Հասարակություն

Օգոստոսին նորմայից բարձր ջերմաստիճանն ուղեկցվեց օդի հարաբերական բարձր խոնավությամբ

Աիդա Ավետիսյան
«Ռադիոլուր»

Այս տարվա օգոստոսը հանրապետության տարածքում օդի ջերմաստիճանը գրանցվել է նորմայից բարձր, քանի որ այդ ժամանակահատվածում հանրապետության տարածքը գտնվել է Իրաքից ներթափանցած արևադարձային տաք օդային հոսանքների ազդեցության գոտում: Այս տարվա շոգն էլ հանրությունն ավելի շատ զգաց, քանի որ այս տարի բարձր էր նաև օդի հարաբերական խոնավությունը: Երեկ մայրաքաղաքում դիտվել է օգոստոսի ամենաբարձր ջերմաստիճանը` 39 աստիճան: Սակայն ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է, որ այս տարվա օգոստոսը չի կարելի ասել էքստրեմալ տաք, քանի որ 2006 թվականին նույն ժամանակահատվածում գրանցվել է մինչև 40 աստիճան ջերմություն։

Այս տարվա օգոստոսը, ըստ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանի, տարբերվում է նրանով, որ այս տարի Իրաքից ներթափանցող տաք հոսանքներն իրենց հետ բերում էին նաև խոնավության մեծ պաշարներ, ինչի արդյունքում այս տարվա շոգն ավելի դաժան էր: Սակայն սրա հետ մեկտեղ եղանակը նաև անկայուն էր։

Օգոստոսին 15 օր օդի ջերմաստիճանը տատանվել է 37-ից 39 աստիճանի սահմաններում: Երեկ մայրաքաղաքում գրանցվել է այս ամսվա ամենաբարձր ջերմաստիճանը` 39 աստիճան: Այսօրվանից տաք օդային հոսանքները փոխում են իրենց ուղղությունը և մինչև սեպտեմբերի մեկը ներառյալ օդի ջերմաստիճանը կնվազի 4-ից 5աստիճանով։ «Եթե մենք երեկ ունեցել ենք 39 աստիճան տաքություն, ապա արդեն վաղը և սեպտեմբերի մեկին մայրաքաղաքում ջերմաստիճանը չի գերազանցի 34-ից 35 աստիճանը»։

Լոռիում, Տավուշում և Սյունքիում սպասվում է ջերմաստիճանի լուրջ անկում, ասում է Գագիկ Սուրենյանը և նշում`օդի ջերմաստիճանը կնվազի 8-ից 10 աստիճանով: Ներթափանցող սառը օդային հոսանքներն իրենց հետ բերում են խոնավության պաշարներ։ Արդյուքնում՝ Գեղարքունիքում, Շիրակում, Լոռիում, Տավուշում, Արագածոտնում և Կոտայքում երեկոյան ժամերին կդիտվեն կարճատև անձրևներ և ամպրոպ։ Սակայն սեպտեմբերի երկուսից օդի ջերմաստիճանը կրկին կբարձրանա: Մոտ երեք օր այն կհասնի մինչև 36 աստիճան, իսկ դրանից հետո կրկին կնվազի։

Արարտյան դաշտում, Սյունիքի և Տավուշի հովիտներում ու մայրաքաղաքում սեպտեմբերի երկրորդ և երրորդ տասնօրյակներին օդի ջերմաստիճանը կնվազի 10-ից 12 աստիճանով: Օդերևութաբանը վստահեցնում է, որ սեպտեմբերին եղանակային էքստրեմալ պայմաններ չեն կանխատեսվում:

Ցուցադրել ավելի
Back to top button