Հասարակություն

Եվրոպական դատարանում Հայաստանից դատավորին կորոշեն մրցույթով

Լուսինե Վասիլյան
«Ռադիոլուր»

Ուղիղ մեկ ամիս առաջ հանրապետության նախագահի հրամանագրով Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանը ներկայացնող դատավոր Ալվինա Գյուլումյանը նշանակվեց Սահմանադրական դատարանի անդամ: Թե ով է ստրասբուրգյան դատարանում առաջիկա տարիներին ներկայացնելու Հայաստանը, առայժմ պարզ չէ: Բայց հայտնի է, որ նոր դատավորի ընտրությունը կատարվելու է նոր կարգով: Այս խնդիրը լուծելու համար ձևավորվել է հատուկ հանձնաժողով. այն այսօր մրցույթ է հայտարարել (մանրամասները՝ այստեղ) եւ կգնահատի թեկնածուներին ու կկազմի հավակնորդների լավագույն եռյակը: Թե երեք թեկանծուներից ով կդառնա Հայաստանի կողմից առաջադրված դատավորը, կորոշվի Ստրասբուրգում, ամենայն հավանականությամբ՝ ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի ընթացքում:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանը ներկայացնող դատավոր Ալվինա Գյուլումյանը օգոստոսի 2-ից Սահմանադրական դատարանի անդամ է: Սա նշանակում է, որ Եվրադատարանում թափուր է Հայաստանը կողմից առաջադրված դատավորի պաշտոնը: Ալվինա Գյուլումյանը, հիշեցնեմ, այս պաշտոնը զբաղեցնում էր 2003 թվականից: Պաշտոնավարման երկրորդ՝ վեցամյա ժամկետն ավարտվելու էր 2015 թվականին, բայց հանրպետության նախագահի հրամանագիրը Եվրոպական դատարանի դատավորին ՍԴ անդամ նշանակելու մասին հուշում է, որ ընտրության հարց կա արդեն այսօր և այդ ընտրությունն այս անգամ կատարվելու է նոր կարգով։

Հանրապետության նախագահի կողմից ուղիղ մեկ ամիս առաջ հաստատված փաստաթղթով ՝ ստեղծվել է մրցութային հանձնաժողով: Դրա կազմում են Սահմանադրական ու Վճռաբեկ դատարանների նախագահները, ՄԻՊ-ը, արդարադատության նախարարը, ՄԻԵԴ-ում Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչը: Նախատեսվում է, որ հանձնաժողովը կհայտարարի և կանցկացնի մրցույթ, որի արդյունքերով էլ կորոշի լավագույն երեք թեկնածուների անունները: Ցանկը, հանրապետության նախագահի կողմից հաստատվելուց հետո, կուղարկվի ԵԽԽՎ: Հենց այնտեղ էլ, նստաշրջանի ընթացքում կկատարվի վերջնական ընտրությունը:

2003-ին ևս Հայաստանից 3 անուն է ուղարկվել Ստրասբուրգ, բայց առանց հանձնաժողովի և առանց մրցույթի: Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի հարցերով փորձագետ Արա Ղազարյանի կարծիքով՝ նոր՝ մրցութային ընթացակարգն ավելի լավն է, քան՝ նախորդը։ «Այս մեխանիզմն ապահովում է, որ հանրությունն ընդգրկվի, որ յուրաքանչյուր անձը կարողանա դիմել ու ենթադրվում է, որ մրցույթը պետք է լինի բաց ու թափանցիկ: Իսկ նախկինում այս ամենն արվում էր կուլիսների հետևում: Չգիտենք կառավարության որ մակարդակում, բայց ընտրվում էր 3 թեկնածու։ Ինչպես  ինչ չափարոշիչներով հանրությունը չգիտեր, չէր մասնակցում: Իսկ եթե չէր մասնակցում, չէր էլ վերահսկում»,- ասում է։

Փորձագետը նկատում է, որ փոփոխությունները գալիս են եվրոպական կառույցներից. այնտեղ արդեն տևական ժամանակ դիսկուրս կա այն թեմայի շուրջ, որ Եվրադատարանի դատավորների ընտրության կարգը փոփոխության կարիք ունի, մասնավորապես՝ անհրաժեշտ են մեխանիզմներ, որոնցով նաև քաղաքացիական հասարակությունը ներգրավվելու հնարավորություն կունենա։

Հանձնաժողովն առաջիկայում մրցույթի մասին հայտարարությամբ կհրապարակի թեկնածուներին ներկայացվող պահանջները: Արա Ղազարյանն ասում է, որ դրանց ծանոթանալուց հետո միայն ինքը, նաև նրանք, ովքեր առաջադրվելու ցանկություն ունեն, վերջնական որոշում կկայացնեն ՝ մասնակցե՞լ մրցույթին, թե՞ ոչ: Մտավախություններն առայժմ կապվում են պահանջների գնահատման փուլի հետ: Փորձագետը կարծում է, որ այս հարցում հանձնաժողովը լայն հայեցողության ունի։ «Պետք է տեսնել, թե ինչ եղանակով են գնահատելու դիմողներին: Կարգի ընդհանուր դրույթների մեջ նշվում է «առավելագույն միավորի բաշխում» հասկացությունը. սա արդեն մի քիչ դժվարանում եմ հասկանալ»։:

Ազգային դատավորի ընտրությունը կկատարվի հենց ԵԽԽՎ նստաշրջանի ընթացքում, ամենայն հավանականությամբ ՝ ձմեռային: Մինչ այդ Հայաստանում, ենթադրելի է, արդեն ընտրված կլինեն 3 թեկնածուները: Ի դեպ, չի բացառվում, որ ԵԽԽՎ-ն նրանցից և որևէ մեկին հավանության չարժանացնի ու ցուցակը հետ վերադարձնի: Նման իրավիճիկում հայտնվել է, օրինակ, Սերբիան։ «Չեմ ասում կոշտ ձևակերպումով, բայց դիվանագիտական անհաճո տոնով ԵԽԽՎ-ն նշել էր, որ հավակնորդներից և ոչ մեկի թեկնածությունն ընդունելի չէ: Եվրոպական դատարանում պահանջներն ընդհանուր առմամբ խստացվում են»։

Ցուցադրել ավելի
Back to top button