ԿարևորՀասարակություն

Հայաստանի փակ դարպասը

Ալիսա Գեւորգյան
«Ռադիոլուր»

Սյունքի մարզի Եղվարդ համայնքն այսօր ունի 320 բնակիչ, մինչդեռ ժամանակին համայնքի դպրոցն ուներ 320 աշակերտ: Եղվարդը սահմանապահ գյուղ է, գտնվում է Ադրբեջանից ընդամենը մեկ կիլոմետր հեռավորության վրա: Արցախյան պատերազմի տարիներին մարդիկ կռվել ու հերոսաբար պաշտպանել են իրենց գյուղն ու սահմանը: Պատերազմից հաղթանակով դուրս եկած գյուղն այսօր, սակայն, դատարկվում է։

Երևանի հարևանությամբ գտնվող Եղվարդ համայնքի հետ որևէ ընդհանրութուն կա՞, թե՞ ոչ, Կապանի տարածաշրջանի նույնանուն համայնքի բնակիչները դժվարանում են ասել, բայց հստակ գիտեն, որ իրենց գյուղը նախկինում Աղայուրտ է կոչվել, այսինքն ՝ աղաների բնակավայր: Հայաստանի վերջին դարպասներց մեկն է Եղվարդը, սահմանապահ գյուղ, որը դարեր շարունակ դիմակայել է երկիր ներխուծ տարատեսակ թշնամիներին, հաճախ ավերվել, բայց կանգուն է մնացել։

Արցախյան պատերազմի տարիներին էլ գյուղը մեկ մարդու նման կանգնեց ու պաշտպանեց սահմանը: 91-ի ապրիլի 10-ին Եղվարդում պայթեց առաջին արկը: Այդ օրը գյուղում հարսանիք էր: Ապրիլի 24-ի առավոտյան մեծ հրաձգություն սկսվեց: «Մենք անպատրաստ, իսկ թշնամին լավ պատրաստվել էր»,- պատմում է վաստակաշատ մանկավարժ Արծվիկ Հայրապետյանը։

Պատերազմի տարիներին Եղվարդում մոտ 90 տուն է ավերվել: «Հինգ անգամ գրադը հարվածել է մեր տանը, գույք չէր մնացել: Ամեն ինչ այրվել ու քանդվել էր: 20 տարի է անցել, բայց ոչ մի փոխհատուցում չենք ստացել»,- պատմում է Արծվիկ Հայրապետյանը: Եղվարդի վրա վաղուց արկեր չեն պայթում, կրակոցներ էլ չեն հնչում, ինչպես Հայաստանի մի շարք սահմանամերձ գյուղերում, որովհետև սահմանից այն կողմ ոչ թե Ադրբեջանի, այլ արդեն ազատագրված տարածք է՝ գյուղի անվտանգության սահմանը, ինչպես տեղացիներն են ասում։

Պատերազմի ծանր տարիներին մարդիկ չփախան ու գյուղը պահեցին, բայց պատերազմից հաղթանակով դուրս եկած սահմանապահ Եղվարդն այսօր դատարկվում է։ «Սովետից հետո ոռոգման ցանցն այստեղ չի նորոգվել: Դաշտերը անձրևի հույսին են: Սովետը թփուտները յուրացրել, արտ էր դարձրել, հիմա մեր արտերը թփակալել են: Փողոցները քարուքանդ, լուսավորություն չկա, խմելու կարգին ջուր չկա»,- դժգոհում է 73-ամյա մանկավարժը:

Ապրուստ վաստակելու հույսով շատերը դռները փակել ու ուղղություն են վերցրել դեպի Կապան, Երևան կամ էլ՝ ավելի հեռու Ռուսաստան։ Համայնքի ղեկավար Սպարտակ Զաքարյանն ասում է, որ Եղվարդի ամենամեծ հոգսն այսօր ջուրն է, և խմելու, և ոռոգման:

Խորհրդային շրջանում ինը տարի այստեղ գործել է Գեղի-Եղվարդ ջրատարը: Մեկ տարի էլ այն գործել է պատերազմի շրջանում, բայց 92-ից առ այսօր այդ ջրատարով ոչ մի կաթիլ ջուր չի հոսել: Համայնքապետն ասում է, որ ջրատարն աշխատում է մինչև Սյունիք գյուղ, իսկ դրան հաջորդող Ագարակ, Խդրանց, Եղվարդ և Ուժանիս գյուղերը ջուր չունեն: Միջազգային ծրագրերի ու համայնքի միջոցներով վերանորոգվել է խմելու ջրի խողովակաշարը: Արդյունքում՝ ջրամատակարարումը կարգավորվել է, բայց ամռան ամիսներին երեք օրը մեկ է ջուր լինում, այն էլ՝ կես ժամով։

Ըստ համայնքապետի՝ Եղվարդն այսօր ունի 320 բնակիչ, իսկ ժամանակին, միայն դպրոցն ուներ 320 աշակերտ։

 

Ցուցադրել ավելի
Back to top button