Տնտեսական

Բնապահպաններ շարունակում են պայքարել Թուխմանուկի ոսկու հանքի շահագործման դեմ

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

Արագածոտնի մարզի Մելիք գյուղի մոտակայքում գտնցող Թուխմանուկի ոսկու հանքի շահագործման դեմ բնապահպանների պայքարը շարունակվում է: Նրանց հերթական բողոքի ձայնի հիմնական պատճառը վերջերս ստացած տեղակտվությունն է, օգոստոսի վերջին նրանք պարզել են, որ բնապահպանության նախարարությունը հունիսին դրական եզրակացություն է տվել Թուխմանուկի ոսկու հանքի երրորդ պոչամբարի նախագծին: Դիմել են բնապհապանության նախարարին և խնդրել, որ նա դրական եզրակացությունը չեղյալ հայտարարի: Արամայիս Գրիգորյանին, ի դեպ, իրենց մոտ են հրավիրել նաև Մելիք գյուղի բնակիչները՝ առաջարկելով իրավիճակին տեղում ծանոթանալ:

Բնապահպանների հերթական դժգոհությունը կրկին հանքարդյունաբերությունից է, այս անգամ նրանք շարունակում են բողոքել Թուխմանուկի ոսկու հանքի շահագործման դեմ: Նրանց դժգոհության հերթական ալիքը կապված է տեղեկատվության հետ, որը վերջերս են միայն իմացել, օգոստոսի սկզբին տեղեկացել են, որ բնապահպանության նախարարությունը հունիսին դրական եզրակացություն է տվել Թուխմանուկի ոսկու հանքի երրորդ պոչամբարի նախագծին, նախագիծ, որը իրավաբան Արթուր Գրիգորյանի խոսքով, մերժել էր անգամ բնապահպանության նախկին նախարար, Կոտայքի ներկայիս մարզպետ Արամ Հարությունյանը:

«Այդ պոչամբարի նախագիծը տվել են, որը գտնվում է գյուղի աջ հատվածում, պայմանական ասած, ու նաև հիմա ներկայացրել են նոր նախագիծ, որտեղ պոչամբարը գտնվում է լրիվ ուրիշ վայրում»:

Արթուր Գրիգորյանն ու բնապահպանները վստահեցնում են, որ նոր հանքավայրի ընդլայնված նախագծով կառուցվելիք պոչամբարը հինգ անգամ ավելի մեծ է լինելու: Բնապահպան Սեյրան Մինասյանը դեմ չէ, որ հանքավայրը շահագործվի, պարզապես ցանկանում է, որ Մեգա Գոլդ ընկերությունը այն շահագործի ճիշտ այնպես, ինչպես շահագործում է օրինակ, Չիլիում: Խնդրին ճիշտ լուծում չտրվեու դեպքում, բնապապհպանը պատրաստվում է դիմել ԱՄՆ Սենատին , մինչ այդ, սակայն, ևս մեկ անելիք ունի.«Ես հիմա պատրաստվում եմ մի նամակ գրել ՀՀ նախագահին, որպես ինստիտուտի, քանի որ ես համարում եմ, որ մեր բարձրագույն ինստիտուտն է: Եթե դա էլ արդյունք չտա, ես ստիպված դիմելու եմ Ամերիկյան Սենատին ու Կոնգրեսին, որովհետև Ամերիկյան կազմակերպություն է, ու եթե այդ կազմակերպությունը ԱՄՆ-ում այդպիսի խախտումներ աներ, վաղուց նրա հետքը չէր երևա: Դիմում են տալիս չեղած նախագծի համար գյուղից վերև, իրականում ներկայացնում են գյուղից ներքևի նախագիծ, որը պետք է սկսվեր 2010թ, որի բնապահպանական մասը արվում է 2013թ»:

Թուխմանուկի ոսկու հանքավայրը գտնվում է Արագածոտնի մարզի Մելիք գյուղի արևելքում՝ գյուղից մոտ 1,5 -2 կմ հեռավորության վրա: Բնապահպան Գրետա Գաբրիելյանն այսօր մեկ անգամ ևս փոխանցեց Մելիք գյուղի բնակիչների անհանգստությունը, նրանք շնչառական խնդիրներ ունեն, այգիները չորանում են, մշտապես ինչոր սպիտակ հեղուկանման զանգված է նստում հողերի վրա:

Հիշեցնենք, որ Թուխմանուկի ոսկու հանքը շահագործում է ՄԵԳՈ ԳՈԼԴ ընկերությունը: Բնապհապան Գրետա Գաբրիելյանը ասում է, որ ընկերությունը հանքի շահագործման թույլտվության 2005թ ստացած իրավունքով պետք է աշխատեն երկու տարի բաց եղանակով՝ մշակելով տարեկան 76500 տոննա հանքաքար,ևս 6,5 տարի նրանք պետք է աշխատեին ստորեգետնյա եղանակով՝ տարեկան 168 500 տոննա հանքաքար մշակելով.

«Սակայն այդ երկու տարին ավարտվելուց հետո 2008-ից նրանք արդեն պետք է ըստ պայմանագրի ներկայացրած լինեին ստորգետնյա հանքի նախագիծը և հաստատած, որպեսզի անցնեին ստորգետնյա հանքին: Առ այսօր դա արված չի, շարունակում են աշխատել բաց հանքով, այսինքն 2008-ից սկսած, հետո նրանց երկարացրել, ժամկետ են տվել, ևս երկու տարի բաց են աշխատել: Լավ, 2010-ից պետք է արդեն անցած լինեին ստորգետնյա հանքի շահագործմանը, որը մինչև այսօր արված չի»:

Բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանին, ի դեպ, Մելիք գյուղի բնակիչները իրենց մոտ են հրավիրում՝ իրավիճակին տեղում ծանոթանալու նպատակով: Սա նախարարին ուղղված միակ նամակը չէր, բնապահպանները դիմել են ոլորտի պատասխանատուին, որպեսզի վերջինս չեղյալ հայտարարի դրական եզրակացություն ստացած Թուխմանուկի ոսկու հանքավայրի երրորդ պոչամբարի նախագիծը: Փորձեցինք նախարարի հետագա անելիքների մասին տեղեկանալ, այսօր, սակայն, դա մեզ չհաջողվեց:

Ցուցադրել ավելի
Back to top button