Հասարակություն

Վրաերթի ենթարկվող հետոտների մեծ մասը մինչեւ 16 տարեկան երեխաներն են

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

Ճանապարհն անցնել միայն հետիոտնի համար նախատեսված անցումներով, առավել զգոն լինել, երեխաներին էլ դպրոց ուղեկցել ոչ թե շարասյուներով, այլ մեկ մեքենայով եւ դպրոց հասնելուց հետո անմիջապես ազատել ճանապարհի բանուկ հատվածը: Նոր ուսումնական տարվա մեկնարկին նախապատրաստվում են նաև ճանապարհային ոստիկանությունում: Ոստիկանապետի կարգադրությամբ՝ աշխատանքներն սկսվել են օգոստոսի 25-ից և կավարտվեն հոկտեմբերի մեկին: ՃՈ ներկայացուցիչները հանդիպումներ են կազմակերպում դպրոցներում, նրանց տրամադրում են ճանապարհային երթևեկության կաննոները սովորեցնող գրքույկներ: 

Հանդիպումներ դպրոցներում, ճանապարհներին մոտ գտնվող հանրակրթական ուսումնական հաստատությունների դիմաց հետիտոնային անցումներ ու գծանմուշներ, սեպտեմբերի 1- ից արդեն առավոտյան ութից հերթապահություն դպրոցներին մերձակա հատվածներում: Ինչպես կրթության ու գիտության նախարարության, այնպես էլ ճանապարհային ոստիկանության համար աշխատանքային եռուն շրջան է: Ոստիկանապետի կարգադրությամբ՝ նախապատրաստական աշխատանքները սկսվել են օգոստոսի 25- ին և կավարտվեն հոկտեմբերի 1- ին։ ՃՈ ճանապարհապարեկային ծառայության պետ, ոստիկանության գնդապետ Նորիկ Սարգսյանն այսօր աշակերտներին և ուսանողներին հորդորեց զգոն լինել. «Ամառային չարաճճի հանգստից հետո փորձեն միանգամից երեխաները գան զգոն վիճակի, գիտակցեն, որ ամեն ինչ իրենց անվտանգության համար է արվում: Ճանապարհը անցնեն այն վայրերով, որտեղ կան գծանշումներ»։

Աշակերտներին ուղղված կոչը պատահական չէ, վիճակագրությունը ցույց է տալիս, որ նախորդ տարի մինչև տասնվեց տարեկան երեխաների մասնակցությամբ տեղի է ունեցել 29 ՃՏՊ, որի հետևանքով զոհվել է մեկ և վիրավորվել 30 երեխա: Պատահարները, իդեպ, անցյալ ուսումնական տարվա միամսյակի ընթացքին չեն վերաբերում։ Նորիկ Սարգսյանն այսօր հատուկ կոչ- ուղերձ ուներ նաև երեխաներին դպրոց ուղեկցող ծնողներին. «Երեխաներին դպրոց բերել մեկ տրանսպորտային միջոցով, իջեցնելուց հետո անմիջապես ազատել ճանապարհի բանուկ մասը։ Աստիճանաբար պակասում է երեխային երկու-երեք մեքենայով դպրոց ուղեկցելը, կարծում եմ, որ այս տարի նման դեպքեր չեն լինի»,- ասաց։

ՃՈ ճանապարհապարեկային ծառայության պետը, իհարկե, հատուկ կոչով դիմեց վարորդներին՝ առավել զգոն լինել, ավելորդ շտապողականություն չցուցաբերել և զիջել ճանապարհը հետիոտնին։ «Չի բացառվում, որ ամեն վայրկյան հատկապես դպրոցի մոտակայքով անցնելիս որևիցե երեխա հայտնվի ճանապարհի բանուկ մասում»։

Նորիկ Սարգսյանը նաև որոշ ընդհանուր թվեր ներկայացրեց՝ 2014թ առաջին կիսամյակում ՀՀ գրանցվել է 1370 ՃՏՊ , որոնց հետևանքով զոհվել է 133 և մարմնական վնասվածքներ ստացել 1925 մարդ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ՃՏՊ-ի քանակը 149-ով ավելացել է, 178-ով ավելացել է նաև վիրավորների թիվը, զոհերի թիվը նվազել է 10- ով։ «Սրանց մեջ մեկ երրորդը որպես կանոն բաժին է ընկնում հետիոտնի վրաերթերին: Ամենախոցելի տարրը որպես ճանապարհային երթևեկության մասնակից մինչև 16 տ երեխաներն են, ովքեր հանկարծակի հայտնվում են մեքենայի առաջ»։

ՃՈ ներկայացուցիչը վստահեցրեց, որ նման դեպքերում վարորդն ազատվում է պատասխանատվությունից և մեկ անգամ ևս հետիոտներին կոչ արեց՝ ճանապարհն անցնել միայն վերջիններիս համար նախատեսված վայրերով։

Ցուցադրել ավելի
Back to top button