Միջազգային

Նուրսուլթան Նազարբաև.«Ղազախստանը կանգնել է անվտանգության հետ կապված նոր մարտահրավերների առաջ»

Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը հայտարարել է, որ Ուկրաինայի իրադարձությունների պատճառով իր երկիրը կանգնել է անվտանգության հետ կապված նոր մարտահրավերների առաջ: Նազարբաևի խոսքերը հնչել են այսօր խորհրարանի նստաշրջանի բացման արարողության ժամանակ: Ղազախստանի նախագահը նշել է, որ այսօր խորանում են աշխարհաքաղաքական ռիսկերը, իսկ փոխադարձ պատժամիջոցները, որոնք արևմտյան երկներն ու Ռուսաստանը կիրառում են միմյանց նկատմամբ, փոփոխությունների կհանգեցնեն նաև տնտեսական հարաբերություններում և աշխարհակարգում ընդհանրապես:

Երեկ էլ Նազարբաևն ասել էր, որ իր երկիրը կարող է հրաժարվել եվրասիական միությանն անդամակցությունից եթե այդ անդամություն սպառնալիք ներկայացնի Ղազախստանի անկախության համար՝ ըստ փորձագետների, ակնարկելով, որ Ռուսաստանի հետ տնտեսական ինտեգրումը չի նշանակում աշխարհաքաղաքական միավորի ստեղծում, և ղազախական պետությունը անվերապահորեն չի հետևելու նաև Մոսկվայի արտաքին քաղաքական կուրսին Ուկրաինայի և միջազգային օրակարգի այլ խնդիրների հետ կապված:

Ռուս-ղազախական հարաբերություններում սկանդալային երանգներ են հայտնվել վերջին օրերին՝ մի քանի ռուս քաղաքական գործիչների կողմից Ղազախստանի պետականությունը կասկածի տակ դնելուց հետո: Անցած ուրբաթ էլ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն էր միտք հնչեցրել, որը ղազախական հասարակությունում հակառուսական տրամադրությունների պատճառ է դարձել. «Սելիգեր-2014» երիտասարդական ֆորումի ընթացքում, պատասխանելով ներկաներից մեկի հարցին՝ արդյոք Մոսկվային չի մտահոգում Ղազախստանում ազգայնականության աճը և հնարավոր է այդ երկրում ուկրաինական սցենարի կրկնություն Նազարաբաևի հրաժարականից հետո պատասխանել է. «Նազարբաևը բացառիկ մի բան է արել. նա ստեղծել է պետություն մի տարածքում, որտեղ երբեք պետություն չի եղել»:

Back to top button