Հասարակություն

Սեռով պայմանավորված հղիության ընդհատումներով Չինաստանին ու Ադրբեջանին հաջորդում է Հայաստանը

Ալիսա Գեւորգյան
«Ռադիոլուր»

Հղիության արհեստական ընդհատումներն Հայաստանում օրենքով թույլատրվում է։ Մինչև 12 շաբաթական ժամկետում այն կատարվում է կնոջ կամքով, իսկ դրանցի հետո, միայն եթե կան բժշկական և սոցիալական ցուցումներ, 22 շաբաթականից հետո արհեստական ընդհատումը կատարվում է, այն էլ՝ ծննդաբերության ճանապարհով, եթե մոր կամ պտղի կյանքին վտանգ է սպառնում։

Այսօր չկա հստակ վիճակագրություն, թե տարեկան քանի ապագա մայր է ընդհատում հղիությունը, ասում է առողջապահության նախարարության մոր և մանկան առողջության պահպանման վարչության պետ Կարինե Սարբեկյանը և նշում՝ կինը շատ հաճախ կարող է ընդհատել հղիությունը` չասելով որ սեռն է պատճառը: Պատկերն ակնհայտ է լինում, երբ հաշվարկվում են ծնունդները: Ճիշտ հարաբերակացությունը 100 աղջկան 106 տղա է: Նախարարության ներկայացուցչի տվյալներով` առաջին երեխայի դեպքում սելեկտիվ աբորտի խնդիր չկա, երկրորդի դեպքում՝ հավանականությունը փոքր է, իսկ երրորդի պարագայում արդեն պատկերն այլ է։

ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի կատարած ուսումնասիրությունները ցույց են տվել, որ տարեկան միջինը 1500- 2000 աղջիկ չի ծնվում: Սկսած 1993 թվականից Հայաստանում մինչև 21 տարկան 50 հազար տղա ավելի է ծնվել, քան՝ աղջիկ: Հռետորական հարց է ծագում, ինչպե՞ս պետք է գտնեն մեր տղաներն իրենց զույգին:

ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանը մտահոգված է՝ եթե այս պատկերը շարունակվի, ապա մինչև 2060 թվականը Հայաստանում չի ծնվի 100 հազար ապագա մայր: Ոլորտը վերահսկողների խոսքով` Հայաստանում խնդիրն ի հայտ է եկել մոտ 20 տարի առաջ: Այս երևույթը համեմատաբար ավելի երիտասարդացել է, քանի որ 1992- 93 թվականներից Հայաստանում հասանելի դարձան գերձայնային հետազոտությունները: Առողջապահության նախարարությունը փորձեց օրենքով թույլ չտալ սեռով պայմանավորված հղիությունների ընդհատումը: Արգելում էին սեռն ասել հղիության որոշ ժամկետներում, սակայն այդ որոշումն այսօր վերանայման փուլում է: Կարինե Սարիբեկյանը կարծում է, որ պետք է գտնել լավագույն լուծումը՝ աշխարհի լավագույն փորձն ուսումնասիրելով:

ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի գործադիր ներկայացուցիչը նույնպես կիսում է կարծիքը, որ միայն օրենքն անզոր է խնդիրը լուծելու համար: Ըստ նրա` միակ լուծումը մտածելակերպի փոփոխությունն է: Օրենքով ոչ մի կերպ խնդիրը լուծել հնարավոր չէ:

ՄԱԿ-ը փորձում է աշխատել սոցապ նախարարության հետ: Մշակվում է օրենքների փաթեթ` ըստ որի երրորդ և չորրորդ աղջիկ երեխաների համար սոցիալական առավելություններ կսահմանեն: Այս խնդրով մենք աշխարհում երրորդն ենք Չինաստանից և Ադրբեջանից հետո: Սակայն Հայաստանը մեր տարածաշրջանում առաջինն է, որը հասկացել է խնդրի լրջությունն ու փորձում է քայլեր ձեռնարկել այն շտկելու համար`ի տարբերություն Ադրբեջանի և Չինաստանի, որտեղ խնդիրը դեռ հետազոտությունների փուլում է։

 

Ցուցադրել ավելի
Back to top button