Հասարակություն

ԿԳ փոխնախարարը տնօրենների «չարամիտ հարցերին» չի պատասխանում

Լենա Բադեյան
«Ռադիոլուր»

Ուսումնական տարվա մեկնարկի նախօրեին` այսօր, խորհրդակցության էին հավաքվել Երեւանի քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող դպրոցների տնօրենները: Այս տարի ավանդական խորհրդակցության ձեւաչափում փոփոխություններ էին մտցվել։ Տնօրենները նախապես ուղարկել էին իրենց հուզող հարցերը, իսկ կրթության փոխնախարարը փորձում էր պատասխանել դրանց: Մանուկ Մկրտչյանը, սակայն, հայտարարեց, որ պատասխանելու է միայն բարյացակամ հարցերին. «Չարամիտ հարցերին չեմ պատասխանելու»,- ասաց։ Հենց առաջին հարցն էլ երկրորդ տիպի հարցերից էր եւ փոխնախարարը բեմից հայտարարեց. «Այս հարցը մի կողմ ենք դնում»։

Հանրակրթական դպրոցներում աշակերտների ընդունելությունը թեեւ այս պահին դեռ շարունակվում է, բայց արդեն կարելի է խոսել աշակերտների թվի աճի մասին: Սա ունի իր հստակ պատճառները, որոնք ներկայացրեց Երեւանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը։ «Նախորդ տարվա այս օրերի դրությամբ մենք ունենք շուրջ 600 աշակերտի` առաջին դասարանցիների աճ: Եթե մենք ուսումնասիրում ենք, այս թվաքանակը մեծամասամբ բացատրվում է Ուկրաինայի դեպքերի հետ կապված, որ մարդիկ ժամանել են Հայաստան, նաեւ Սիրիայից եկող երեխաների հետ: Այդուհանդերձ՝ մեզ համար ուրախալի է, որ ունենք մենք երեխաների աճ»։

Ի դեպ՝ մեկ շաբաթ առաջ աշակերտների թիվը դեռ կազմում էր 10 500, մի քանի օրվա ընթացքում այն հասել է 11 100-ի: Ամեն դեպքում՝ դպրոցները արդեն պատրաստ են ընդունել այդ եւ ավելի թվով աշակերտների: Դպրոցների տնօրենների խորհրդակցությանը եկել էին նաեւ քաղաքապետարանի ֆինանսների եւ գնումների վարչությունների պետերը` պատասխանելու հնչեցվող բոլոր հարցերին:

Երեւանի փոխքաղաքապետ Արամ Սուքիասյանին լրագրողների կողմից ուղղված հարցերից մեկն էլ վերաբերում էր դպրոցներում ընդունված դրամահավաքին։ «Կաշառք ումի՞ց, աշակերտի՞ց։ Եթե դուք նկատի ունեք դրամահավաքը, ապա դա երեւի թե նույնիսկ չի կարելի կաշառք անվանել, սակայն որպես երեւույթ ցավալիորեն առկա է ինչ-ինչ դեպքերում: Դրամահավաք հասկացության դեմ միշտ էլ Երեւանի քաղաքապետարանը պայքարել եւ պայքարում է, հատկապես՝ թեժ գծի միջոցով, եւ պետք է ասեմ, որ տարիների ընթացքում նվազել է այդ երեւույթը եւ այսօր նախորդ տարիների ցուցանիշները չեն արձանագրվել: Իսկ դեպքեր եղած պարագայում էլ, դուք լավ գիտեք, որ նախորդ տարի միայն երեք տարբեր դպրոցներում վարչական տույժեր կիրառվեցին դրամահավաքի հետ կապված, որոնցից երկու դեպքում կարելի է ասել, որ այո, աշակերտների նկատմամբ մի քիչ սանձարձակ վերաբերմունք էր առկա»։

Դպրոցների տնօրենների հարցերին այսօր պատրաստվել էր պատասխանել նաեւ կրթության փոխնախարար Մանուկ Մկրտչյանը: Բայց մինչ այդ ինքն էլ էր զարմանում, թե ինչպես են աշխատում կրթության ոլորտի մասնագետները։ «Հիմա ես որ նայում եմ մեր դպրոցների վիճակը, անկեղծ ասած, իսկապես տարեցտարի լուրջ հաջողություններ ենք ունենում: Բայց հաստատ, ցանկացած անգլիացի, ցանկացած ամերիկացի երբ գա տեսնի՝ աչքերը կկլորացնի ու կհարցնի` ի՞նչ են ստանում, որ աշխատում են, այդ ո՞նց է լինում, որ այսպիսի հաջողություններ են ունենում։ Բայց դա մեր անձնական գաղտնիքն է: Ամեն մեկս առանձին գիտենք, թե ինչի հաշվին` առողջության, ներվերի, թե ինչի արդյունքում, բայց երբ գիտենք, որ գործը պետք է արվի` ոչ մի բանի չենք նայում: Ինձ թվում է Հայաստանում ամենաշատը դա վերաբերում է կրթության ոլորտի աշխատողներին»։

Մանուկ Մկրտչյանը նախապես խոստացավ, որ պատասխանելու է բոլոր հարցերին` հետագայում ուսումնական ընթացքում զանգերի տարափից խուսափելու համար: Բայց նաեւ հստակեցրեց, որ պատասխանելու է միայն բարյացակամ հարցերին, չարամիտ հարցերը կմնան անպատասխան: Նաեւ հիմնավորեց. «Նույնիսկ անմեղ եւ նուրբ ձայնով հնչեցված հարցը լսելիս՝ միանգամից հասկանում ես, թե որն է այդ հարցի պատճառը»։ Ու չնայած զգուշացմանը, փոխնախարարին փոխանցված գրավոր հարցերից հենց առաջինը նրան դրուր չեկավ, այսինքն` միանգամից ընկավ չարամիտ դասակարգման մեջ: «Գաղտնիք չէ, որ անհեռատես, հաճախակի փոփոխվող, ոչնչով չհիմնավորված քայլերի շնորհիվ հասարակության մեջ հանրակրթության նկատմամբ կա բացարձակ անկումային տրամադրություն»,- նման «չարամիտ» հարցին փոխնախարարը պատասխանեց. «Դեկլարատիվ պնդում է,  հարցը դրեցինք մի կողմ»։

Ի դեպ` ավանդական խորհրդակցության կազմակերպիչները պնդում էին, որ այս անգամ ձեւաչափի մեջ տեղի է ունեցել փոփոխություն: Այն կանցնի ավելի ազատ եւ բոլոր հարցերը կստանան պատասխաններ։

Ցուցադրել ավելի
Back to top button