Սարդարապատի դպրոցում ուստարին սկսվեց Արարատ Խանոյանի հուշաքարի բացմամբ


Սաթիկ Իսահակյան
«Ռադիոլուր»- Արմավիր
Արմավիրի մարզի Սարդարապատի դպրոցում Գիտելիքի օրվա կապակցությամբ այսօր խաչքար հուշաքար և հուշատախտակ է տեղադրվել, մեկ ամիս առաջ՝ հուլիսի 31-ին դիվերսիայի հետևանքով կյանքը զոհած զինծառայող Արարատ Խանոյանի հիշատակին, դպրոցի Հայոց լեզվի ու գրականության դասասենյակն էլ անվանակոչվել է Արարատ Խանոյանի անունով։ Գիտելիքի օրվան նվիրված միջոցառմանը մասնակցել են նաև նրա ծնողներն ու հարազատները:
Արմավիրի մարզի Սարդարապատի միջնակարգ դպրոցում գիտելիքի օրվան նվիրված միջոցառումն այս տարի տարբերվում էր մյուսներից: Մեկ ամիս առաջ՝ հուլիսի 31-ին, դիվերսիոն հարձակման զոհ էր դարձել դպրոցի նախկին շրջանավարտ Արարատ Խանոյանը, ով դպրոցում միշտ աչքի է ընկել իր կարգապահությամբ ու աշխատասիրությամբ: Կորուստը ծանր է ոչ միայն հարազատների, այլեւ նաև դպրոցի կոլեկտիվի և համագյուղացիների համար: Թերևս դա էր պատճատը, որ դպրոցն անմիջական նախաձեռնություն ցուցաբերեց և նրա հիշատակը հավերժացնելու նպատակով քայլեր ձեռնարկեց:
Սարդարապատի միջնակարգ դպրոցի տնօրեն Անահիտ Մանուկյանը նշեց, որ համագյուղացիներն ակտիվորեն մասնակցել են խաչքարի, հուշատախտակի ստեղծման աշխատանքներին: Արարատը տան միակ արու զավակն էր, նրա ծնողները կսկիծը սրտերում, արցունքն աչքերին ներկա էին սեպտեմբերմեկյան միջոցառմանը: Արարատ Խանոյանի մայրը՝ Անահիտ Վարդանյանը, ցանկություն հատնեց, որ բոլոր տղաներն իր որդու նման արիություն ցուցաբերեն, պաշտպան կանգնեն հայրենիքին:
Արարատ Խանոյանի դասղեկի՝ Հայոց լեզվի և գրականության դասասենյակն այսօր անվանակոչվեց զոհվածի զինվորի անվամբ, դպրոցի պատին փակցվեց հուշատախտակ և կանգնեցվեց փոքրիկ խաչքար: Ներկաներին ողջույնի խոսք ասաց Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը. «Շնորհավորում եմ բոլոր դպրոցականներին, հատկապես առաջին դասարանցիներին,ն ովքեր մեր երկրի ապագայի կերտողներն են: Արարատը և հայրենիքի համար կյանքը զոհածները միշտ կապրեն մեր սրտերում»,- ասաց։
Արմավիրի մարզի 114 դպրոցում այս տարի առաջին անգամ դպրոց կհաճախի 3507 աշակերտ, որից 73-ը՝ Սարդարապատի դպրոցում։ Թերևս այս թիվը կարող է ավելանալ եզդի ազգաբնակչության յայլաներից իջնելուց հետո։ Սարդարապատի դպրոցում մի շարք երեխաներ պարգևատրվեցին պատվոգրերով ամառվա ընթացքում մի շարք ծրագրերի ակտիվ մասնակցելու համար, որի շնորհիվ բարեկարգվել է դպրոցի խաղահրապարակն ու տեղադրվել են նոր խաղեր, ձեռք են բերել զգեստապահարաններ:
Սարդարապատի միջնակարգ դպրոցից 1 աշակերտ այժմ սովորում է Գերմանիայում,գերմաներեն լեզվի դիպլոմ ստացած 30 շրջանավարտի 18 տարին լրանալուց հետո նրանք նույնպես կարող են ուսումը շարունակել Գերմանիայում: