Սպորտ

Եվրոպայի օլիմպիական կոմիտեի նախագահը Հայաստանին համոզելու է մասնակցել Բաքվի խաղերին

Աիդա Ավետիսյան
«Ռադիոլուր»

Օգոստոսի 16-ից 28-ը Չինաստանի Նանջինգ քաղաքում կայացել են 2-րդ պատանեկան օլիմպիական խաղերը: Այս օլիմպիական խաղերում 9 մրցաձևերով ներկայացող Հայաստանի հավաքականի 14 մասնակիցներից 7-ը 5 մրցաձևերում նվաճել է  2 ոսկե, 2 արծաթե և 3 բրոնզե մեդալ։

14 մարզիկ եւ 7 մեդալ, որոնցից 2- ը՝ ոսկե. Հայաստանի այս արդյունքները զարմացրել են սպորտի միջազգային կառույցներին: Թեև մյուս պետությունների մարզիկները մեծաթիվ էին, սական քիչ էին մեդալները: Չինաստանի Նանջինգ քաղաքում կայացած 2-րդ պատանեկան օլիմպիական խաղերը, ըստ ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչ Ռոստոմյանի, ցույց տվեցին, որ կոմիտեն ճիշտ ուղու վրա է, իսկ հուսադրող ապագան էլ սարերի ետևում չէ: ՀԱՕԿ գլխավոր քարտուղարը ասում է, որ 2018 թվականին Բուենոս Այրեսի պատանեկան Օլիմպիական խաղերում մեր սպասելիքներն ավելի մեծ են։

Հրաչյա Ռոստոմյանի ձևակերպմամբ`բոլոր մարզիկներից էլ մեդալներ ակնկալել են` բացառությամբ՝ լողորդ Վահան Մխիթարյանից: Հայաստանում չկան լողավազաններ, որտեղ կարող են մեր լողորդներն ամրապնդել իրենց ունակությունները: Խորհրդային Միության փլուզումից հետո եղած լողովազանները սեփականաշնորհվեցին: Հիմա էլ ընդամենը երկուսն են մնացել: Լողորդ Վահան Մխիթարյանը երկու տարի պարապել է արտերկրում, սակայն, Հրաչյա Ռոստամյանի խոսքով, նա չկարողացավ կատարել իր առջև դրված առաջադրանքը՝ մտնել կիսազեզրափակիչ փուլ։

Արդեն երկու շաբաթ է մեկնարկել է խաղային մարզադահլիճների և Դավիթաշենի լողավազանի շինարարությունը: Սկզբնականում լողավազանը կլինի 25 մետր երկարությամբ, հաջորդ փուլում նախատեսվում է կառուցել 50 մետր երկարությամբ լողավազան։

Մարմնամարզիկ Վիգեն Խաչատրյանն էլ չմասնակցեց եզրափակիչ խաղին, քանի որ ուներ վնասվածք: Բժիկներն աշխատում էին նրա հետ, սակայն երկրորդ վարժությունից հետո վիճակն ավելի վատացավ, ասում է Ռոստոմյանը և նշում` մարզիկից պահանջելու հնարավորություններ կային և մասնակցելու դեպքում մեդալի ակնկալիքը մեծ էր, սակայն բժիկները խորհուրդ չեն տվել, քանի որ հետագայում կարող էր առողջական լուրջ խնդիրների առաջ կանգնել։

Հայաստանի համար անսպասելի էր բրոնզե մեդալակիր բռնցքամարտիկ Նարեկ Մանասյանի հաղթանակը։ Նախորդ օրը մրցման ժամանակ նա վնասել էր աչքը եւ, ըստ էության, երրորդ տեղի համար պայքարը վարել եւ հաղթել է «մեկ աչքով»։

ՀԱՕԿ- ը պատրաստվում է դիմել կրթության և գիտության նախարարության՝ դպրոցներում օլիմպիական գաղափարներն ու սպորտը մասսայականացնելու առաջարկով։

2015 թվականին կայանալիք Եվրոպայի օլիմպիական խաղերը անցկացվելու են Բաքվում: Հայաստանը կմասնակցի՞, թե՞ ոչ, պարզ կդառնա Եվրոպայի օլիմպիական կոմիտեի նախագահի Հայաստան այցից հետո: Պատրիկ Հիկեն Հայաստան կժամանի հոկտեմբերի 11-ին։

Ցուցադրել ավելի
Back to top button