ԿարևորՀասարակություն

Կարեւորը՝ յուրաքանչյուրն իր բնագավառում լինի լավագույնների շարքում. նախագահն ընդունեց լավագույններին

Կարեն Ղազարյան
«Ռադիոլուր»

«Կենգուրու» միջազգային մաթեմատիկական մրցույթի հաղթող եւ մարզերում ու տարիքային խմբերում լավագույն արդյունք ցուցաբերած աշակերտները, այս տարվա մեդալակիր շրջանավարտներն ու միջազգային օլիմպիադաներում մրցանակների արժանացածներն այսօր Հայաստանի նախագահի հյուրերն էին։ Նրանց շնորհավորել է երկրի ղեկավարը` մաղթելով նպատակասլացություն, քանի որ հենց դրա շնորհիվ են ձեռքբերումները դառնում շարունակական։

Ֆիզիկայի եւ աստղագիտության բնագավառում միջազգային օլիմպիադաներում արծաթե եւ բրոնզե մեդալ շահած Վարդգես Մամբրեյանն արդեն ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի ուսանող է: Իր ապագան տեսնում է գիտության մեջ։ Համոզված է, որ ունի ներուժ եւ կարծում է, որ այն կարող է ամբողջությամբ օգտագործել միայն արտասահմանում։

Դրսում սովորելուն դեմ չէ նաեւ երկրի ղեկավարը: Սերժ Սարգսյանից այս հարցով հետաքրքրվեց աշակերտներից մեկը: Երկրի ղեկավարի նախասիրությունները եղել են հայոց պատմությունը, ապա` հայոց լեզուն ու նրա անցած ճանապարհը: Բնագավառներ, որոնք ամենալավը հնարավոր է սովորել հենց Հայաստանում: Բոլոր դեպքերում՝ նախագահը նկատեց, որ ժամանակակից աշխարհում բոլոր ոլորտներում լավ մասնագետ լինելու համար անհրաժեշտ են ջանքեր:

Երկրի ղեկավարը մաղթեց, որ հաջողության հասած աշակերտները չբավարարվեն ձեռքբերածով. արդեն բավականաչափ բարձր նշաձող է սահմանված եւ նրանք իրավունք չունեն դրանից ցածր արդյունքներ ցուցաբերել։

Նախագահը պատասխանեց նաեւ իրեն հյուրընկալած պատանիներին ու աղջիկներին հետաքրքրող հարցերին: Հետաքրքրությունները բազմազան էին` կրթական համակարգում սպասվող ծրագրերից սկսած, մինչեւ պետական կառավարմանը վերաբերող խնդիրներ։

Կրթության ոլորտում ծրագրերը շատ-շատ են, սակայն կարեւորն արդյունքներն են: Նախագահը շեշտեց, թե տարիներ առաջ, երբ խոսվում էր ոլորտի փլուզման մասին, ինքը համաձայն չէր այդ տեսակետին: Համակարգը պետք էր համապատասխանեցնել միջազգային չափանիշերին, քանի որ որեւէ երկիր չունի ապագա` առանց ժամանակակից կրթական համակարգի: Ոլորտի զարգացումը երկրի առաջնահերթություններից է, իսկ արդյունքն ու դրա վկայությունը` հենց միջազգային մրցույթներում նվաճված մեդալներն են, վկայակոչեց նախագահ Սարգսյանը։

Արձագանքելով նաեւ անձնական բնույթի հարցերի` նախագահ Սարգսյանն ասաց` կցանկանար, որ իր թոռնիկները դառնային լավ մասնագետ եւ կարեւոր չէ, թե որ բնագավառում: Կարեւորն այն է, որ յուրաքանչյուր մարդ իր բնագավառում լինի լավագույնների շարքում։

Հարցերից մեկին էլ արձագանքելով` Սերժ Սարգսյանն ասաց, թե դեմ չէ, որ ապագայում, ասենք` 25 տարի անց, Հայաստանն ունենա կին նախագահ: «Այն ժամանակ կլինեմ 85 տարեկան եւ հաճույքով կքվեարկեմ կին նախագահի օգտին»,- ասաց երկրի ղեկավարը` հավելելով, որ միայն թե այդ թեկնածուի առավելությունը զուտ կին լինելը չլինի: Ներկայումս էլ պետությունը պետական կառավարման խնդրում շահագրգիռ է կանանց ներգրավվածությամբ, եզրափակեց նախագահ Սերժ Սարգսյանը։

Ցուցադրել ավելի
Back to top button