ԿարևորՔաղաքական

Այսօր Արցախում տոնում են Հանրապետության հռչակման 23- րդ տարեդարձը (լրացված)

լրացվել է ժամը 18։31-ին

Լուսինե Ավանեսյան
«Ռադիոլուր»- Ստեփանակերտ

Այսօր Լեռնային Ղարաբաղում նշում են Հանրապետության հռչակման օրը: 1992 թվականի սեպտեմբերի 2-ին Ստեփանակերտում տեղի ունեցած ժողովրդական պատգամավորների Լեռնային Ղարաբաղի մարզային եւ Շահումյանի շրջանային խորհուրդների համատեղ նստաշրջանը ընդունել է հռչակագիր «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման մասին»: Այդ իրադարձություններից 10 տարի անց անկախ Լեռնային Ղարաբաղի հանրապետության պետական տոնացույցում սեպտեմբերի 2-ը ամրագրվեց որպես Հանրապետության հռչակման օր: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանի, Արցախի Հանրապետության հռչակման 23-րդ տարեդարձին մասնակցելու նպատակով Հայաստանից ժամանած պաշտոնական պատվիրակության, արցախահայության և արտերկրից ժամանած հյուրերի հետ Վերածննդի հրապարակից հանդիսավոր քայլերթով այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր: Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Արցախի անկախության համար զոհված հայորդիների հիշատակին, ծաղիկներ դրել ԼՂՀ Գերագույն խորհրդի առաջին նախագահ Արթուր Մկրտչյանի և արցախյան ազատամարտի նահատակների շիրիմներին: 

Ավանդույթի համաձայն՝ սեպտեմբերի 2-ի տոնական միջոցառումների մեկնարկն զդարավեց զիվորական շարասյուների քայլերգով: Ձևավորված պաշտոնական արարողակարգի համաձայն՝ Ստեփանակերտում երկու հայկական հանրապետությունների նախագահները, պաշտոնական պատվիարկությունները այցելեցին Ստեփանակերտի հուշահամալիր: Ծաղիկներ դրվեցին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առաջին ղեկավարի՝ Գերագույն խորհրդի առաջին նախագահ Արթուր Մկրտչյանի շիրիմին, ապա խոնարհումի և հարգանքի տուրք մատուցվեց Արցախյան ազատամարտում նահատակվածների հիշատակին, ծաղկեպսակներ դրվեցին անմար կրակի մոտ, այցելույուններ եղան Ստեփանակերտի հուշահամալիրում հանգչող հարյուրավոր քաջորդիների շիրիմներին։

Արցախյան շարժման առաջամարտիկներից Էդուարդ Ղուկասյանն այսօր էլ հիշում է 1991 թվականի որոշման կայացման նախապատմության եկվությունն ու վստահեցնում, որ չի ափսոսում կատարած ընտրության համար։ Նորօրյա պետական այրերը գնահատում են անցած քսաներեքամյա ճանապարհը։ Ստեփանակերտի հուշահամալիրում այսօր դրամ մասին են խոսում նաեւ Սփյուռից ժամանած հայերը։

Քսաներեք տարվա պատմությունը և՛ ռազմական, և՛ քաղաքական, և՛ սոցիալ-տնտեասկան մարտահրավերներին դիմակայել է սովորեցրել, ասում են Ստեփանակերտում։ Այնպես որ՝ դրանք հանրապետության տարեդարձը նշելուն խոչընդոտ չեն։

Երեկ արցախցիներն ու հյուրերը Շուշիում դիտել են արմատներով շուշեցի Ավետ Տերտերյանի «Կրակե օղակ» օպերան: Շուշիում երեկ բացվեց նաև երկրաբանության պետական թանգարանը, որը ակադեմիկոս Գրիգորի Գաբրիելյանցի նվերն է Արցախի հանրապետությանը: Այն այսօր արդեն ունի հազվագյուտ ապարների 385 նմուշ՝ աշխարհի 50 երկրներից:

Հարգանքի արարողություններով են սկսվել տոնական միջոցառումները Արցախի բոլոր բնակավայրերում: Շրջկենտրոններում նաև միտինգներ են անցկացվել։

Այժմ ժողովրդական տոնախմբություններ են տեղի ունենում, համերգային և մարզական մի շարք միջոցառումներ են նախատեսված մինչև ուշ երեկո: Երեկոյան Ստեփանակերտի Վերածնննդի հրապարակում կլինի մեծ համերգ, նաև հրավառություն է սպասվում:

Ցուցադրել ավելի
Back to top button