Միջազգային

Օբաման սպառնում է Ռուսաստանին, Պուտինը դիմում է անջատողականներին

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ Ուկրաինայում իրավիճակը ապակայունացնելու Ռուսաստանի գործողություններն առանց հետեւանքների չեն անցնի։ Նրա խոսքով՝ ողջ աշխարհի համար ակնհայտ է, որ Ուկրաինայում ռազմական գործողությունները վարում են ռուսական զորքերը։

ԱՄՆ նախագահը նաեւ հեռախոսազրույց է ունեցել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ։ «Եթե եղել են ինչ- որ կասկածներ, ապա այժմ համակարծիք ենք, որ Ռուսաստանն է կրում Ուկրաինայի արեւելքում բռնությունների պատասխանատվությունը»,- հայտարարել է Օբամա՝ն ամփոփելով Մերկելի հետ զրույցի արդյունքները։

ՆԱՏՕ- ն էլ հրապարակել է արբանյակային լուսանկարներ, որոնք, ըստ դաշինի ներկայացուցիչ Օանա Լունգեսկի, ապացուցում են, որ ռուսական ռազմական ուժերը մասնակցում են Ուկրաինայի տարածքում ռազմական գործողություններին։ ՆԱՏՕ- ի բրիգադային գեներալ Նիկո Տակը հայտարարել է, որ դաշինքը երկու շաբաթ հետեւել է Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական մասնակցության էսկալացիային։ Նրա խոսքով՝ ՆԱՏՕ- ն հայտնաբերել է «ժամանակակից տիպի մեծ քանակի սպառազինություններ, այդ թվում՝ զենիթային սարքավորումներ, հրանոթներ, տանկեր եւ զրահամեքենաներ»։

Նախօրեին Լիտվայի նախաձեռնությամբ հրավիրվել է ՄԱԿ- ի Անվտանգության խորհրդի նիստ՝ Ուկրաինայում իրավիճակը քննարկելու համար։ ԱԽ անդամները մերժել են Ուկրաինայում կրակը դադարեցնելու Ռուսաստանի հայտարարության նախագիծը։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն էլ կոչ է արել Ուկրաինայի իշխանություններին դադարեցնել ռազմական գործողությունները եւ նստել բանակցությունների սեղանին, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ Պուտինը նաեւ անջատողականներին կոչ է արել հումանիտար միջանցք բացել շրջափակման մեջ հայտնված Ուկրաինակի զինծառայողների համար, որպեսզի նրանք դուրս գան մարտական գործողությունների շրջանից։

Ցուցադրել ավելի
Back to top button