Մշակույթ

«Կրակե օղակը»՝ Շուշիում

Լուսինե Ավանեսյան
«Ռադիոլուր»- Ստեփանակերտ

Այսօր հինավուրց Շուշիի բերդապարիսպը վեր է ածվելու բեմահարթակի: Այդտեղ երեկոյան բեմադրվելու է Ավետ Տերտերյանի «Կրակե օղակ» օպերան: Արմատներով արցախցի կոմպոզիտորի ստեղծագործության արցախյան առաջնախաղը նվիրված է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տոնին, որը նշվելու է վաղը։

Արդեն երկրորդ տարին է, ինչ հանրապետության հռչակման տոնն Արցախում նշվում է օպերային ներկայացմամբ, ու երկրորդ տարին է, ինչ բնական դեկորացիայի դեր խաղում է Շուշիի համայնապատկերը:Անցյալ տարի Ռեալական ուսումնարանի ֆոնին բեմադրվեց Անդրեյ Բաբաևի «Արծվաբերդը», իսկ այս տարի Շուշիի բերդապարիսպի համայնապատկերի վրա բեմականացվելու է Ավետ Տերտերյանի «Կրակե օղակ» օպերան` երկու գործողությամբ:

Շուշիի ամրոցում արդեն մի քանի շաբաթ է ներկայացման տեխնիկական ապհովման աշխատանքներ են ընթանում: Երեկ վերջին փորձն ու կատարված աշխատանքի ստուգատեսն է։ Այս երեկո արդեն հանդիսատեսը հնարավորություն կունենա ըմբոշխնել արմատներով շուշեցի Ավետ Տերտերյանի՝ իր իսկ բնութագրմամբ իրավիճակների օպերան՝պատերազմի, խաղաղության և սիրո մասին: Նախագծի հեղինակը կարծում է, որ Շուշիի մթնոլորտը համահունչ է օպերայի ոգուն:

Ինչպես անցյալ տարի, այս անգամ էլ օպերային տոնն Արցախում կայանում է ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի հովանու ներքո: Ներգրավված են օպերային արվեստի հայտնի կատարողներ, Ալ . Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի սիմֆոնիկ նվագախումբը, բալետային խումբը, Հայաստանի պետական կամերային, «Հովեր» պետական կամերային, «Սպեղանի» երիտասարդական երգչախմբերը։

Նշեմ, որ «Կրակե օղակը» ծնվել է1967 թվականին: Նույն տարում էլ բեմադրվել է Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ակադեմիական թատրոնում: Ստեղծագործության հիմքում Բորիս Լավրենյովի «Քառասունմեկերորդը» պատմվածքի իրադարձություններն են: Լիբրետոյի հեղինակը Վլադիմիր Շահնազարյանն է: Նախագծի հեղինակ և գեղարվեստական ղեկավար Սարինե Ավթանդիլյանը համոզված է, որ չնայած ժամանակաշրջանի փոփոխությանը և մոտ հիսունամյա վաղեմությանը օպերան այսօր է արդիական է, քան՝ երբևէ։

«Կրակե օղակի» արցախյան առաջնախաղը նվիրված է Ավետ Տերտերյանի ծննդյան 85-ամյակին։ Նախագծի կայացմանն աջակցել են ՀՀ մշակույթի և ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարությունները:

Back to top button