Հասարակություն

Բնապահպանների դիտարկումներով փոքր 35 ՀԷԿ- եր էկոլոգիական խախտումներ են թույլ տալիս

«Փոքր ՓՀԷԿ- երի կառուցման և շահագործման ժամանակ բնապահպանության նախարարության ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այս գործընթացի տարբեր փուլերում առաջանում են բնապահպանական լուրջ խնդիրներ, ոլորտը դարձել է բարձր ռիսկայնության, հասարակության դժգոհությունը գնալով մեծանում է: Վերջին 4 ամսում իրականացվել են 18 ՓՀԷԿ-երի ստուգումներ, կազմվել է 1,7 մլն դրամի վարչական տուգանքի որոշում, իսկ շրջական միջավայրին հասցրած վնասը հաշվարկվել է մոտ 474 մլն դրամ: Թիրախային դաշտում են հայտնվել Տավուշի, Վայոց ձորի, Գեղարքունիքի, Սյունիքի և Լուռու մարզերի ՓՀԷԿ-երը»,- բնապահպանության նախարարությունում այսօր հրավիրված խորհրդակցության ժամանակ հայտարարել է ԲՆ բնապահպանական պետական տեսչության պետի տեղակալ Մարզպետ Քամալյանը։

Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը` նա առաջարկել է իրականացնել ոլորտը կարգավորելու համար անհրաժեշտ մի շարք գործողություններ, այդ թվում` վերանայել ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված էկոլոգիական թողքերի թույլատրելի ծավալները՝ հաշվի առնելով, որ էկոլոգիական թողքը պետք է հաշվարկվի` ելնելով կոնկրետ տվյալ ջրահավաք ավազանի էկոհամակարգի պահպանության կարիքներից` նկատի ունենալով տվյալ օբյեկտի էկոլոգիական առանձնահատկությունները (օրինակ` սահմանել ծավալները յուրաքանչյուր ամսվա համար կամ դադարեցնել այդ ամիսներին ՓՀԷԿ-երի աշխատանքները) և այլն:

Խորհրդակցության ժամանակ Փոքր ՀԷԿ-երի միության նախագահ Նաիրա Նահապետյանը նշել է, որ այս ՀԷԿ- երը ռազմավարական նշանակություն ունեն մեր երկրի համար եւ պետք չէ առանձին բացթողումները տարածել բոլորի վրա և միանշանակ քննադատաբար մոտենալ ամբողջ ոլորտին։ «Մենք պետք է հնարավորնն անենք այս ոլորտի կայուն զարգացումն ապահովելու համար, քանի որ մենք տեսել ենք 1990-ականների հոսանքազրկումները և գիտակցում ենք ՓՀԷԿ-երի կարևորությունը էներգետիկայի ոլորտի կայուն զարգացման համար: Այո, կան որոշակի խնդիրներ, որոնք վերջին տարիներին ավելի շատ կապված են սակավաջրության հետ և չի կարելի հարցերը միակողմանի դիտարկել»,- ասել է նա։

Իսկ ահա բնապահպան Լևոն Գալստյանը նշել է, որ իրենց դիտարկումներով հանրապետության մոտ 35 ՓՀԷԿ-երում չեն պահպանվում էկոլոգիական թողքերը, ձկնանցարանները չոր են և այլն:

Եզրափակելով քննարկումը՝ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը շեշտել է, որ այսուհետ ԲՆ առավել խիստ վերահսկողություն է սահմանելու ՓՀԷԿ-երի գործունեության նկատմամբ՝ բնությանն ու շրջակա միջավայրին հասցվող վնասները նվազագույնի հասցնելու նպատակով, ինչպես նաև նշել է, որ ջրաբաշխման մեջ առաջնահերթությունը տրվելու է ոռոգման նպատակով իրականացվող ջրբացթողումներին՝ հաշվի անելով տարվա սակավաջրությունը:

Ցուցադրել ավելի
Back to top button