Տնտեսական

Իրան-Հայաստան երկաթգծի կառուցման խնդիրը պետք է օրակարգային դարձնել, ասում է Վազգեն Սաֆարյանը

Ալիսա Գևորգյան
«Ռադիոլուր»

«2013-ին Հայաստանը Ռուսաստան է արտահանել 63 տոննա գյուղատնտեսական ապրանքներ, եթե հաջորդ տարի հաջողվի այդ ծավալը կրկնապատկել, ապա դա լուրջ հաջողություն կլինի»,-այսօր ասել է Հայրենական ապրանքարտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը՝ նշելով, որ կառավարությունն այս ուղղությամբ պետք է առավել ճկուն քաղաքականություն վարի: Վազգեն Սաֆարյանն անդրադարձել է նաև Վերին Լարսի փլուզման հետևանքների ու դեպի արտաքին աշխարհ տանող այլ ճանապարհների անհրաժեշտության մասին:

Վերին Լարսի փլուզման արդյունքում ստեղծված դժվարությունները հաղթահարված են, վրացական կողմն արդեն վերականգնել է ճանապարհը: Այդուհանդերձ, Հայրենական ապրանքարտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը խնդիրն ամբողջությամբ լուծված չի համարում: Այդ ճանապարհի կայուն և ապահով շահագործման նպխատակով, ըստ նրա, երեք անգամ բարձրացվել է այս տարածքում թունել կառուցելու հարցը: Ծրագրի իրագործմանը երկու անգամ խանգարել են առաջին և երկրորդ աշխարհամարտերը, երրորդ անգամ՝ ԽՍՀՄ-ի փլուզումը: Ըստ Սաֆարյանի ժամանակն է, որպեսզի Հայաստանն ու Վրաստանը այս հարցը մեկ անգամ ևս դարձնեն օրակարգային
«Բացի այդ մենք պետք է նաև երկրորդ ճանապարհի մասին մտածենք և օրակարգային դարձնենք նաև Իրան-Հայաստան երկաթգծի կառուցման խնդիրը: Հայաստանը պետք է բանակցություններ վարի Վրաստանի հետ աբխազական երկաթգծի բացման վերաբերյալ»:

Վազգեն Սաֆարյանի խոսքով՝ այսօր կա աննախադեպ հնարավորություն հայկական ապրանքների մուտքը դեպի ռուսակա շուկա ապահովելու համար, որը, սակայն, կառավարության վարկային ու հարկային առավել ճկուն քաղաքականությունն է պահանջում: Ռուսաստանում, ըստ, Սաֆարյանի, մեծ պահանջարկ կարող է ունենալ մասնավորապես հայկական գյուղմթերքը, որի անհրաշեշտ ծավալներն ապահովելու համար գյուղատնտեսություն ոլորտում գրեթե հեղափոխական քայլեր են անհրաժեշտ: «2013-ին Հայաստանը Ռուսատան է արտահանել 63 տոննա գյուղատնտեսական ապրանքներ, եթե հաջորդ տարի հաջողվի այդ ծավալը կրկնապատկել, ապա դա լուրջ հաջողություն կլինի»,-ասում է Հայրենական ապրանքարտադրողների միության նախագահը:

Միաժամանակ, արտահանումները չպետք է կատարվեն ի հաշիվ տեղական սպառողի շահերի, ինչպես դա տեղի ունեցավ, օրինակ, ոչխարի մսի Իրան արտահանելու ժամանակ,-ասում է Սաֆարյանը, ով ռուսական շուկայում լավ հեռանկար է տեսնում նաև հայկական տրիկոտաժի ու կոշկեղենի իրացման համար: Իսկ քլորոպրենային կաուչուկի պահանջարկը Ռուսաստանում կարող է խթան դառնալ նաև երևանյան «Նաիրիտ»-ի վերազինման ու վերագործարկման համար:

Ցուցադրել ավելի
Back to top button