Հասարակություն

Արցախը պատրաստվում է Հանրապետության տոնին

Լուսինե Ավանեսյան
«Ռադիոլուր»- Ստեփանակերտ

Այս օրերին Արցախում պատրաստվում են նշել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման օրը: Տոնական միջոցառումները արդեն մեկնարկել են, դրանք տեղի են ունենում համարյա բոլոր բնակավայրերում: Միջոցառումների կենտրոնատեղին, բնականաբար, Ստեփանակերտն ու Շուշին են, որտեղ Հանրապետության տոնին ընդառաջ մշակութային իրադարձություններ են տեղի ունենում։

Ստեփանակերտում սեպտեմբերի 2- ին տոնական մեծ համերգ է լինելու, որն ուղեկցվելու է հրավառությամբ, սակայն մինչ այդ էլ քաղաքացիներն ու հյուրերը մի շարք գեղեցիկ միջոցառումների մասնակցելու հնարավորություն ունեն: Ստեփանակերտի պատկերասրահում բացվել է Հայաստանի և Արցախի նկարիչների համատեղ ցուցահանդեսը, որին մասնակցել են 73 արվեստագետներ՝ ներկայացնելով 103 գործ:

Հետաքրքիրն այն է, որ Արցախի հանրապետության տոնին նվիրված ցուցահանդեսի մասնակիցները այն ավելի շատ բարոյական կողմից են գնահատում, քան մշակութային։ Չեխայից ժամանած արմատներով արցախցի Աշոտ Առաքելյանը կցանկանար, որ արվեստագետների միասնությունը ընդօրինակելի լինի բոլոր կարգի հարբերությունների համար։

Տոնական միջոցառումների շարքից դրանց պատասխանատու Արցախի մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը ևս երկուսն է առանձնացնում՝ Գրիգորի Գաբրիելյանցի անվան երկրաբանական թանգարանի բացումը Շուշիում սեպտեմբերի 1-ին և նույն օրը բերդաքաղաքում Ավետ Տերտերյանի «Կրակե օղակ» օպերայի արցախյան առաջնախաղը: Շուշիում այս օրերին ուրախանալու այլ առիթ էլ են ունեցել:

Բացվել է Շուշիի տիկնիկային թատրոնի դահլիճը, որն իր բնույթով առաջինն է Արցախում: Շուշիի համար տեղի ունեցածը խորհրդանշական է: Տիկնիկային թատրոնի խումբը ստեղծվեց 90-ականներին: Շուշիի «Վարանդա» երգչախմբի ղեկավար Զաքար Քեշիշյանն հիշում է, որ այդ օրերին երեխանները փորձերի էին գալիս նույնիսկ կիսաքաղց: Խորհրդանշական է, որ թատրոնի առաջին ղեկավարներից Կարինե Մաղաքյանը նորաբաց դահլիճում էլ իր սաներին հաց էր բաժանում, որի կարիքն այնքան ունեին դժնդակ օրերին։

Նոր դահլիճ տեղափոխված տիկնիկայինը, որն այժմ գործում է Խանդամիրյանի անվան թատրոնի կազմում, հիմա զբաղված է ներկայացումների ցանկը թարմացնելու գործով, խոստանում են, որ մանուկներին հասցեագրված նոր ծրագիրը չի ուշանա։

Ցուցադրել ավելի
Back to top button