Հասարակություն

Ինչպես արձակուրդից հետո անցնել աշխատանքային ռեժիմի

Կարեն Ղազարյան
«Ռադիոլուր»

Հոգեբան Սամվել Խուդոյանը նկատում է, որ արձակուրդից հետո աշխատանքի անցնելով, մարդն զգում է անտարբերություն ու թուլություն, նրա մոտ առաջանում են հիասթափության պահեր: Այդ ամենը, ըստ հոգեբանի, հանգիստը ոչ ճիշտ կազմակերպելու արդյունք է: Բանախոսի ձեւակերպմամբ` ճիշտ հանգստանալու համար պետք է գնալ այնտեղ, որտեղ սիրտդ է ձգում, ոչ թե այնտեղ, որտեղ գնում են բոլորը։

Հոգեբանի խորհուրդն այն է, որ մարդն իր հանգիստը պետք է կազմակերպի իր կատարած աշխատանքին ճիշտ հակառակ ձեւով: Այսինքն` պետք է ընտրել աշխատանքին հակառակ հանգիստ: Ավելի պարզ՝ եթե ունես ակտիվ աշխատանք, ապա ավելի ճիշտ կլինի պասիվ հանգիստ ընտրելը։ «Լավ նշան է, եթե դու արձակուրդից հագենում ես: Այսինքն` եթե դու հագեցել ես եւ ուզում ես գնալ աշխատանքի, դա նշանակում է, որ դու եւ ճիշտ ես հանգստացել, եւ նորմալ քանակով»։

Հանգստի նորմալ քանակն էլ, հոգեբանի ձեւակերպմամբ, 24 օրն է։ Դա այն ժամանակահատվածն է, երբ մարդը կարողանում է եւ հարմարվել նոր պայմաններին, եւ նորմալ հանգստացած վերադառնալ: Այնինչ, հոգեբանի գնահատմամբ, քիչ ժամանակով հանգիստը կիսահանգստացած վիճակ է առաջացնում, որն էլ իր հերթին լուրջ խնդիրների է հանգեցնում։

Սամվել Խուդոյանը նկատեց, որ աշխատողների մեծ մասն արձակուրդ է վերցնում հիմնականում ամռանը: Ըստ նրա` դա լրացուցիչ ադապտացիայի խնդիր է առաջացնում։ Նա սխալ է համարում նաեւ, երբ մարդն ընդհանրապես հանգսստի գաղափարը չի ընդունում, չի զգում հանգստի անհրաժեշտությունը: Այդպիսիները համարվում են աշխատամոլներ: Նրանք չեն զգում հոգնածություն, սակայն դա կարող է հաճախ լուրջ հիվանդությունների տեսքով հանդես գալ:

Ինչ վերաբերում է հանգստից հետո աշխատանքային ռեժիմի անցնելու հետ կապված սթրեսային վիճակներին, «շատ հաճախ այդ անհարմար վիճակը չի գիտակցվում: Չի գիտակցվում, որ դա հարմարվելու պահն է եւ մարդուն թվում է, թե իր հետ ինչ-որ մի բան է կատարվում` ուրիշ խնդիրներ են: Պետք է ուղղակի նկատի ունենալ, որ շատերի մոտ այդ վիճակը լինում է ընդամենը մեկ շաբաթից ոչ ավելի: Մեկ շաբաթից նրանք մտնում են լիովին ռիթմի մեջ»։

Հոգեբանը խորհուրդ է տալիս արձակուրդից մի քանի օր շուտ նախապատրաստվել աշխատանքին, ռեժիմը փոփոխել մի քանի օր շուտ։

Ցուցադրել ավելի
Back to top button