Հասարակություն

Նախորդ տարվա համեմատ՝ Արմավիրում այս տարի աշակերտների թիվն ավելացել է 700- ով

Սաթիկ Իսահակյան
«Ռադիոլուր»- Արմավիր

Անվճար 12-ամյա պարտադիր կրթություն, ազգային երգ ու պար առարկայի ներդրում, ներառական կրթությամբ դպրոցների ընդլայնում. սրանք էին այն հիմնական բարեփոխումները, որոնք տեղ են գտել նոր ուսումնական տարում: Այս խնդրներն են քննարկվել Արմավիրի մարզում հրավիրված կրթության հերթական օգոստոսյան խորհրդակցությունում, որին մասնակցել է նաև կրթության և գիտության նախարարության կրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը։

Նոր ուսումնական տարվան ընդառաջ հրավիրված օգոստոսյան խորհրդակցությունում Արմավիրի մարզի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Գայանե Սայադյանը ամփոփեց նախորդ ուսումնական տարին: Մարզում 114 հանրակրթական դպրոցից 21- ը հիմնական ուսուցման է, 91-ը՝ միջնակարգ, իսկ 2-ը՝ հատուկ: Այս տարի նախորդ տարվա համեմատությամբ 700 աշակերտով ավելացել է դպրոցականների թիվը, որը պայմանավորված է ոչ միայն ծնելիությամբ, այլև ներգաղթով: Արմավիրի մարզի դպրոցներ են դիմել սովորելու Ուկրաինայից, Թուրքիայից, Սիրիայից վերադարձած ընտանիքների երեխաները:

Մարզի 15 դպրոցում ուսուցանվում է ազգային փոքրամասնություն ներկայացնող եզդիների ազգային լեզուն, մեկ դպրոցում էլ՝ ասորերեն: Գայանե Սայադյանը տեղեկացրեց, որ այս ուսումնական տարում լիարժեք կգործի մարզի դպրոցների կառավարման տեղեկատվական համակարգը, նախնական զինվորական պատրաստվածության դասընթացների համար 20 դպրոցում առանձնացվել են զենքերի պահասենյակներ: Այսինքն՝ դպրոցներն արդեն պատրաստ են նոր ուսումնական տարվան և սեպտեմբերի 1-ին դռները բաց կլինեն աշակերտների առջև:

Կրթության և գիտության նախարարության կրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը ներկայացրեց այն բարեփոխումները, որոնք տեղ են գտնելու այս ուսումնական տարում: 12-ամյա կրթությունը պարտադիր է լինելու բոլորի համար այնպես, ինչպես սահմանադրորեն պարտադիր է հիմնական՝ 9-ամյա կրթությունը: Ներառական կրթություն ունեցող դպրոցներից բացի առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների առջև պետք է բաց լինեն նաև բոլոր հանրակրթական դպրոցների դռները, իսկ եթե նրանց ծնողները խոչըդոտում են և չեն թողնում երեխաներին դպրոց հաճախել, ապա դա պատժելի արարք է համարվում:

Այս տարի դպրոցներում 5-րդ դասարանից ուսուցանվելու է նաև ազգային երգ ու պար առարկա: Արմավիրի մարզում փորձնականորեն ընտրվել է թիվ 5 դպրոցը և երեք ուսուցիչ կընդգրկվի պարի վերապատրաստաման դասընթացներում: 2015թ-ից կառավարությունն իր վրա կվերցնի նաև տարրական դպրոցի սննդի կազմակերպումը: 80 անուն նոր դասագրքեր են տպագրվել, սեպտեմբերի մեկին առաջին դասարանցիների համար նախատեսված նվեր դասագրքերը պետք է լինեն նրանց սեղաններին:

Անդրասդառնալով մեդալակիրներին՝ Նարինե Հովհաննիսյանը ցանկություն հայտնեց նրանց թվում տեսնել նաև արմավիրցիներին և առաջարկեց ուսուցիչներին 9-ամյա գերազանց շրջանավարտների նկատմամբ ավելի ուշադիր լինել ավագ դպրոցում և լրացուցիչ գիտելիքներ փոխանցել նրանց: Դպրոցների տնօրեններից առաջարկություն եղավ ներառական կրթության գնահատման չափորոշիչների, ինչպես նաև նախնական մասնագիտական ուսումնական հաստատությունների բացման վերաբերյալ, որպեսզի 9-ամյա շրջանավարտը կարողանա միաժամանակ ստանալ և 12-ամյա կրթություն և սովորի մասնագիտություն:

Ցուցադրել ավելի
Back to top button