Հասարակություն

Արցախում այսօր զանգը հնչեց 21 հազար դպրոցականների համար

Լուսինե Ավանեսյան
«Ռադիոլուր»- Ստեփանակերտ

Սեպտեմբերմեկյան առաջին զանգն այսօր հնչել է նաև Արցախի 219 դպրոցներում: Կրթության ոլորտի պատասխանատունները հաճույքով են նշում, որ վերջին երկու տարիներին ավելացել է առաջին դասարանցիների թիվը: Ավանդույթի համաձայն՝ առաջին դասն այսօր արցախյան դպրոցներում նվիրել են խաղաղությանն ու վաղը նշվող Հանրապետության տոնին։  

Ուսումնական տարվա առաջին զանգն Արցախում հնչել է ավելի քան 21 հազար դպրոցականների համար։ Նրանցից մոտ երկուսուկես հազարը առաջին դասարանցի են։ Կրթության և գիտության նախարար Սլավա Ասրյանը գոհունակությամբ նաև նախադպրոցական խմբերի թվի ավելացումն է նշում: Արդեն երկու տարի է, ինչ Արցախում ներդպրոցական մանկապարտեզային խմբեր են գործում, որտեղ հաճախում են հինգ տարեկանը լրացած երեխաները: Այդ քայլին կառավարությունը գնացել էր հատկապես մայրաքաղաքում մանկապարտեզները բեռնաթափելու համար։

Սեպտեմբերի 1- ին վեց դպրոցներում պետությունից ու բարերաներից երկար սպասված նվեր են ստացել` նորակառույց շենքեր: Երեկ նորամուտ են տոնել Ասկերանի շրջանի Աստղաշեն գյուղում, երեխանների բերկրանքը նաև ավագներն են կիսել: Այսօր նույնպիսի տոն էր Քաշաթաղի շրջանի Արտաշավիի, Մարտակերտի շրջանի Չափարի, Ստեփանակերտի առաջին և վեցերորդ դպրոցներում։ Կրթության և գիտության նախարար Սլավա Ասրյանը «Ռադիոլուրին» ասաց, որ ընթացքում է ևս վեց շենքի շինարարություն:

Նոր ուսումնական տարվա նորությունը Հայ բարեգործական ընդհանուր միության աջակցությամբ իրականացվող Նոր ուսումնական ռազմավարության՝ ՆՈՒՌ ծրագրի շրջանակների ընդլանումն է: Դրան կմիանան նաև շրջկենտրոնների դպրոցները։ Այսինքն՝ մի քանի հարյուրով կավելանա այն կրտսեր տարիքի աշակերտնեի թիվը, ովքեր անձնական համակարգիչներ ունեն և դրանք կիրառում են ամենօրյա ուսումանկան գործընթացում։

Այսօր Արցախի բոլոր կրթօջախներում առաջին դասն ավանդույթի համաձայն նվիրել են Խաղաղությանն ու Հանրապետության հռչակման տոնին: Աշակերտների և ուսանողների հետ հանդիպել են պետական պաշտոնյաններն ու զինվորականները: Վաղն Արցախում ոչ աշխատանքային է, և այսօրվա սեպտեմբերմեկյան սև ու սպիտակ գույներով, ծաղիկների ու փուչիկների խաղով զարդարված փողոցներում ծփալու են եռագույները, համերգային ու մարզական միջոցառումներ են լինելու: Արցախը նշելու է հանրապետության հռչակման 23-րդ տարեդարձը։

 

Ցուցադրել ավելի
Back to top button