում է, որ այն էլ ավելի կհամախմբի միջազգային հանրությանը:

Իսլամական խալիֆայություն կոչված ուժը դառնում է ինքնաֆինանսավորվող համակարգ, ինչը դժվարացնում է այս ուժի հետ տարբեր տեսակի հարաբերությունները` նկատեց արեւելագետ Հայկ Քոչարյանը: Նրա խոսքով՝ Թուրքիան մնում է այն գլխավոր ճանապարհը, որի միջոցով սնվում է Իսլամական Խալիֆայությունը: Հետեւաբար` այդ ճանապարհը Թուրքիան կարող է բաց պահել կամ փակել` իր շահերից ելնելով: Արեւելագետ Սարգիս Գեւորգյանն էլ իր հերթին նկատեց, որ Իսլամական Խալիֆայության համար էլ այդ ճանապարը, մասնավորապես` թուրք-սիրիական սահմանահատվածը կարեւոր է, քանի որ հենց այդ հատվածով են Իսլամական խալիֆայություն մտնում — դուրս գալիս թե մարդիկ, թե ռազմամթերքները: Թեպետ թուրքական իշխանության արձագանքն այս կառույցին բացասական է, այդուհանդերձ սա կարող է միայն արտաքին շղարշ լինել:

«Եթե որոշակի պահի շահերը համընկնեն, ապա` նրանք որոշակիորեն կհամագործակցեն, ինչը որ հիմա, կարծում եմ, նկատվում է»:

Անդրադառնալով Իսլամական պետության կողմից ամերիկացի արդեն երրրոդ լրագրողի գլխատման փաստին` արեւելագետ Սարգիս Գեւորգյանը կարծիք հայտնեց, որ դա պատասխան էր ամերիկյան եւ բրիտանական օդուժի հասցրած հարվածների, ինչի արդյունքում Իսլամական պետությունը լուրջ վնասներ է կրել: Արեւելագետը կարծում է, որ Իսլամական պետությունն այդ ամենին փորձում է հակադարձել հղած սպառնալից ուղերձներով:

«Իմ կարծիքով` սա էլ ավելի կհամախմբի միջազգային հանրությանը եւ որոշակի ռազմական գործողություններ, ամենայն հավանականությամբ` օդային հարվածների տեսքով, կլինեն»:

Արեւելագետն ասաց, թե չի կիսում այն կարծիքները, որ Իսլամական պետությունն այլ բան է Սիրիայում, այլ բան` Իրաքում: Նա համոզված է, որ մերձավոր Արեւելքում այս ուժը ամենուր նույնն է եւ նրանց համար սահմաններ չկան: Արեւելագետները համամիտ էին, որ Իսլամական պետությունը ինչ-որ հաշվարկներում է ներառված եղել, սակայն, ավելի ուշ դուրս է եկել Արեւմուտքի վերահսկողության սահմաններից: Այդ ուժի կողմից սպառնալիքների շարունակման դեպքում` արեւելագետ Սարգիս Գեւորգյանը չբացառեց նաեւ ցամաքային ռազմական գործողությունների իրականացումը ԱՄՆ-ի եւ Մեծ Բրիտանիայի կողմից:

 

 

Ցուցադրել ավելի
Back to top button