ԿարևորՔաղաքական

ԼՂՀ ԱԺ. ԱՄՆ որպես պետություն կազմավորվել է ինքնորոշման իրավունքի իրացման արդյունքում

Լուսինե Ավանեսյան
«Ռադիոլուր»- Ստեփանակերտ

Այսօր ԼՂՀ Ազգային ժողովի խմբակցություններն ու պատգամավորական խումբը արձագանքելով ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Սենատի օգոստոսի 28- բանաձևին, որով նահանգային ՍԵնատը աջակցել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությանը եւ նրա ժողովրդի ազատ զարգացմանը, հանդես են եկել հայտարարությամբ։

«Արցախցի պատգամավորները գոհունակությամբ նշելով, որ Արցախի անկախության եւ նրա ժողովրդի ազատ զարգացման աջակցությունը Ամերիկայի Միացյալ Նահանգների արդեն հինգերորդ նահանգի կողմից է դրսեւորվում՝ իրենց երախտագիտությունն են հայտնել Կալիֆորնիայի ազգաբնակչությանը, Արցախի բարեկամ քաղաքական գործիչներին ու մեր հայրենակիցներին, ում ջանքերի շնորհիվ է նաեւ, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային ճանաչումը ստանում է նորանոր արձանագրումներ։

Ըստ ԼՂՀ խորհրդարանական ուժերի` Ամերիկայի Միացյալ Նահանգները՝ որպես պետություն, կազմավորվել է ինքնորոշման իրավունքի իրացման արդյունքում, իսկ նրա զարգացման եւ հզորացման աղբյուրը մշտապես եղել է ազատության եւ հավասարության սկզբունքը»։

Արցախի Ազգային ժողովի հայտարարության մեջ ասվում է, որ նահանգային օրենսդիր մարմինների բանաձեւերը հույս են ներշնչում, որ ԱՄՆ-ը, որպես ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի միջնորդ երկիր, անարձագանք չի թողնի օրենսդիրների հորդորները եւ կսատարի միջազգային իրավունքի նորմերին ու սկզբունքներին համապատասխան ինքնորոշված արցախահայության ձգտումները:

Հայտարարությունը ստորագրել են ԼՂՀ Ազգային ժողովի «Դաշնակցություն», «Ժողովրդավարություն», «Հայրենիք» խմբակցությունները եւ«Արցախատուն» պատգամավորական խումբը։

 

 

 

 

Ցուցադրել ավելի
Back to top button