Տնտեսական

Դիդիյե Ֆոլենը կոչ է անում փոխել պատկերացումները հանքարդյունաբերության վերաբերյալ և գնալ երկխոսության

Շաքե Ավոյան
«Ռադիոլուր»

Ամուլսարը Վայոց ձորի և Սյունիքի սահմանին ոսկու հանքավայր է, Ջերմուկից մոտ 12 կիլոմետր հեռավորության վրա: Ոսկու կորզման մեթոդը կույտային տարրալվացումն է, որը առաջին անգամ է կիրառվելու Հայաստանում, «Ռադիոլուրի» հետ հարցազրույցի ժամանակ բացատրեց «Լիդիան ինթերնեյշնլ» ընկերության գործադիր փոխնախագահ Դիդիյե Ֆոլենը։

Նա մանրամասն պատմեց, թե ինչ մեթոդով են նախատեսում իրականացնել ոսկու արդյունահանումը, որպես գոյություն ունեցող մեթոդներից լավագույնն ու ամենաապահովը բնապահպանական տեսակետից. «Կույտային տարրալվացման առավելությունը այն է, որ այն լիովին փակ ցիկլով աշխատող համակարգ է ջրի և սիստեմից որևէ հոսքի առումով և այն չի առաջացնում պոչամբար: Շահագործման ավարտից հետո կույտային տարրալվացման հարթակը լիովին վերակագնվում է: Մենք այսօր արդեն ծրագրում ենք ունենալ անտառապատման ծրագիր, որը կիրականացվի հանքի ենթակառուցվածների տեսանելիությունը նվազեցնելու նպատակով»։

Բազմաթիվ այլ երկրներում, ինչպես Կանադան, ԱՄՆ-ը, Ավսրտալիան, Չիլին, Ռուսաստանը, Չինաստանը, «Լիդիանի» նման ընկերությունները հանքեր են շահագործել միջազգային լավագույն փորձին համապատասխան` առանց վնասելու շրջակա միջավայրը, ասում է ընկերության փոխնախարարը՝ հավելելով, «Մենք հանքերը պատասխանատու կերպով ենք շահագործում՝ լիովին թափանցիկ աշխատելով, վերահսկելով բնապահպանական և սոցիալական ազդեցությունը: Լուրջ ենք վերաբերվում մեր աշխատողների և հանրության առողջության և անվտանգության խնդիրներին»։

Ֆոլենը պատմեց նաև իրենց կողմից կատարվող և առաջիկայում նախատեսվող ներդրումների մասին` ուշադրության հրավիրելով այն փաստի վրա, որ իրենք այսօր խոշորագույն ներդրողներից են Հայաստանում. «Մենք ծրագրում ենք ներդնել մոտ 320 մլն դոլար, գումարած 60 միլիոն տեխնիկայի մեջ: Ընդհանւոր առմամբ՝ նախնական ներդրումը կկազմի մոտ 380 մլն դոլար»:

Հանքի շահագործման 11 տարվա ընթացքում նախատեսում ենք մոտ 950 մլն դոլարի գործառնական ծախսեր: Նախատեսվում է շինարարոթյան ընթացքում ունենալ մոտ 1500 աշխատատեղ և շահագործման ընթացքում 780 մշտական աշխատատեղ: Հարկերը կկազմեն տարեկան մի քանի տասնյակ միլիոն դոլար, և ծրագիրը զգալի ազդեցություն կունենա նաև տեղական համայնքներում, նկատում է փոխնախագահը։

Այդուհանդերձ, չնայած այս ամենը բացատրվում է, բնապահպան կազմակերպությունների բողոքը չի նվազում, նրանք ընդգծված բացասական վերաբերմունք ունեն հանքարդյունաբերության նկատմամբ ընդհանրապես, իսկ Ամոիլսարի հանքի շահագործման նկատմամբ այսօր՝ մասնավորապես:

«Դա լիովին հասկանալի է, -ասում է Դիդիյե Ֆոլենը,- խորհրդային տարիներից մնացած հանքերի դառը տպավորությունն է թերևս պատճառը։ Կարծում եմ, որ Հայաստանի համար հանքարդյունաբերության վերաբերյալ պատկերացումները փոխելու ճիշտ ժամանակն է»։

Ի դեպ, վերջերս մի քանի ՀԿ-ներ բողոք էին ներկայացրել ընկերության դեմ, նաեւ Գնդեվազի բնակիչների շրջանում է սկսվել ստորագրահավաք հանքի շահագործումը դադարեցնելու նպատակով։ «Այո, բողոքում են և չեն ուզում ընկերության հետ երկխոսության մեջ մտնել։ Մենք առաջարկել ենք միջնորդավորված երկխոսություն, որին առայժմ դրական արձագանք չենք ստացել: Մենք բաց ենք և թափանցիկ, պատրաստ կառուցողական երկխոսության փաստերի շուրջ և կարծում ենք, դա առաջ շարժվելու միակ միջոցն է»,- ասում է։

Ինչպե՞ս եք գնահատում ձեր ներդրումային ծրագրի հեռանկարները՝ հաշվի առնելով մետաղի գների տատանումները, հարցրեցինք Դիդիյե Ֆոլենին։ Ոսկու գինը կարծում եմ աճելու հնարավորություն ունի, ասում է: «Ինչ վերաբերվում է ընդհանրապես ծրագրին, եթե ընկերությունը աշխատում է միջազգային լավագույն փորձին համապատասխան, եթե պատասխանատու ընկերություն է, ապա պետք է ծրագրի հենց սկզբից սոցիալական և բնապահպանական խնդիրները ներառի ծրագրի նախագծման մեջ` սկսած շինարարության փուլից, մինչև շահագործումն ու հանքի փակումը: Սա այն կարևոր գործողություններն են, որոնք հնարավորություն են տալիս պաշտպանելու թե բնական միջավայրը, թե համայնքների շահերը և Ամուլսարում մենք հենց այդպես ենք աշխատելու: Որպես օրինակ` մենք արդեն իսկ իրականացնում ենք որոնողահետախուզական շրջանում օգտագործված հողերի վերականգնում: Այս ամիս կավարտենք շատ մանրակրկիտ Միջազգային բնապահպանական և սոցիալական ազդեցության գնահատումը, որը ենթադրում է նաև մի քանի կառավարման պլաններ որոնց հետևելու ենք հանքի կառուցման և շահագործման ընթացքում: Եվ վերջապես, մեր միջազգային փորձագետների ներգրավմամբ պատրաստել ենք հանքի փակման մանրամասն ծրագիր, որը հանքը շահագործումից հետո պատշաճ կերպով փակելու մեր պատրաստակամության գրավականն է, ներառյալ ընթացիկ վերականգնումմը և վերջնական ռեաբիլիտացիան»:

Ընկերությունը նախատեսում է, որ հանքի շահագործման թույլտվությունը կստանան մինչեւ տարեվերջ։ «Եթե ժամանակացույցը չփոխվի, ակնկալում ենք սկսել շինարարությունը հաջորդ տարվա սկզբին, իսկ արդյունահանումը 2016 ի սկզբին, ինչպես ծրագրել ենք և ներկայացրել Հայաստանի կառավարությանը և բաժնետերերին»։

Ցուցադրել ավելի
Back to top button