Վերլուծական

Արցախի անկախության գործընթացն սկսվել է մարդու իրավունքներին ու միջազգային նորմերին համապատասխան

Կարեն Ղազարյան
«Ռադիոլուր»

Չնայած Արցախի դե յուրե ճանաչման գործընթացի ոչ ճիշտ շարունակությանը, հենց այսօր կարելի է վերադառնալ այն նորմերին, որ Արցախն անկախություն է ձեռք բերել միջազգային բոլոր իրավունքներով. այս համոզմունքն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել է «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ նախագահ, ՀՀ ԳԽ Արցախի հարցերով հատուկ հանձնաժողովի գլխավոր փորձագետ, ԼՂՀ ԳԽ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի փորձագետ Լարիսա Ալավերդյանը: Այն, որ Արցախն իր անկախությունը հռչակել է ժամանակին գործող իրավական բոլոր նորմերի պահպանմամբ, այսօր կարեւորել է նաեւ պատմաբան, ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանը: Նրա խոսքով` ամեն ինչ տեղի է ունեցել նաեւ պատմական անհրաժեշտ պահին: 

Էդիկ Մինասյանի խոսքով` Արցախն իր անկախությունը հռչակեց ճիշտ այն պահին, երբ Ադրբեջանը հայտարարել էր իրեն անկախ պետություն եւ Մուսաֆաթական Ադրբեջանի իրավահաջորդ, իսկ անկախ Ադրբեջանի կազմում Ղարաբաղը երբեք չի եղել։

Լարիսա Ալավերդյանը նկատեց, որ դրված խնդիրը լուծվեց փաստացի, սակայն դե ֆակտո հայկական դիվանագիտությունը այդպես էլ չկարողացավ հասնել նրան, որ ԼՂ անկախությունը ճանաչվի, թեպետ, ըստ Լարիսա Ալավերդյանի, դրա հնարավորությունը կար 92-ին եւ 94-ին, սակայն առաջին հերթին ՀՀ դիվանագիտական միտքն ու մարմիները չկարողացան, որ դե յուրե ճանաչումը տեղի ունենա։ «Ցավոք՝ այդ գործընթացները տեղի չունեցան եւ այսօր երիտասարդ սերնդի վրա է մնացել Արցախի լեգիտիմությունը, օրինականությունը հասցնել դե յուրե ճանաչման»,- ասում է։

Հենց այսօր էլ կարելի է ցույց տալ, որ Արցախի անկախության գործընթացն սկսվել է մարդու իրավունքների ու միջազգային նորմերին համապատասխան, ուղղակի հետագայում խեղաթյուրվել է այն և բերվել այլ դաշտ, շեշտեց իրավապաշտպանը: Նրա խոսքով` վիճակը բերել ենք նրան, որ Ադրբեջանն ավելի մեծ պայմաններ է առաջադրում, քան Հայաստանն ու Արցախը։ 90-ականներին Արցախի ճանաչման ավելի մեծ հնարավորությունների առումով Լարիսա Ալավերդյանի տեսակետը կիսեց նաեւ Էդիկ Մինասյանը։

Լարիսա Ալավերդյանը նաեւ մեծ սխալ համարեց այն, որ կոնֆլիկտը ադրբեջանա-ղարաբաղյան կոնտեքստից դուրս բերվեց և ներկայացվեց որպես հայ-ադրբեջանական կոնֆլիկտ։ «Ղարաբաղի և նրա շուրջ կոնֆլիկտը չպետք է վերանվանվեր ադրբեջանահայկական կոնֆլիկտ: Ես այստեղ տեսնում եմ ոչ պատշաճ աշխատանք եւ դա ակնհայտ ոչ ճիշտ քաղաքական կուրս էր»։

Հայկական կողմի ջանքերը, ըստ նրա, պետք է ուղղված լինեն նրան, որ ակտիվանա Արցախը և ընդգրկվի բոլոր միջազգային ծրագրերի մեջ։ ԼՂՀ ճանաչման հարցում որոշակի առաջընթաց է նկատվում միջազգային հարթությունում: Էդիկ Մինասյանը նկատեց, որ Կալիֆորնիան ԱՄՆ 5-րդ նահանգն էր, որ ճանաչեց ԼՂՀ անկախությունը:

Այս որոշումը, «Կովկաս» ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանի գնահատմամբ, սակայն, չի կարելի գերագնահատել, քանի որ այն ոչ մի իրավաբանական ուժ չունի։ «Այդ ճանաչումը, իհարկե, իրավական նշանակություն չի կարող ունենալ, քանի որ Նահանգների ընդունումը չի ներառվում պետության ճանաչման կամ չճանաչման շրջանակում։ Դա ավելի շատ հոգեբանական գործոն է, ինչը ցույց է տալիս Կալիֆորնիայի հայության լոբբինգի ուժը, որ կարող է աշխատել ոչ միայն Հայաստանում»։

Քաղաքագետը միաժամանակ նկատեց նաեւ, որ այդ ճանաչումն ունի, իհարկե, քաղաքական նշանակություն, քանի որ այդ նահանգը համարվում է ԱՄՆ նահանգներից ամենահայկականը, բացի այդ ամենամեծն է բնակչության քանակով, այնտեղից ընտրված սենատորները մեծ դեր ունեն Սենատում: «Եթե նույնիսկ ԱՄՆ 44 նահանգներն էլ ճանաչեն ԼՂՀ անկախությունը, իրավաբանորեն դա ոչինչ չի փոխի, իսկ քաղաքական առումով՝ գուցե»,- եզրափակեց քաղաքագետ Ալեքսանդ Իսկանդարյանը։

Back to top button