Հասարակություն

ԵԿՄ ուխատգնացությունը Արցախ

Սաթիկ Իսահակյան
«Ռադիոլուր»- Արցախ

Գիտելիքի ու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրերին ընդառաջ կազմակերպված ուխտագնացության ընթացքում ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանը Մարտակերտի և Հադրութի վարչական շրջաններում հետևել է տնտեսական փոփոխություններին, ծանոթացել տեղացիների բարոյահոգեբանական վիճակին, որը միշտ բարձր է և նրանք միշտ պատրաստ են մարտնչելու յուրաքանչյուր թիզ հողի պահպանման համար: Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում Մանվել Գրիգորյանը հանդիպել է հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ, քննարկել մի շարք հարցեր , այդ թվում նաև հանրապետության տնտեսական զարգացման և երկրի պաշտպանության մասին: «Շատ լավ է, որ ժողովրդի մեջ ինքնավստահություն կա և կարևոր է, որ առանց զորահավաքի կռված-ծառայած տղերքը, ովքեր հիմա բանակում չեն, գնացել ու կանգնել են զինվորի կողքին ու պաշտպան կանգնել մեր երկրի սահմաններին»,- ասել է Մանվել Գրիգորյանը՝ անդրադառնալով վերջին շրջանում տեղ գտած դիվերսիոն գործողություններին:

Ուխտագնացությանը մասնակցել են հազարից ավելի երկրապահներ, այդ թվում նաև պատանի և երիտասարդ երկրապահ կամավորականներ: Հադրութի շրջանի Տող գյուղի վարչական տարածքում ուխտավորները տեղակայվել էին վրանային ճամբարներում, որտեղ էլ կազմակերպվել էր երկրապահների պարգևատրման արարողությունը: Միջոցառմանը մասնակցել են Ացախի թեմի առաջնորդ տեր Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Արցախի հանրապետության նախագահ Բակո Սահակյանը, պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը, փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը և այլ պաշտոնատար այրեր: Ուխտավորներին իր օրհնության ու ոգեկոչման խոսքն է հղել սրբազան հայրը. «Ուխտ նշանակում է երդում, զինվոր, բանակ, հայրենիք, մարդ, աստված: Թող աստված այս ուխտը ավելի զորեղ դարձնի մեր հայրենիքի անվտանգության համար, աստծո փառքի համար: Մենք բոլորս ուխտակիցներ ենք, և մեր ճանապարհը մեկն է՝ դեպի հաղթանակ, դեպի խաղաղություն և անվտանգություն: Թող տերն այս ուխտը միշտ ի կատար ածի»։

Արցախի հանրապետության նախագահը բարձր է գնահատել բանակի, 5-րդ բրիգադի և երկրապահ կամավորականների դերը Արցախի ազատագրման ու պաշտպանության , բանակի ստեղծման գործում: Արյան գնով ազատագրած պետությունն այսօր ազատ և անկախ հանրապետություն է, որն ունի իր խորհրդանիշերը, որի առջև խոնարհվում ենք բոլորս: Բանակի շնորհիվ մենք բարձր ենք պահում մեր արժանապատվությունը, որը թույլ է տալիս աշխատել և ստեղծագործել:

«Յորւաքանչյուր հայի համար մեծ պատիվ է ծառայել հայկական բանակում, այն մեր արժանապատվությունն է: Երկրապահ կամավորականների միությունը հայկական զինված ուժերի ստորաբաժանումներից մեկն է, պատիվ է լինել այդպիսի բանակի զինվոր, պատիվ է լինել այդպիսի բանակիհրամանատար: Այն, որ մենք անհաղթելի ենք,և այդ դատողությունը խորը տեղ է գտել մեր մտածելակերպում, մեր գիտակցության մեջ, ուղղակի ճշմարտություն է, որի խաչ մենք ենք կրում ենք, որը թույլ է տալիս ասելու, որ մենք անհաղթելի ենք»,- ասել է Բակո Սահակյանը։

Հանդիսավոր արարողության ընթացքում երկու տասնյակից ավելի ազատամարտիկներ պարգևատրվեցին «ԵԿՄ 20- ամյակ» մեդալներով, իսկ զոհված ազատամարտիկներ Նորայի Դանիելյանն ու Համլետ Մարտիրոսյանը հետմահու պարգևատրվեցին ԵԿՄ բարձրաագույն պարգևով՝ «Վազգեն Սարգսյան» հուշամեդալով:

Հանդիսավոր արարողությանը մարտական պատրաստվածության ցուցադրական ելույթներով հանդես են եկել պատանի երկրապահները, ելույթ ունեցել Սպայի տան «Զորական», «Տավուշ» պարային, «Էջմիածին» վոկալ համույթները։

 

 

Ցուցադրել ավելի
Back to top button