ԿարևորՀասարակություն

Մեկնարկեց նոր ուսումնական տարին

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

2014-2015 ուսումնական տարվա մեկնարկը տրված է։ Այսօր 40 հազար երեխա առաջին անգամ դպրոց է ոտք դրել, մոտ տասը հազար երիտասարդ էլ համալրել է ուսանողների շարքերը: Այսօր վաղ առավոտից չեն դադարում հնչել Գիտելիքի օրվան նվիրված շնորհավորանքներն ու միջոցառումները: 

Վեցամյա Մանեն այսօր իր շուրջ 40 հազար հասակակիցների նման առաջին անգամ ոտք դրեց դպրոցի շենքից ներս, հուզված էր, ինչպես իր մյուս հասակակիցները, ոտնավորը հատուկ այսօրվա համար էր սովորել։ Դպրոցի մասին նրա պատկերացումները դեռ հստակ չեն, հստակ է մի բան՝ երբ մեծանա մանկաբույժ է դառնալու, հստակ գիտի նաև, թե ինչ է մաղթում իր հասակակից ծանոթ ու անծանոթ փոքրիկներին. «Ուզում եմ, որ բոլորը դպրոց գնան, լավ սովորեն, որ Հայաստանում խաղաղություն լինի, որ պատերազմ չլինն»։

Երեխաներին դպրոց ճանապարհող յուրաքանչյուր ծնող մտովի հետ է գնում, վերլուծում անցած տարիներն ու հասկանում, թե որքան արագ անցան դրանք: Փոքրիկներն իհարկե դեռ չեն հասկանում, որ դպրոց հաճախելը նոր ու լուսավոր էջ է բացում նրանց կյանքում: Այսօր հանրապետության բոլոր ուսումնական հաստատություններում տոնական տրամադրություն է՝ ժպիտ, հուզմունք, ծաղիկներ։

Տարիներ հետո փոքրիկ Դավիթը ժպիտով է հիշելու, թե ինչպես էր այսօր՝ սեպտեմբերի 1- ին աշակերտական շարքերի մեջ լացով մայրիկին փնտրում, և թե ինչպես էր լացող փոքրիկին իր մյուս հասակակից ընկերը հանգստացնում. «Մեր մամաները մեզ սպասում են, մենք գրքերը ստանալու ենք ու գալու են մեր մամաները»։

Օրը տոնական էր նաև երեխաներին դպրոց ճանապարհող ծնողների համար, յուրաքանչյուր ծնող դպրոցն ընտրել է տարբեր նկատառումներից ելնելով՝ մեկը ցանկանում է, որ իր երեխան հեղինակավոր դպրոց հաճախի ,մյուսն էլ՝ որ տանը հնարավորինս մոտ լինի։

2014-2015թթ ս ուսումնական տարում կրթության ու գիտության նախարարությունը անակնկալ կմատուցի երկու մարզերի՝ Վայոց ձորի և Սյունիքի դպրոցների տարրական դասարանների երեխաներին: Մեկնարկում է «Մանկական սնունդ» տարրական դասարանների աշակերտների համար ծրագիրը: Կրթության ոլորտի պատասխանատուները շարունակում են վստահեցնել, որ տարեց տարի վերանորոգվող ու ջեռուցվող դպրոցների թիվն ավելանում է: Իսկ նախարարության որդեգրած քաղաքականությունն այսօր լրագրողներին փոխանցեց ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննսիյանը. «Մոտեցումը հետևյալն է, որ ոչ մի դպրոց չի փակվելու, որ դպրոցները պետք է աշակերտներ ունենան: Ինչ վերաբերում է այն դպրոցներին, որոնք առաջին դասարան չունեն, նրանք ունեն բարձր դասարանցիներ և դպրոցները պետք է գործեն»։

Նարինե Հովհաննիսյանը փոխանցեց, որ աշակետրների վերջնական տվայալները պարզ կլինեն արդեն սեպտեմբերի հինգին: Նախնական տվյալներով՝ այս տարի առաջին դասարան է հաճախում 40 հազար երեխա: Դեռ պարզ չէ նաև, թե քանի մարզի քանի համայնքում առաջին դասարան չի լինի, հանրակրության վարչության պետը առայժմ տեղյակ էր միայն Արագածոտնի մարզի երկու դպրոցներից, որտեղ այս տարի առաջին դասարան չեն ունենա։

Ցուցադրել ավելի
Back to top button