Սպորտ

Օլիմպիական երկու ոսկի՝ պատանեկան խաղերից

Լենա Բադեյան
«Ռադիոլուր»

Չինաստանում անցկացված պատանիների 2-րդ օլիմպիական խաղերը Հայաստանի հավաքականի համար արդյունավետ է եղել: Տարբեր մարզաձեւերում նվաճելով 5 մեդալ Հայաստանի հավաքականը զբաղեցրել է 22-րդ տեղը: Ի դեպ` այս խաղերից հետո Հայաստանն ունի միանգամից երկու օրիմպիական չեմպիոն, որոնք արդեն պատրաստ են անցնելու մեծերի հավաքականի կազմ: Մարզիչները պնդում են, որ այդ երիտասարդներից Հայաստանը մեծ սպասելիքները պետք է ունենա արդեն Ռիո-2016-ի օլիմպիադայում։ 

Միանգամից երկու օլիմպիական չեմպիոն Հայաստան վերադարձավ Չինաստանից, որտեղ օրերս անց էր կացվում ամառային պատանեկան օլիմպիադան: Երկու ոսկին էլ հայ մարզիկները նվաճել են ծանրամարտում: 17-ամյա Հակոբ Մկրտչյանը եւ Սիմոն Մարտիրոսյանը ամենաշատը հպարտանում են, որ կարողացել են հնչեցնել Հայաստանի օրհներգը եւ հաղթանակից հետո առաջին զգացումը հպարտությունն էր. այսօր անձամբ պատմել են լրագրողներին:

Հավաքականի մարզիչ Վիգեն Խաչատրյանը նշել է, որ տղաների հաղթանակը պատահական չէր, նրանք պատրաստ էին դրան, ինչպես նաեւ պատրաստ են անցնել մեծերի հավաքականի կազմ: Չի բացառվում, որ պատանի օլիմպիական չեմպիոններն արդեն 2016-ի Օլիմպիադային լուրջ մրցակից դառնան անվանի մարզիկներին:

Համենայն դեպս՝ մեր հավաքականի կազմը թարմանալու է, ասում է Վիգեն Խաչատրյանը։ «Այսպիսի թիմ կերազի ցանկացած մարզիչ, այսպիսի դաստիարակված երեխաներ: Կարեւոր չի տեխնիկապես լավ են, թե ֆիզիկապես թույլ կամ ուժեղ, կարեւորը, որ լավ մարդ են, ձգտում են, իրենք գիտեին` ինչի համար են եկել: Դա պատահականություն չէր, իրենց պատահական մարդիկ չէին եւ լավ պատրաստվել էին»։

Ինչպես ասվում է, «աստղային հիվանդություն» պատանի օլիմպիական չեմպիոնները դեռ չունեն, լրագրողների ուշադրությանը սովոր չեն ու նույնիսկ կաշկանդվում են հարցերից։ Առաջին ոսկին Հայաստանի հավաքականին բերեց 77 կգ քաշային ծանրորդ Հակոբ Մկրտչյանը, ինչպես լրագրողներն են կատակում՝ <Առաջին ամաչկոտ գյումրեցին>:

Պատանի ծանրամարտիկի համար սեփական հաղթանակը անակնկալ է եղել, լուրջ մրցակիցներ ուներ, այդ պատճառով էլ պատվանդանին կանգնած իրեն հերոս էր զգում: «Տպավորություններս շատ մեծ էին, ամեն ինչ շատ լավ է ընթացել, մենք շատ ուրախ եկանք Հայաստան, երկու ոսկե մեդալով»։

Գերծանր քաշային Սիմոն Մարտիրոսյանն իր հերթին նշեց, որ հաղթանակից հետո իր կյանքում ոչինչ չի փոխվել: Ծանրաձողն իր համար մնում է ամենակարեւորը: Խոստովանում է՝ «ծանրաձողից դուրս` կրկին ծանրաձող, այլ հետաքրքրությունների համար էլ ժամանակ չի մնում»։ «Ինձ համար տարբերություն չկա, ուղղակի ես պետք է գնամ իմ ծանրաձող բարձրացնեմ ու վերջ: Օլիմպիական ոսկուց հետո ոչինչ չի փոխվել, ուղղակի այդ պահին, հաջորդ օրը շատ հպարտություն ապրեցինք, որ Չինաստանում մենք հնչեցրեցինք մեր օրգհներգը»։- ասում է։

Այս պահին երկու ծանրամարտիկի երազանքները նույնն են` նվաճել Ռիո-2016-ի ուղեգիր եւ արդեն մեծահասակների օլիմպիադայից վերադառնալ մեդալներով:

Ցուցադրել ավելի
Back to top button