Վերլուծական

Ամենայն հավանականությամբ՝ Հայաստանը Եվրասիական միությանը կանդամակցի հոկտեմբերին

Լուսինե Վասիլյան
«Ռադիոլուր»

Հայաստանն  ամենայն հավանականությամբ հոկտեմբերին  կդառնա Եվրասիական միության լիիրավ անդամ, այսօր Երևանի պետական մանկավարժական համալսարանում բուհի ուսանողության ու դասախոսական կազմի հետ հանդիպման ժամանակ ասել է քաղաքագետ, Ժողովրդավարության եւ համագործակցության ինստիտուտի նյույորքյան ներկայացուցչության ղեկավար Անդրանիկ Միհրանյանը:  Նա նկատել է, որ  անդամակցությանը խոչընդոտող հանգամանքեր եղել են, դրանք սակայն արդեն  հաղթահարված են:  Քաղաքագետն ակնարկել է, որ խոսքը Հայաստանի սահմաններին վերաբերող  հայտարարության մասին է: Խնդիրներն, ըստ Միհրանյանի, հաղթահարվել են Ռուսաստանի կոշտ դիրքորոշման շնորհիվ։ 

Եվրասիական միությանն անդամակցելու մտադրության մասին  հայտարարությունը, որ հանրապետության նախագահի կողմից  հնչեց ուղիղ մեկ տարի առաջ այս օրը,  ճիշտ և շրջադարձային քայլ էր, կարծում է քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանը։

Ավելին՝ նրա դիտարկմամբ՝  որոշումը միակ ճիշտն էր հնարավոր տարբերակներից:  Հիմնավորումները, ըստ Միհրանյանի, բխում են  քաղաքագիտության տեսությունից։ «Քաղաքագիտության կտրվածքով անվիճելի փաստ է. չես կարող անվտանգությունդ վստահել մի կառուցի, իսկ տնտեսական բարեկեցություն փնտրես այլ կառույցներում»։

Այս իմաստով՝ Հայաստանը բարդ իրավիճակում էր  ու հարցը «կամ-կամ»- ի կտրվածքով դիտարկելը, ըստ Միհրանյանի, անկանխատեսելի արդյունքերի կհանգեցներ: Ապացույցը ուկրաինական ճգնաժամն է։ «Այնպիսի խախուտ իրավիճակում, երբ պետությունը խորապես պառակտված է բոլոր առումներով ՝ մշակութային, լեզվային, էթնիկական, երբ կամ- կամ հարց է դրվում,  սա միանշանակ  այդ երկիրը տանելու է կործանման»։

Ի դեպ՝ ուկրաինական ճգնաժամի վրա կանգ առնելով՝ Միհրանյանն ընդգծում է, որ  որ Ռուսատանն այդ հարցում հստակ ընդգծված շահեր ունի և անթաքույց խոսում է դրանց  մասին:  Ռուսաստանը չի թաքցնում նաև,  թե ինչպես է պատկերացնում իրավիճակի հանգուցալուծումը. արտադաշինքային կարգավիճակ,  դաշնայնացում, հատուկ կարգավիճակ ռուսաց լեզվի համար։

Վերադառնալով Եվրասիական միությանը Հայաստանի առաջիկա անդամակցությունը՝ Միհրաբյանը կարևորում է  հատկապես դրա տնտեսական նշանակությունը: Նա համոզված է, որ այդ անդամակցությունը տնտեսական աճ, ներդրումների ավելացում, նոր աշխատատեղեր է խոստանում Հայաստանին։

Իսկ Ռուսատսանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցները, ըստ նրա , հարվածում են նախ և առաջ եվրոպական շուկային, բայց նաև նոր հնարավորություններ  են ստեղծում, օրինակ,  Հայաստանի համար: Սրա մասին նա խոսել է նաև ռուսաստանաբնակ հայ գործարարների հետ հանդիպման ժամանակ։ «Ես ասեցի՝ լավ չի լինի հոլանդական պանիր, կլինի հայկականը, որն ավելի համեղ է: Այնպես որ՝ եթե շուկայում տեղ է բացվում, այն հնարավոր է գրավել»։

Ըստ Միհրանյանի՝ Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցությունը սարերի հետևում չէ: Ամենայն հավանականությամբ՝ հոկտեմբերին արդեն Հայաստանն այս կառույցի լիիրավ անդամ կդառնա, այսօր հայտարարեց քաղաքագետը: Նրա դիտարկմամբ՝  խոչընդոտները, որոնք կային այդ ճանապարհին, Ռուսաստանի կոշտ դիրքորոշման արդյունքում արդեն հաղթահարված են:

Ցուցադրել ավելի
Back to top button